Գլխավոր Լրահոս

Բագրատյանին վերագրվող՝ «ՌԴ-ն պետք է թանկացնի գազը» խոսքերը կեղծ են

Բագրատյանին վերագրվող՝ «ՌԴ-ն պետք է թանկացնի գազը» խոսքերը կեղծ են

Ֆեյսբուքյան տիրույթում մայիսի 6-ին տարածվել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի լուսանկարը, որի վրա տեղադրված է նրան վերագրվող հայտարարություն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ պատժիչ քայլեր կիրառելու կոչով։

Լուսանկարում մասնավորապես գրված է․ «ՌԴ-ն պետք է անհապաղ թանկացնի գազի գինը, արգելի Հայաստանի գյուղմթերքը և արտաքսի աշխատանքային միգրանտներին, որ Նիկոլ Փաշինյանը և իրեն սատարող ժողովուրդը հասկանա Մակրոն խաղացնելու և Զելենսկի հրավիրելու գինն ինչքան է...»։

Բագրատյանին վերագրվող խոսքը լայն քննարկման է արժանացել հատկապես հանրային գործիչ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում, որը մայիսի 6-ին տարածելով այն՝ գրել է. «Այս անգամ էժան պրծանք. եթե 2020-ին Ալիևին հուշում էր, որ հարձակվելու հարմար պահն է, այս անգամ Ռուսաստանին մեծահոգաբար հորդորել է միայն պատժել Հայաստանին…»:   

Մեկնաբանություններում օգտատերերն առաջարկում են «օտարերկրյա գործակալ դաջվածքը դնել Բագրատյանի ճակատին», պետական դավաճան են անվանում և գտնում, որ Բագրատյանին պետք է անհապաղ զրկել ՀՀ քաղաքացիությունից։ Նման արձագաքները ստացել են հարյուրավոր հավանումներ: 

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է Հրանտ Բագրատյանի վերջին հրապարակային ելույթներն ու հարցազրույցները և պարզել, որ նման հայտարարություն չի եղել։ 

Ի՞նչ է ասել Բագրատյանն իրականում

Հրանտ Բագրատյանն իր վերջին հրապարակային հարցազրույցներում (168.am՝ ապրիլի 25,  News.am՝ ապրիլի 17, 168. am՝ մարտի 8) անդրադաձել է Ռուսաստանի կողմից գազի մատակարարման ներկայիս գնին, գյուղմթերքի արտահանման ոլորտում արտոնություններին` նշելով, որ այն հսկայական տնտեսական արտոնություն է Հայաստանի համար: Ըստ նրա՝ նույնիսկ նման պայմաններում իշխանությունները շարունակում են հակառուսական հռետորաբանությունը, սակայն որևէ անգամ չի շեշտել, որ ՌԴ-ն պետք է  անհապաղ թանկացնի գազը կամ արտաքսի հայ միգրանտներին։

Նրան վերագրվող հրապարակումից առաջ Բագրատյանի վերջին ելույթը եղել է ապրիլի 28-ին՝ Մոսկվայում կայացած «Լազարյան ակումբի» յոթերորդ նիստում, որտեղ նա խոսել է սպասվող ընտրությունների և իշխանության վերարտադրությունը բացառելու հնարավորություններից։

Նիստից հետո Բագրատյանը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին՝ կանխատեսելով դրանց հնարավոր վատթարացումը, սակայն ոչ թե նման քայլերի կոչ անելով։

Նա նշել է, որ Ռուսաստանը կարող է վերանայել Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական արտոնությունները («լգոտաները»), ինչը, ըստ նրա, կարող է հանգեցնել կենսամակարդակի անկման՝ մոտ 38%-ով։

«Ես ընդհանրապես նրա երկրպագուն չեմ, որ վերաբերվեն վատ Հայաստանի հանդեպ, բայց ես հասկանում եմ, որ դա անխուսափելի է»,- ասել է Բագրատյանը։

Ի դեպ, տարածված լուսանկարն ինքնին հին է. այն առնվազն 2024-ից հրապարկված է տարբեր լրատվամիջոցներում։ 

Բագրատյանը հերքում է 

Հրանտ Բագրատյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքեց իրեն վերագրվող հայտարարությունը՝ այն բնութագրելով որպես «արևմտամետ ուժերի կեղծիք»։

«Իհարկե նման հայտարարություն չեմ արել, չկա նման բան։ Ես ասել եմ՝ «եթե բարձրացնի», իսկ այնտեղ բոլորն էին հնարավոր համարում նման զարգացում, որովհետև նույնիսկ Պուտինը բացահայտ հայտարարեց ապրիլի 1-ին։ Դա, այսպես ասած, արևմտամետ ուժերի կեղծիքն է։ Իրենք շատ լավ հասկանում են, որ այս ամեն ինչը լավ չի վերջանա, դրա համար այդպիսի բաներ են ասում»,- #CivilNetCheck-ի հետ զրույցում նշել է Բագրատյանը։

