«Եթե իմանամ, որ որևէ մեծահարուստի, քաղաքական գործչի հետ անձնական առնչություն ունեցող 52 մարդ կա համակարգերում ու իրենց չեն ազատել աշխատանքից, նա, ով պիտի դա աներ, ես նրան հինգ վայրկյան հետո SMS կուղարկեմ»։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Երևանում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Վարչապետը համարում է, որ SMS-ով աշխատանքից ազատելը ևս հաղորդակցության ձև է։
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ նրանց բարեկամներն իր աջակիցներն են։ Ներքին գործերի նախարարությունից հերքել են Ծառուկյանի այս պնդումը։
«Էդ ոնցա, որ վարչապետի հետ առնչություն ունեցող 52 պարեկային ծառայող չկա, իսկ նախկին բելառուսցի օլիգարխի հետ առնչություն ունեցող մարդ կարա լինի՞, դա նորմա՞լ է։ Եթե ես իմանամ, որ էդպիսի բան կա ու չեն հանել գործից, նա, ով չի հանել գործից ես իրան կհանեմ գործից։ Բա ոնցա կրակոցից հետո փախել Ծառուկյանի տղեն Հայաստանից։ Այդ հարցը պետք է պարզաբանվի, թե չէ։ Ովքեր պետք է կանխարգելեին դա՝ պետք է հանվեն գործից, և հանվել են գործից»,- ասել է Փաշինյանը։












