«Մեր գործողությունները կարող են խոչընդոտել…, բայց մեր մտադրություններն ու կամքը կասեցնել հնարավոր չէ, քանի որ մենք կարող ենք հարմարվել և վերափոխվել։ Միտքը հարմարվում է և իր նպատակներին է ծառայեցնում այն, ինչը խանգարում է գործելուն։ Գործողության խոչընդոտը առաջ է մղում գործողությունը։ Այն, ինչ կանգնած է ճանապարհին, դառնում է ճանապարհ»։
Մարկոս Ավրելիոս, «Խորդհրդածություններ», 5.20
Վերջին վեց տարում ամեն բան խայտառակություն է
Վերջին վեց տարում տեղի ունեցած ամեն բան խայտառակություն է։ Իրականում վերջին տարիները մեր՝ որպես «երրորդ աշխարհի ժողովրդի» գործած բոլոր սխալների համախառն արդյունքն են՝ թե՛ առաջին ցեղասպանությունից հետո, թե՛ անկախության 35 տարիների ընթացքում։
Դուք, ցավոք, ժառանգել եք պարտված պետություն, բայց դուք կճեղքեք աղետալի սխալների այս շղթան, որովհետև ձախողմանը «հարմարվելը» պատվաբեր չէ։
Ձեզ դավաճանել են և ժառանգություն թողել երրորդ աշխարհի երկիր՝ երկիր, որը չի գնահատվում իր եկամտով, ՀՆԱ-ով կամ կառավարման ձևով, այլ այն հանգամանքով, որ այստեղ յուրաքանչյուր սերունդ դավաճանում է հաջորդին՝ ժողովուրդը, առաջնորդները, սփյուռքը։
Կան մարդիկ, որոնք ցանկանում են նորմալացնել ներկայիս ոչ նորմալ վիճակը։ Դրան պետք է դիմադրել, որովհետև պարտության, ձախողման և անարդարության հետ հարմարվելը պատվաբեր չէ։
Սա ուղերձ է հայ երիտասարդներին՝ ստանձնելու սերնդային պատասխանատվություն և կոտրելու դավաճանության շղթան՝ կերտելով սխալներից զերծ ուղի։ Ամեն ինչ պետք է սկսվի նորից՝ նոր մտածողությամբ․ դադարե՛ք լինել «բարի» հայ։ Դադարե՛ք լինել պարտվողներ։ Հասկացեք այսօրվա աշխարհակարգի էությունը։
Ժամանակակից ազգային գաղափարը պետք է զուգորդվի գործնականության և գերազանցության մշակույթով, խոսքի փոխարեն՝ գործողությունների և իրական գործերի առաջնայնությամբ, ինչպես նաև հայկական իրականության բոլոր ոլորտներում միջակության հանդեպ անհանդուրժող վերաբերմունքով։ Մենք պետք է աշխարհին նայենք վերջին վեց տարիների փորձի դիտանկյունից, առավել կոնկրետ՝ աշխարհի լռության դիտանկյունից։ Պատասխանել այդ լռությանը մեր պայմաններով և մեր ժամանակացույցով։
Հարատևելու համար Հայաստանը պետք է դառնա ավելի բարեկեցիկ, ռազմապես հզոր և քաղաքականապես ազդեցիկ։ Մենք պետք է ներկան ընկալենք միայն ապագայի համատեքստում։ Պետք է զարգացնենք և ընդլայնենք մեր իրապես արժեքավոր, ուժեղ կողմերը՝ ՏՏ ոլորտը, բանկային համակարգը և տնտեսության մյուս ոլորտները։ Պետք է խորացնենք տնտեսական կապերը և ինտեգրվենք արևմտյան տնտեսական համակարգին։
Կարևոր են նպատակադրված գործողությունները՝ Արևմուտքի համար արժեքավոր և այդպիսով՝ արևմտյան պետությունների ակումբի լիիրավ անդամ դառնալու համար։ Թե ժամանակը և հարևանները որքանով թույլ կտան մեզ իրագործել այդ ամենը, այլ հարց է, բայց ռազմավարական տեսանկյունից այդ ծրագրի այլընտրանքները փակուղի են տանելու։ Կարճ ասած՝ դուք պետք է սկսեք անցյալի հետ լիակատար խզումից և կերտեք նոր հայի։
Նոր հայի կերտումը պահանջում է սպանել «բարի» հային, որը միամտորեն հավատում է, թե.
- արդարությունը հնարավոր է առանց հարստության, քաղաքական և ռազմական ուժի,
- խաղաղությունը հնարավոր է առանց ինքնապաշտպանության համար ուժ կիրառելու պատրաստակամության,
- մենք պետք է հետևենք կանոններին ու ավանդույթներին, երբ խոսքը վերաբերում է մեր պետության, քաղաքակրթության և մեր երեխաների ապագայի պաշտպանությանը,
- ուրիշները կապահովեն մեր անվտանգությունը,
- մեր թշնամին բնույթով քաղաքական է, ոչ թե քաղաքակրթական,
- հարևան երկրի ռեժիմն իր բնույթով ունակ է խաղաղ համակեցության, կամ որ կարելի է ընդհանուր եզրեր գտնել մի թշնամու հետ, որը ճանաչում է միայն գերիշխանության/ենթակայության լեզուն,
- եթե աշխարհի խղճմտանքը հարուցենք, լինենք հարմարվող, զիջող ու գլուխներս խոնարհ՝ մեզ թույլ կտան ապրել ու բարգավաճել։
Չկա այս ճշմարտությունն ավելի խորհրդանշականորեն արտահայտող օրինակ, քան մեր ամենավեհ հայրենակիցներից մեկի ճակատագիրը՝ մարդկության համար մեծ տեսլական ունեցող մարդու, «Ավրորա» մրցանակի հիմնադրի, որն այսօր Բաքվի բանտում է։
Անհրաժեշտ է քսան տարվա ծրագրում և ծանր աշխատանք՝ պարտվածներից հաղթողների ազգի վերածվելու համար։ Մինչև այս պահը մենք բավարար չափով հավակնոտ չենք եղել։ Բավարար չափով չենք ատել միջակությունն ու թուլությունը։ Բավարար չափով չենք ատել նվաստացումը։
Որտեղի՞ց սկսել
Մեր գործնական նպատակը պետք է լինի մինչև 2035 թվականը մեկ շնչին ընկնող եկամուտը հասցնել 15-20,000 դոլարի՝ Արևելյան Եվրոպայի միջին մակարդակին։ Սա իրագործելի է՝ հաշվի առնելով, որ այժմ 9-10,000-ի միջակայքում ենք։ Զարգացման նոր մակարդակի հասած Հայաստանը կկարողանա ոչ միայն զսպել թշնամուն, այլև լիարժեք պաշտպանել իր երկարաժամկետ շահերը։
2000-2023 թվականներին, համաշխարհային ճգնաժամերի ու պատերազմների պայմաններում, ունեցել ենք միջինը 6,5% տարեկան աճ։ 2024-ին այդ միտումը շարունակվել է՝ երկրորդ եռամսյակում 6,4% աճով։ Չկա պատճառ, որ առաջիկա 10-15 տարիներին չկարողանանք պահպանել նույն տեմպը։
2035-ին 15,000 դոլարից բարձր ցուցանիշը մեզ կհասցնի ԵՄ ստորին եկամտային մակարդակին՝ մեր գրեթե բոլոր հարևաններից բարձր։
Աշխարհը և մեր տարածաշրջանը առաջիկա 25 տարիներին
Ոչ ոք չի կարող կանխատեսել ապագան, բայց նշմարել հիմնական միտումները հնարավոր է․
1. տարածաշրջանում շարունակվող անկայունություն և հակամարտություն՝ Իրանի դեմ նոր պատերազմի հետևանքով,
2. գլոբալ տաքացում և պայքար ջրային ռեսուրսների համար,
3. նավթի դարաշրջանի ավարտ Ադրբեջանում,
4. զանգվածային միգրացիա,
5. Եվրոպայի աջ ուժերի վերելք,
6. արհեստական բանականությամբ պայմանավորված տնտեսական վերափոխումներ,
7. անցում բազմաբևեռության։
Մենք թևակոխում ենք մի ժամանակահատված, որում կունենանք տասից ավելի Եմեններ, Սիրիաներ ու Աֆղանստաններ։ Տխուր է, բայց փաստ՝ ռեսուրսների վրա հիմնված տնտեսություններով շատ պետություններ չեն դիմանա հետածխաջրածնային անցմանը։ Օրինակ է մեր թշնամի հարևանը, որը չի արել որևէ բան՝ կառուցելու արդյունավետ տնտեսություն և սահմանափակվել է միայն հանածոների արդյունահանմամբ։
Ապագա պատերազմները լինելու են պատերազմներ ռեսուրսների համար՝ ձախողված պետությունների կողմից ժամանակակից պետությունների դեմ. պետություն չունեցող զինյալ աղքատների բանակները փախչելու են ձախողված պետություններից՝ Աֆրիկայից մինչև Կենտրոնական Ասիա։
Համեմատաբար բարեկեցիկ և դեպի ԵՄ ընթացող Հայաստանը դառնալու է այդ զանգվածային տեղաշարժերի խաչմերուկը։
Հայ երիտասա՛րդ, դու կառուցելու ես ժողովրդավարական երկիր՝ միլիարդանոց տվյալների կենտրոններով, ՏՏ «միաեղջյուրներով» և համաշխարհային մակարդակի գինեգործությամբ՝ աշխարհագրորեն բարդ տարածաշրջանում։ Դրա համար պետք է ուժեղ առաջնորդություն և անվտանգային մարտահրավերներին դիմակայելու լիարժեք պատրաստվածություն։
Բազմաբևեռություն և անկայունություն
Աշխարհը միաբևեռ համակարգից անցնում է բազմաբևեռի։ Բայց արևմտյան բևեռը դեռ երկար կմնա գերիշխող՝ իր հարստության և տեխնոլոգիական առավելության շնորհիվ։ Բազմաբևեռությունը կայունություն չի բերելու, ավելի շուտ՝ հակառակը։ Առաջիկա երկու տասնամյակները հիշեցնելու են 20-րդ դարի միջպատերազմյան շրջանը, երբ լավագույն սցենարը կլինի «սառը խաղաղությունը»։ Նման պայմաններում մեզ պես պետության առաջնային խնդիրը ռազմական պատրաստվածությունն է։
Մի աշխարհում, որտեղ կան անհավասար ուժերով միմյանց դեմ հակամարտող կենտրոններ, փոքր պետությունների համար վճռորոշը արդյունավետությունն է՝ այն, ինչ նրանք կարող են առաջարկել այս մրցակցող բևեռներին։ Դա կարող է ներառել բնական պաշարներ, տեխնոլոգիաներ, կոշտ ռազմական կարողություններ, հետախուզական ներուժ, հասանելիություն, մշակութային ու աշխարհաքաղաքական ճկունություն, ինչպես նաև արդյունավետ հանրային կապեր։
Ապագայում ավելի արդյունավետ պետությունները զգալիորեն ավելի մեծ ազատություն կունենան՝ իրենց ուզածով վարվելու ավելի քիչ արդյունավետ պետությունների հետ։
(շարունակելի)
Էրիկ Հակոբյան











