Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (SSG) կողմից 27-ամյա Թամազ Գոլոևի ձերբակալությունը՝ լրտեսության մեղադրանքով։ Նախարարությունը պնդում է, որ մեղադրանքները կեղծ են և պահանջում է նրա անհապաղ ազատ արձակումը։
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ապրիլի 22-ին հայտարարել էր, որ ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի՝ լրտեսության մեղադրանքով։ Ըստ հայտարարության՝ նա օտարերկրյա հատուկ ծառայությունների հանձնարարությամբ տեղեկություններ էր հավաքում և փոխանցում։ Չի նշվել, թե որ երկրի օգտին էր լրտեսում, սակայն իշխանամետ Rustavi 2 հեռուստաընկերությունը հայտնել է, որ խոսքը Ռուսաստանի մասին է։
Հաջորդ օրը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պարզել է, որ ձերբակալվածը Թամազ Գոլոևն է (նշվում է նաև որպես Գոլոտի), Ախալգորիի բնակիչ։ Ըստ աղբյուրի՝ նա ունի օսական հայր և վրացի մայր, սովորել է Ցխինվալում և հաճախ է այցելել Թբիլիսի։
Գոլոևի մայրը ասել է, որ որդին ապրիլի 22-ին կրկին մեկնել է Թբիլիսի և նույն օրը ձերբակալվել է։ Նա այդ մասին տեղեկացել է հեռուստատեսությունից։ Նրա խոսքով՝ չի գիտի ձերբակալության հանգամանքները և, թեև գտնվում է Թբիլիսիում, չի կարողացել հանդիպել որդուն։
«Կարծում եմ՝ նրան սխալ են մեղադրում»,- ասել է նա՝ հավելելով, որ որդու վարքում որևէ կասկածելի բան չի նկատել։
Հարավային Օսիայի ԱԳՆ-ն Գոլոևի ձերբակալությունը որակել է «ապօրինի»՝ նշելով, որ նա բերման է ենթարկվել «կեղծ պատրվակներով»։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Գոլոևը «Հարավային Օսիայի քաղաքացի է» և ձերբակալվել է Թբիլիսիում՝ «վրացական հատուկ ծառայությունների սադրանքի արդյունքում»։
Նշվում է նաև, որ Հարավային Օսիայի կողմը փորձել է պարզել նրա ճակատագիրը՝ օգտագործելով առկա մեխանիզմները, այդ թվում՝ միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) թեժ գիծը։ Վերջիվերջո պարզվել է, որ ապրիլի 24-ին նա երկու ամսով կալանավորվել է մինչդատական կարգով։
Նախարարությունը ձերբակալությունը որակել է որպես «լիովին անհիմն և բացահայտ քաղաքական բնույթ ունեցող քայլ»՝ այն համարելով «ահաբեկչության քաղաքականության շարունակություն», որը, ըստ նրանց, բնորոշ էր Վրաստանի նախկին նախագահներ Զվիադ Գամսախուրդիայի և Միխեիլ Սահակաշվիլիի ժամանակաշրջաններին։ Նրանք պահանջել են Գոլոևի անհապաղ ազատ արձակումը։
«Պաշտպանական օբյեկտները լուսանկարելու հանձնարարություն»
Վրացական կողմի տվյալներով՝ կալանավորված անձը, որը ենթադրաբար նույն Գոլոևն է, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից և վճարի դիմաց հավաքել է տեղեկատվություն՝ «Վրաստանի շահերի դեմ»։
Քննությունը նշում է երկու հիմնական ուղղություն, որոնց վերաբերյալ նա պետք է տվյալներ հավաքեր։ Առաջինը վերաբերում է իրավապահ մարմիններին՝ ներառյալ պետական անվտանգության ծառայությունը, ներքին գործերի նախարարությունը և պաշտպանության նախարարությունը՝ դրանց տեղակայումը, ուժերը և ռեսուրսները։
Երկրորդ ուղղությունը Վրաստանի ռազմավարական ենթակառուցվածքներն են՝ կամուրջներ, մայրուղիներ, երկաթուղիներ և այլ կարևոր օբյեկտներ։ Երկու դեպքում էլ առաջադրանքների մեջ ներառված էր նաև այդ վայրերի լուսանկարումն ու տեսանկարահանումը։
Պետական անվտանգության ծառայությունը նշել է նաև, որ հակահետախուզության բաժինը նույն մեղադրանքով բացահայտել է ևս երկու վրացի քաղաքացու։ Ըստ նրանց՝ այս անձինք նույնպես հավաքագրվել են և փոխանցել տարբեր տեղեկություններ օտարերկրյա հատուկ ծառայություններին՝ ի վնաս Վրաստանի շահերի։
Հայտարարության համաձայն՝ այդ երկու անձինք ներկայումս Վրաստանում չեն գտնվում և կհայտարարվեն միջազգային հետախուզման մեջ։ Բոլոր մեղադրյալներին սպառնում է 8-ից 12 տարվա ազատազրկում։
Պետական անվտանգության ծառայությունը իր 2025-ի հաշվետվությունում նշել է, որ «օկուպացնող ուժը շարունակել է ճնշման փորձերը վրացիների նկատմամբ, խոչընդոտել է շփումները օկուպացիոն գծով բաժանված բնակչության միջև և իրականացրել ռուսիֆիկացիա»։
Հաշվետվությունում հիշատակվում են նաև Շալվա Խիզանիշվիլիի և Թամար Մեարակիշվիլիի ձերբակալությունները՝ Թբիլիսիի օգտին լրտեսելու մեղադրանքով։ Առաջինը ձերբակալվել է Աբխազիայում, երկրորդը՝ Հարավային Օսիայում։ Մեարակիշվիլին հետագայում «արտաքսվել է» Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք։ Վրացական կողմը այս մեղադրանքները համարում է կեղծ։
Հաշվետվության համաձայն՝ 2025-ին Հարավային Օսիայում և հարակից տարածքներում գրանցվել է ապօրինի կալանքի 34 դեպք, իսկ Աբխազիայում և հարակից տարածքներում՝ 40 դեպք։ Թվերը ներառում են նաև Վրաստանի կենտրոնական իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածքներում կատարված որոշ ձերբակալություններ։
OC Media-ի խմագրական նշում
Ընթերցումը հեշտացնելու համար այս նյութում չեն օգտագործվում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները՝ Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի կառույցների կամ պաշտոնների մասին խոսելիս։ Սա չի նշանակում որևէ դիրքորոշում դրանց կարգավիճակի վերաբերյալ։












