Գևորգ Թոսունյան
2026-ի հունիսի խորհրդարանական ընտրություններին գրանցվել է տեղական 13 դիտորդական խումբ։ Այս պահի դրությամբ հավատարմագրված է ընդհանուր 373 դիտորդ։ Նշենք, որ ընտրական գործընթացի կանոնակարգի համաձայն՝ դիտորդական առաքելությունները մինչև հունիսի 4-ը ներառյալ հնարավորություն ունեն իրենց հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու։
Առավել մեծաքանակ ներգրավվածություն ունի «Ականատես» համատեղ դիտորդական առաքելությունը, որը միավորում է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» և «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը»: Այս առաքելության կազմում ընդգրկված է 93 դիտորդ:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) «Թրանսփարենսի ինթերնեշնլ» գլոբալ հակակոռուպցիոն շարժման անդամ է: Կազմակերպությունը հիմնադրվել է 2000-ի հուլիսին Ամալյա Կոստանյանի (1960-2010) կողմից՝ որպես «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» ՀԿ, որի նպատակն էր նպաստել Հայաստանում և տարածաշրջանում քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների իրականացմանը: ԹԻՀԿ գործադիր տնօրենը Սոնա Այվազյանն է: Կենտրոնը մշտապես դիտորդական առաքելություն է իրականացրել ընտրություններում:
«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը» հիմնադրվել է 2018-ի մայիսի 24-ին: Գործադիր մարմնի ղեկավարը Գենյա Պետրոսյանն է: Նա քաղաքացիական և վարչական գործերով մասնագիտացած փաստաբան է, որը մի շարք գործերով դիմումներ է ներկայացրել նաև ՍԴ և ՄԻԵԴ: Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի՝ նա երկար տարիներ աշխատել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ. 2012-2014-ին եղել է Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալը, 2014-2015-ին՝ առաջին տեղակալը: Այնուհետև նա իր գործունեությունը շարունակել է քաղաքացիական հասարակության դաշտում, մասնավորապես՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ում՝ մասնակցելով 2015թ. սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի, ինչպես նաև 2017թ. խորհրդարանական ընտրությունների վերահսկման ծրագրերին, որոնք իրականացվել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում:
Հաջորդ կազմակերպությունը, որն ունի 57 դիտորդ, «Արժանապատիվ սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպությունն է: Այն հիմնադրվել է 2013-ին, իսկ գործադիր մարմնի ղեկավարը Գագիկ Կոստանդյանն է: Նա եղել է Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր 1999-2003 թվականներին: Կոստանդյանն ունի բաժնեմասեր երկու ընկերություններում՝ «Գոռ» ՍՊԸ-ում, որը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ, և արտահագուստի պաշտպանության «Տեքստիլ Փիփ» ընկերությունում: Նախկինում նա բաժնեմաս ուներ «Կոստանդյան եղբայրներ» ՍՊԸ-ում, որը սպասարկում էր հանրային տրանսպորտի երթուղիներ: Կոստանդյանն առաջադրվել էր նաև 2017-ի խորհրդարանական ընտրություններին. «Հետքը» արձանագրել էր, որ թեկնածուն հասարակական տրանսպորտն օգտագործում է քարոզարշավում:
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ն ներկայացված է 39 դիտորդով: Այս կազմակերպությունը հիմնադրվել է 2008-ի դեկտեմբերի 10-ին: Գործադիր մարմնի ղեկավարը Հասմիկ Մխիթարյանն է: ՀԿ-ն մեդիա ակտիվություն է ցուցաբերում. ունի կայք և յութուբյան հարթակ, որտեղ լուսաբանվում են Գյումրիի քաղաքական կյանքին առնչվող իրադարձությունները:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, որի մեջ մտնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն, ներկայացված է 20 դիտորդով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը իրավապաշտպան Արթուր Սաքունցն է: «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգողը Դանիել Իոաննիսյանն է, իսկ գործադիր տնօրենը՝ Աշխեն Մուշեղյանը: «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն Վանաձորում գործունեություն ծավալող կազմակերպություն է։ Ստեղծվել է 2010-ի հոկտեմբերին։ Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը Գևորգ Քոթանջյանն է, վերջինս ունի նաև իր ազգանվամբ ընկերություն։ «Քոթանջյան» ՍՊԸ-ն ստեղծվել է 2015-ի սեպտեմբերին։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ այս ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է, գործունեության տեսակը՝ համեմունքների արտադրություն։
«Լուսաստղ» բարեգործական ՀԿ-ն դիտորդական գործընթացներին մասնակցում է 27 անդամով: Այս կազմակերպությունը հիմնադրվել է 1999-ին, ղեկավարը Անի Գաբրիելյանն է:
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն ունի 29 դիտորդ: Կազմակերպությունը հիմնադրվել է 2008-ին` իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի և գործընկերների կողմից: 2025-ի նոյեմբերից գործադիր մարմնի ղեկավարը իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է, որն ակտիվ գործունեություն է ծավալում ՄԻԵԴ-ում, հատկապես՝ գերիների իրավունքների պաշտպանության հարցերով:
Երիտասարդական նախաձեռնություններ
56 դիտորդ է հավատարմագրել «Ազատ քվե» դիտորդական առաքելությունը, որի կազմում են «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն ու «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն: «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ն ստեղծվել է 2017-ի նոյեմբերին, ղեկավարը Գրիգոր Ջանիկյանն է: «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն ստեղծվել է 2016-ին, ղեկավարը Վահե Խաչիկյանն է:
36 դիտորդ ունի «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ն, որը ստեղծվել է 2000-ին: Կազմակերպության հիմնադիրներից է Ատոմ Մխիթարյանը, որը մինչև 2026-ի ապրիլը ներկայանում էր որպես «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչ:
2018-ին հիմնադրված «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման ՀԿ-ն ունի 6 դիտորդ, գործադիր մարմնի ղեկավարը Արփինե Երիցյանն է:
«Համայնքի երիտասարդներ» համայնքային զարգացման ՀԿ-ն ունի 3 դիտորդ (գործադիր մարմնի ղեկավար՝ Նելլի Վարդանյան), նույնքան՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, որի ղեկավարը Գրիգոր Երիցյանն է։
Ամենասակավաթիվ դիտորդներն ունի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ-ն՝ 2 անձ, ղեկավարը Մուշեղ Հովսեփյանն է: Երկու դիտորդ ունի նաև «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ն, որի ղեկավարը Լևոն Բարսեղյանն է:












