Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող մի շարք առևտրային կետերի ցուցափեղկերին այս օրերին հայտնվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները։ Այս մասին հայտնում է FIP.am-ը։
«Փաստերի ստուգման հարթակի» ներկայացրած ուսումնասիրության համաձայն՝ քարոզչական նյութերը նշյալ վարչական շրջանում փակցվել են զանգվածային և համակարգված՝ տարբեր խանութների և առևտրային օբյեկտների վրա՝ Զաքարիա Քանաքեռցու, Ուլնեցու, Էզրաս Հասրաթյան, Դրոյի, Պարույր Սևակի, Յաղուբյան և Լեփսիուսի փողոցներում։
Մինչդեռ «Ընտրական օրենսգիրքը» հստակ արգելում է նախընտրական քարոզչական նյութերի տեղադրումը առևտրային օբյեկտների վրա կամ դրանց ներսում։
Այսպես, ըստ Ընտրական օրենսգրքի (ԸՕ 21-րդ հոդվածի 2.1-րդ մաս)` արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։
«Կարաք, հանեք տանեք»,- ասել է ծաղկավաճառը՝ ցույց տալով իր կրպակի ապակուն փակցրած Փաշինյանի լուսանկարով պաստառը՝ ընդգծելով, որ քարոզչական պաստառը փակցրել է վարչական շրջանի ղեկավարը․ «Թաղապետն է կպցրել, մենք չենք կպցրել, սաղ խանութների վրա կպցրել ա։ Չեք զգացե՞լ Քանաքեռում, Զեյթունում սաղ Նիկոլի նկարներն ա»։
Եղել են առևտրի կետերի աշխատողներ, որոնք խոստովանել են, որ իրենք իրենց կամքով են Փաշինյանի քարոզչական պաստառը փակցրել։
«Թաղապետարանից եկել, ասել են՝ խոսել ենք խանութի տիրոջ հետ, ամեն ինչ ասված ա, պետք ա փակցնենք»,- նշել է խանութներից մեկի աշխատակիցը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։












