Գլխավոր Լրահոս

Վրացի ցուցարար, նախկինում դատապարտված և ներում ստացած Գրիգորիադիսը կրկին կալանավորվել է

Վրացի ցուցարար, նախկինում դատապարտված և ներում ստացած Գրիգորիադիսը կրկին կալանավորվել է

Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի, OC Media

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Լազարե Գրիգորիադիսը, որը 2023-ին ձերբակալվել էր հակաիշխանական բողոքների հետ կապված և ավելի ուշ ազատ էր արձակվել նախագահի ներումով, կրկին կալանավորվել է՝ այս անգամ բարում աշխատակիցներին սպառնալու մեղադրանքով։

24-ամյա Գրիգորիադիսի ձերբակալության մասին առաջին տեղեկությունները տարածվել էին ապրիլի 24-ին։ Հաջորդ օրը դատախազությունը պաշտոնապես հայտարարեց նրա դեմ մեղադրանք առաջադրելու մասին։

Ըստ իրավապահների՝ ուրբաթ օրը Թբիլիսիի բարերից մեկի մուտքի մոտ Գրիգորիադիսը, որը, ըստ նրանց, դժգոհ էր հաստատությունից հեռացվելուց, «դանակը ձեռքին սպառնացել է բարի աշխատակցին սպանությամբ և ֆիզիկական վնասով»։

«Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին»,- նշվում է հայտարարությունում։

Դատախազության տվյալներով՝ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական հոդվածով, որը նախատեսում է մինչև մեկ տարվա ազատազրկում։ Սակայն հնարավոր տարբերակներ են  նաև տուգանքը, հանրային աշխատանքները կամ տնային կալանքը։ Միևնույն ժամանակ, հայտարարությունում նշվում է միայն ազատազրկումը։

Վերջին շրջանում Գրիգորիադիսը բնակվում էր արտերկրում և միայն մի քանի օր առաջ էր վերադարձել Վրաստան։ Այս տեղեկությունը OC Media-ին հաստատել է նրա ընտանիքի անդամներից մեկը։ Ըստ ընտանիքի՝ նա արդեն ունի փաստաբան։

Գրիգորիադիսը հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց 2023-ի մարտին՝ այն բողոքների ժամանակ, որոնք սկսվել էին «Վրացական երազանք»-ի կողմից «օտար գործակալների մասին» վիճահարույց օրենքի առաջին փորձի պատճառով։ Քննադատները այդ օրենքը անվանում էին «ռուսական օրենք»՝ Ռուսաստանի նմանատիպ օրենսդրության հետ համեմատելով։

Նա ձերբակալվել էր բողոքի ակցիաներից հետո և 2024-ի ապրիլին դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ հրկիզման և ոստիկանի վրա հարձակման մեղադրանքով։ Սակայն վճռից ընդամենը մի քանի ժամ անց այն ժամանակվա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց նրան ներում շնորհելու մասին։ Այդ պահին նա արդեն իշխող կուսակցության հակառակորդն էր։

«Վրացական երազանք»-ը և նրա դաշնակիցները խիստ քննադատեցին Զուրաբիշվիլիի որոշումը։ Այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գրիգորիադիսին անվանեց «էքստրեմիստ»։ Մինչդեռ քննադատները պնդում էին, որ գործը սկզբից քաղաքական բնույթ է ունեցել։

Ղարիբաշվիլին և ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն Գրիգորիադիսի մեղավորության մասին խոսել էին դեռ մինչև դատարանի վճիռը։

Կոբախիձեն նաև հայտարարել էր, որ Գրիգորիադիսի «կողմնորոշումները խառնված են», իսկ իշխանամետ լրատվամիջոցները հաճախ տարածում էին նրա լուսանկարները՝ շեշտելով դեմքի տատուները, բաց գույնի մազերը և զարդերը։

Ազատ արձակվելուց հետո Գրիգորիադիսը շարունակել է մասնակցել ցույցերին։ 2024-ի մայիսին նա կրկին ձերբակալվել էր 48 ժամով՝ ոստիկանության պահանջներին չենթարկվելու և մանր խուլիգանության մեղադրանքով՝ նույն օրենքի շուրջ բողոքների նոր ալիքի ընթացքում։ Հետագայում նա այդ գործով տուգանվել էր։

Տեղադրություն

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում