Գլխավոր Լրահոս

Կարապետյանները չեն ընդունի ՀԷՑ-ը 380,000 դոլարով գնելու կառավարության առաջարկը

Կարապետյանները չեն ընդունի ՀԷՑ-ը 380,000 դոլարով գնելու կառավարության առաջարկը

Սամվել Կարապետյանի ընտանիքը չի ընդունի կառավարության առաջարկը, որով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար առաջարկվում է 380,000 դոլար։ Այս մասին մայիսի 8-ին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը։

«Այդ առաջարկը ո՞ր բանական մարդը կարող է ընդունել։ Ընդհակառակը, այդ առաջարկը ներկայացնողին պետք է ուղարկել համապատասխան մասնագետի մոտ»,- ասել է Ղազինյանը։

«Ազատությունն» օրեր առաջ գրել էր, որ Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 մլրդ դրամ՝ 62,3 մլն դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23,158 մլրդ դրամը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380,000 դոլար։

ՀԷՑ-ի համար կառավարության գնառաջարկի փաստաթղթերը Կարապետյանները մտադրություն չեն ունեցել հանրայնացնել։ Սակայն «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը։

«Հաշվի առնելով շատ հանգամանքներ, մենք չէինք ցանկանում դա հրապարակել։ Դա պետության վերաբերմունքն է մասնավորի նկատմամբ։ Սամվել Կարապետյանը բացարձակ խնդիր չունի իր ունեցվածքը պաշտպանելու։ Տեսնելով, թե երկիրն ուր է գնում, ինչ վիճակում է` այս պահին ՀԷՑ-ի վաճառքի շուրջ բանակցությունների մասին խոսելը, կարծում եմ, ճիշտ չէ»,- ասել է Ղազինյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գնից է կախված, թե կառավարությունը կգնա ՀԷՑ-ը պետական բյուջեի միջոցներով գնելու տարբերակով, թե՝ մասնավորեցման ուղով։ 

«Իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա կլինի տրամաբանական գին, շատ լրջորեն կքննարկվի, եթե շատ մեծ լինի գինը և ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումն իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով», - նոյեմբերին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել էր Փաշինյանը։

***

2025-ի հունիսի 17-ից Հայաստանի կառավարության և ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել էին այն բանից հետո, երբ Կարապետյանը քննադատել էր Հայաստանի իշխանություններին Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականության դեմ սկսած արշավի համար։ Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշել էր Սամվել Կարապետյանին կալանավորել։ Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարել էր Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու մասին։ Հուլիսի 3-ին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ-ը պետականացնելու մասին նախագիծը։

ՀԾԿՀ-ն հուլիսի 18-ին Կառավարության կողմից հուլիսի 15-ին ներկայացված հաղորդման հիմքով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ ինչպես «Էներգետիկայի մասին» օրենքի, այնպես էլ հանձնաժողովի՝ օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջների հնարավոր խախտման փաստերի ուսւոմնասիրության նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում