Վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի և փլուզման եզրին։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ: Նախարարը որոշ եզրահանգումներով է կիսվել:
«Երբ պետությունը հայտնվում է նման ալեկոծություն մեջ, պատմությունն առաջարկում է երեք հիմնական ուղի․
Առաջինը՝ մեկուսացումն ու օտարումն է։ Սա մի կողմ քաշվելու և գործողություններից փուսափելու ընտրություն է՝ հույս ունենալով, որ փոթորիկներից հեռու մնալով դրանք քեզ կշրջանցեն, իսկ հարմարավետության գոտին և ստատուս քվոն կպահպանվեն։ Թեև կարճաժամկետ հեռանկարում դա կարող է անվտանգ ընտրություն թվալ, պատմությունը ցույց է տալիս, որ նման մեկուսացումը չի պաշտպանում։ Այն պարզապես կտրում է պետություններին իրականությունից, դարձնում անպատրաստ և առավել խոցելի՝ ուժեղացնելով ճգնաժամին առերեսվելուց հարվածի ազդեցությունը, և «փուչիկն» ի վերջո պայթում է։
Երկրորդը՝ փոթորկին տրվելն է։ Այս դեպքում իրականացվում են անարդյունավետ, սխալ և հյուծող գործողություններ, որոնք կանխատեսելի են և ինչն առավել վատ է՝ փոթորիկի կանխորոշված սցենարով թելադրված, որի արդյունքում նպաստում ես փոթորիկի իր իսկ կողմից ընտրած ուղղությամբ քեզ ներքաշելուն։ Այսպիսով կորցնում ես վերահսկողությունը, այլևս չես որոշում քո իսկ ճակատագիրը՝ դառնալով սեփական պատմության օբյեկետը, այլ ոչ սուբյեկտը։ Իսկ պարզապես հոսանքին տրվելով կամ փորձելով սանձել այն՝ անխուսափելիորեն առերեսվում ես ուրիշների որոշումների զոհ դառնալու և գոյաբանական մարտահրավերների առջև կանգնելու վտանգին։
Եվ երրորդ ընտրությունը՝ անցնել փոթորիկի միջով՝ առաջնորդվելով պրագմատիկ մոտեցմամբ և ապագային միտված ռազմավարությամբ։ Ուղիղ առերեսվել իրականությանը՝ այն ընդունելուց խուսափելու փոխարեն։ Գիտակցել, որ անկայուն աշխարհում գոնե որոշակի կայունություն ապահովելու միակ ճանապարհը ղեկը սեփական ձեռքը վերցնելն ու հստակ, գործուն ռազմավարությամբ առաջ շարժվելն է: Եվ այո՛, թեև հաջողությունն այս պարագայում ամենևին հաստատուն չէ, սակայն առաջին երկու տարբերակները հաստատապես կործանարար են»,- ասել է նախարարը։