Բագրատյանը ուշադրություն է հրավիրել նաև ժամանակագրական անհամապատասխանության վրա։ Կեղծ մեջբերման մեջ հիշատակվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան կատարելիք այցերը, մինչդեռ Մոսկվայում «Լազարյան ակումբի» նիստը տեղի է ունեցել մինչև այդ այցերի մասին հրապարակային հայտարարությունները։

«Այն ժամանակ հայտնի չէր Զելենսկու և Մակրոնի այցը, որ ես նման պնդում անեի»,- ասել է նա։

Նշեմք, որ Զելենսկու՝ Երևան այցելելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ապրիլի 30-ին։

Ինչ վերաբերում է Սաֆարյանի այն պնդմանը, թե 2020-ին ինքը Ալիևին հուշել էր, որ հարձակվելու հարմար պահն է, Բագրատյանը ևս մանիպուլացիա որակեց՝  պարզաբանելով, որ ինքը ժամանակին զգուշացրել է Ադրբեջանի կողմից նոր զենքի գնումների և հարձակման վտանգի մասին։ 

«Ես ասել էի, որ Ադրբեջանը զենք է բերել և կարող է հարձակվի՝ հիմք ընդունելով, որ զենք է բերել և վեց ամիս հետո այդ զենքը չի լիենլու, փչանում է։ Իմ ասելուց հինգ ամիս հետո իսկապես հարձակվեց, որովհետև մի ամիս էլ չհարձակվեր այդ զենքը փչանալու էր։ Ես իմ դատողություններում ասում եմ հետևանքների մասին, իրենք դա շուռ են տալիս,  փոխանակ վերլուծեն ու հասկանան, որ մարդը զգուշացնում էր»,-ասաց նա։  

Այսպիսով պնդումը, թե Հրանտ Բագրատյանը կոչ է արել Ռուսաստանին թանկացնել գազը և պատժել Հայաստանին՝ կեղծ է։ 

Բագրատյանն ինքը ևս սխալ տեղեկություն է տարածել 

Դիտարկելով վերջին շրջանում Հրանտ Բագրատյանի հարցազրույցները՝ #CivilNetCheck-ը նկատել է, որ նա ևս ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող պնդում։

Մարտի 8-ին 168.am-ին տված հարցազրույցում Բագրատյանը հայտարարել է, թե Հայաստանի աշխարհագրության դասագրքերում նշված չէ Հայաստանի Հանրապետության տարածքի չափը։

«Հայաստանի աշխարհագրության դասագրքում ինչքա՞ն է գրված Հայաստանի տարածքն այսօր»,- հարցնում է Բագրատյանը հարցազրույցավար Սաթիկ Սեյրանյանին։

Վերջինս պատասխանում է, որ չի նայել և տեղյակ չէ, ինչին Բագրատյանն արձագանքում է. «Հլա, դե նայի։ Չի գրված»։

«Գրված չի՞»,- զարմանում է Սեյրանյանը։

«Չէ՛»,- պնդում է Բագրատյանը։

Էկրանապատկերը՝ 168.am-ի հարցազրույցից
Էկրանապատկերը՝ 168.am-ի հարցազրույցից

Հայաստանի աշխարհագրության դասագրքում Հայաստանի Հանրապետության տարածքի չափը գրված է

Հայաuտանի դպրոցներում Հայաuտանի աշխարհագրություն առարկան դաuավանդվում է 9-րդ դաuարանում, 2025-ի երկու հրատարակչության դաuագրքերով՝ ըuտ դպրոցի ընտրության:

Դասագրքերի երկու տարբերակներում էլ  «Հայաստանի Հանրապետություն (ՀՀ) պետական տարածքն ու սահմանները, դրանց ձևավորումը և աշխարհագրական դիրքը» բաժնում գրված է. «ՀՀ-ն զբաղեցնում է 29 743  կմ2 տարածք»։

Էկրանապատկերը՝ «Հայաստանի աշխարհագրություն 9» դասագրքից (հեղինակներ՝ Ա․ Պոտոսյան, Վ․Ասատրյան)
Էկրանապատկերը՝ «Հայաստանի աշխարհագրություն 9» դասագրքից (հեղինակներ՝ Ա․ Պոտոսյան, Վ․Ասատրյան)
Էկրանապատկերը՝ «Հայաստանի աշխարհագրություն 9» դասագրքից (հեղինակներ՝ Մաքսիմ Մանասյան, Արեն Հովսեփյան)
Էկրանապատկերը՝ «Հայաստանի աշխարհագրություն 9» դասագրքից (հեղինակներ՝ Մաքսիմ Մանասյան, Արեն Հովսեփյան)

Ի դեպ, Հայաստանի տարածքը ներկայացված է ճիշտ այնքան, որքան օրինակ 2009-ի կամ 2020-ի հրատարակչության դասագրքերում։

Էկրանապատկերը՝ Հայաստանի աշխարհագրություն 2009-ի և 2020-ի հրատարակչության դասագրքերից
Էկրանապատկերը՝ Հայաստանի աշխարհագրություն 2009-ի և 2020-ի հրատարակչության դասագրքերից

Այսպիսով, Հրանտ Բագրատյանի պնդումը, թե Հայաստանի տարածքի չափը Հայաստանի աշխարհագրության դասագրքում նշված չէ՝ սխալ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում