Գլխավոր Լրահոս

Խոր Վիրապից մինչև Գառնի․ ինչ է պատկերված նոր սերնդի կենսաչափական անձնագրի էջերում

Խոր Վիրապից մինչև Գառնի․ ինչ է պատկերված նոր սերնդի կենսաչափական անձնագրի էջերում

Հայաստանում 2026-ի աշնանից կներդրվեն նոր սերնդի կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր։ Այդ մասին ապրիլի 28-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում։ Նախարարը վարչապետին է ներկայացրել նոր նմուշի կենսաչափական անձնագրերի վիզուալ հայեցակարգը։ 

Փաշինյանը նշել է, որ առաջին փոփոխությունը գույնն է․ որոշել են, որ կենսաչափական անձնագիրը կլինի կարմիր երանգի, որը նաև Եվրոպական միության երկրներում ամենատարածվածներից է։ Նոր ենթակառուցվածքը լիովին համապատասխանելու է միջազգային ստանդարտին, ինչը, ըստ նախարարի, կապահովի սահմաններին փոխճանաչելիություն և կնպաստի Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին։

Փաշինյանի խոսքով՝ անձնագրի էջերը ներկայացնում են հայերի ինքնությունը, պատմությունն ու պետականությունը։ Ուշագրավ է, որ էջերից մեկում պատկերված է Խոր Վիրապ վանական համալիրը՝ նկարահանված այնպիսի անկյունից, որ կադրում արտացոլված լինի բացառապես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ «Մենք այնպիսի ռակուրս ենք ընտրել, որ կադրում արտացոլված լինի Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Մեր ընկալումն ու դիրքորոշումը այսպիսին է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Անձնական տվյալների էջն ունենալու է ուղղահայաց դիրքավորում, իսկ երրորդ էջում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն է՝ 405 թվականի նախնական վարկածով։ Այստեղ որոշ տառեր ընդգծված են՝ խորհրդանշելով պետական ռազմավարական ձգտումները, օրինակ՝ Ա-ն՝ ազատություն և անկախություն, Է-ն՝ Աստված, Ի-ն՝ ինքնիշխանություն, իսկ Ք-ն՝ Քրիստոս։ Արփինե Սարգսյանն էլ հավելել է, որ զարդանախշերում օգտագործվել են դրոշի գույները, իսկ ներքևում գրված է հայատառ առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

Հաջորդ էջերում ներկայացված է մեր ծագումնաբանությունն ու պատմությունը։ Չորրորդ էջում Հայկ Նահապետն է, հինգերորդում՝ Գեղամա լեռների և Ուխտասարի ժայռապատկերները։ 

Օգտագործվել է նաև Էրեբունի ամրոցի վերականգնված մակետը և սեպագիր արձանագրության ճշգրիտ պատճենը։ Տեղադրվել են Արտաշես արքայի սահմանաքարերը՝ արամեերեն արձանագրություններով, որոնք ցույց են տալիս պետական կառավարման հնագույն ավանդույթները։ Էջերում պատկերված է նաև Էջմիածնի Մայր տաճարը՝ որպես քրիստոնեության ընդունման խորհրդանիշ, որին հաջորդում են ժամանակակից պետականության սիմվոլները՝ Նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային ժողովը և Սահմանադրական դատարանը։ Բոլոր պատկերները ստացվել են պրոֆեսիոնալ լուսանկարների ծրագրային տրանսֆորմացիայի արդյունքում։

Անդրադարձ է կատարվել նաև մարզերին․ Երևանից ընտրվել է Կասկադն ու Թամանյանի արձանը, Արագածոտնից՝ Արագած լեռը, Արմավիրից՝ լավաշի թխման արարողությունն ու այգիները։ Գեղարքունիքի մարզից պատկերված է Սևանա լիճը և Բերդկունք ամրոցը, Կոտայքից՝ Գառնու տաճարը, Լոռուց՝ Լոռի բերդը, Շիրակից՝ Գյումրիի պատմական միջավայրն ու ֆայտոնը։ Սյունիքի դեպքում ընտրվել է Բաղաբերդ ամրոցը, Տավուշից՝ Սրանոցի կամուրջը, իսկ Վայոց Ձորից՝ Ջերմուկի ջրվեժն ու եղնիկը։ Վերջին էջում պատկերված է Ներքին գործերի նախարարության շենքն ու ՀՀ քարտեզը։ Դիզայնի վրա աշխատել է գեղարվեստական թիմ՝ «Պիքսարտի» մասնագետների, «Թումոյի» և Հակոբ Կոջոյան կրթահամալիրի սաների մասնակցությամբ։ 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անձնագրերի ներդրմանը զուգահեռ սահմանային անցման կետերում կներդրվի առանց մարդկային կոնտակտի անցման մոդելը (e-gate), ինչը զգալիորեն կհեշտացնի սահմանի հատումը քաղաքացիների համար։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում