Գլխավոր Լրահոս

«Անատոլիական փյունիկ - 2026». թուրք-ադրբեջանական զորավարժությունները և վտանգը Սյունիքի համար

«Անատոլիական փյունիկ - 2026». թուրք-ադրբեջանական զորավարժությունները և վտանգը Սյունիքի համար

Գրիգորի Սահակյան

Ապրիլի 17-ին թուրքական Քոնիա ավիաբազայում ավարտվեցին  «Անատոլիական փյունիկ - 2026» անունը կրող տասնօրյա զորավարժությունները։ Այս զորավարժությունները տարածաշրջանի ռազմաքաղաքական օրացույցում կարևոր տեղ ունեին։ 

Այն, ինչ թղթի վրա ներկայացված է որպես մարտական պայմաններում որոնողափրկարարական գործողությունների մշակում, մանրակրկիտ վերլուծության դեպքում նմանվում է բարդ լանդշաֆտների պայմաններում ուժային վերահսկողության հաստատման փորձի։ Այս անգամ վարժանքները հատուկ կշիռ ստացան աշխարհաքաղաքական եզակի ֆոնի պատճառով՝ Իրանի շուրջ շարունակվող ճգնաժամի և TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) ծրագրի ստորագրման պայմաններում։ Հայաստանի համար այս զորավարժությունների պրոյեկցիան Սյունիքի վրա դառնում է ոչ թե պարզապես փորձագիտական քննարկումների առարկա, այլ առաջիկա ամիսների ռիսկերի ուղիղ հաշվարկ։

«Անատոլիական փյունիկի» ռազմական բաղադրիչը 2026-ին դուրս եկավ անձնակազմերի հումանիտար փրկության շրջանակներից։ Ադրբեջանի ՌՕՈւ Սու-25 գրոհիչների օգտագործումը թուրքական F-16-ների հետ համատեղ և հատուկ նշանակության ստորաբաժանումների ակտիվ ներգրավումը՝ «մարտական գործողությունների գոտու մեկուսացման» սցենարով, ուղղակիորեն վկայում է լեռնային սահմանամերձ գոտում գործողությունների նախապատրաստման մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս ասել է՝ «Զանգեզուրի միջանցքն արդեն պարզապես բանակցությունների թեմա չէ, այլ պատմական արդարության հարց, որը լուծվելու է այսպես թե այնպես»։ 

Ադրբեջանի նախագահի նախկին հայտարարությունները, որ «եթե Հայաստանը չցանկանա, մենք դա կլուծենք ուժով», այսօր հենվում են Քոնիայում ձեռք բերված օպերատիվ փոխգործունակության վրա։ Այս զորավարժությունները Ադրբեջանի և Թուրքիայի միջև 2021-ին ստորագրված դաշնակցային՝ Շուշիի հռչակագրի իրականացման հերթական փուլն են։ Դրանք ադրբեջանական բանակը վերածում են թուրքական ռազմական մեքենայի օրգանական շարունակության։ Միջանցքի հարցը ուժային հարթություն տեղափոխվելու դեպքում այդ դաշնակցությունը Բաքվին թույլ կտա գործել Սյունիքում՝ հնարավոր միջազգային մեկուսացման պայմաններում՝ հենվելով Անկարայի լոգիստիկ և հետախուզական «հովանոցի» վրա։

Իրանի թուլացած գործոնը

Այսօրվա համատեքստն արմատապես տարբերվում է անցյալ տարիների իրավիճակից՝ Իրանում տեղի ունեցող պատերազմի պատճառով։ Թեհրանը, որը տարիներ շարունակ Սյունիքը որակում էր որպես իր «կարմիր գիծ», այժմ ստիպված է կենտրոնանալ սեփական վարչակարգի գոյատևման վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ենթակառուցվածքներին և ՀՕՊ օբյեկտներին հասցված լայնամասշտաբ հարվածներից հետո Հարավային Կովկասում սահմանների փոփոխության վերաբերյալ իրանական արգելքը ավելի թույլ է հնչում։ 

Իրանի կենտրոնացումը ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ հարձակումների վրա և նրա ազդեցության թուլացումը Հարավային Կովկասում «հնարավորությունների պատուհան» է բացում Անկարայի ու Բաքվի համար։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զորավարժությունների ֆոնին հերթական անգամ հաստատել է, թե «Թյուրքական աշխարհը միավորվում է, և եղբայրների միջև լոգիստիկ արգելքները պետք է վերանան»։ Բաքվի և Անկարայի համար Իրանի թուլացումը ազդանշան է, որ Սյունիքի գործերին Թեհրանի ուղղակի ռազմական միջամտության հնարավորությունը էապես նվազ է։

Այս ֆոնին շարունակում է արժեզրկվել նաև Ռուսաստանի դերը։ Կաշկանդված լինելով Ուկրաինայի պատերազմով՝ Մոսկվան փորձում է պահպանել ազդեցությունը Բաքու-Անկարա տանդեմի նկատմամբ «բարյացակամ չեզոքության» միջոցով՝ հուսալով պահպանել Թուրքիան որպես առանցքային լոգիստիկ առանցք։ Սակայն այս ռազմավարությունը հանգեցնում է նրան, որ Ռուսաստանը մոդերատորից վերածվում է դիտորդի։ 

Թեև Ադրբեջանը խաղաղության գործընթացը շաղկապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ, Մոսկվան պահպանում է լռություն, որը Երևանում ընկալվում է որպես հետագա ճնշումների արտոնություն։ 

Գյումրիի ռուսական 102-րդ բազայի շուրջ իրավիճակը մնում է առկախ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաստատելով բազայի անհապաղ դուրսբերման պլանների բացակայությունը, միաժամանակ արձանագրում է նոր իրողություն. «Հայաստանն իր ուժերով վերահսկողության տակ է վերցնում իր սահմանները, և երկրի անվտանգությունը պետք է դիվերսիֆիկացվի»։ 

Այս հայտարարությունը, որն արվել է «Զվարթնոցից» ռուս սահմանապահների հեռանալու ֆոնին, ընդգծում է այն օրհասական փուլը, որում գտնվում է Երևանը. անվտանգության հին ճարտարապետությունը (ՀԱՊԿ) արդեն ապամոնտաժված է, իսկ նորը՝ արևմտյան և հնդկական ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև ամերիկյան V-BAT անօդաչուների վրա հիմնված, դեռ կառուցված չէ։

TRIPP-ը նոր իրողություն է ստեղծում 

TRIPP համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանային հաղորդակցությունների հարցը քննարկումների տիրույթից տանում է կատարված փաստի ռեժիմ։ Փաստը, որ Հայաստանը համաձայնել է երթուղու օպերացիոն կառավարումը հանձնել ամերիկյան մասնավոր ընկերության, ընդգծում է արտաքին ներգրավվածության մասշտաբը։ Բաքուն այդ քայլը հմտորեն օգտագործում է ոչ թե որպես դեէսկալացիայի առիթ, այլ որպես իր հետագա հավակնությունների լեգիտիմացման գործիք։ Ադրբեջանական կողմի տրամաբանությունն այժմ հենվում է ստեղծված նախադեպի վրա. քանի որ Երևանը պաշտոնապես ընդունել է երթուղու անվտանգությունն ու կառավարումն ինքնուրույն երաշխավորելու անհնարինությունը՝ այդ գործառույթները փոխանցելով երրորդ կողմին, ապա վերահսկողության իրավունքը դառնում է միջազգային սակարկության առարկա։ 

Հայ հասարակության խորը հոգեբանական հոգնածության պայմաններում Սյունիքի ճանապարհի կառավարման հանձնումն արտաքին օպերատորին ներկայացվում է որպես «փոքրագույն չարիք» և ուղղակի ռազմական բախումից խուսափելու միակ միջոց։ Գործող իշխանության համար սա դարձել է «ինքնիշխանության աութսորսինգն» օրինականացնելու փորձ, որպեսզի թույլ չտա դրա վերջնական կորուստը հօգուտ տարածաշրջանային հարևանների։

Պատերազմի մասին Փաշինյանի զգուշացումները

Ժամանակի գործոնը վերածվում է տարածաշրջանային հավասարման գլխավոր ապակայունացնող տարրի։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ հունիսյան ընտրություններում իր ուժի պարտությունը կբերի նոր պատերազմի արդեն 2026-ի սեպտեմբերին, բացահայտում են ներկայիս ճգնաժամի թաքնված մեխանիկան։ Այս մռայլ զգուշացումը թերևս հիմնված է հստակ գիտակցման վրա, որ TRIPP-ի կենսունակությունն ուղղակիորեն կապված է Երևանի ներկայիս քաղաքական կուրսի հետ։ 

Բաքվում և Անկարայում չեն թաքցնում մտավախությունները, որ Հայաստանում ռուսամետ ուժերի վերադարձն իշխանության կհանգեցնի այս տարանցիկ երթուղու անհապաղ սառեցման՝ հօգուտ Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող այլընտրանքային սցենարների։ 

Այս համատեքստում «Անատոլիական փյունիկ – 2026» զորավարժությունները ռազմավարական ուղերձի բնույթ են ստանում տարածաշրջանային բոլոր խաղացողների համար։ 

Մարտական սցենարների մշակումը ոչ միայն տեխնիկական պատրաստություն է, այլև Ադրբեջանի և Թուրքիայի պատրաստակամության ցուցադրումը «պլան Բ»-ին՝ տրանսպորտային միջանցքի աշխատանքի ուժային ապահովմանը Հայաստանում քաղաքական լանդշաֆտի կտրուկ փոփոխության դեպքում։ 

Քոնիայում իրականացվող վարժանքները պարզապես դրոշի ցուցադրություն չեն, այլ վակուումային պայմաններում պատրաստակամության ստուգում գործողության համար, որտեղ Իրանը չեզոքացված է, Ռուսաստանը՝ պասիվ, իսկ Արևմուտքը կենտրոնացած է սեփական ճգնաժամերի վրա։ 

Գրիգորի Սահակյանը Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում