«Իմ կարծիքով՝ վարչապետ դառնալու համար պետք է IQ թեստ հանձնել»: Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը մայիսի 17-ին Չարենցավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ:
«Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում ես պնդելու եմ, որ որոշակի կրթական ցենզ լինի: Այստեղ նաև պետք է ժողովրդի հետ աշխատել, որ մարդիկ էլ հասկանան, որ ժողովրդական ֆիլտր էլ լինի, որ մարդիկ հասկանան, որ կրթություն ունեցող, գիտելիք ունեցող մարդն է կարող երկիրը առաջ տանել, ոչ միայն օրենսդրական: Այսպես ասենք, վերջը նույն ժողովուրդն ընտրել է մի մարդու, որը կրթություն չուներ բարձրագույն, որը հեռացված էր համալսարանից (խմբ. նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին)։ Մենք նաև պետք է աշխատենք ժողովրդի հետ բացատրելու համար»,- ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն։
Քոչարյանի կարծիքով՝ ամենից ճիշտը կիսանախագահական համակարգն էր: Վարչապետի թեկնածուն չի կասկածում, որ նախագահի լիազորությունները պետք է փոխվեն:
«Այսօր մենք ունենք դեկորատիվ նախագահ, որը կարող է ոչինչ չանել, չերևալ, պաղպաղակ ուտել, դաշնամուր նվագել, ունենալ 100 հոգանոց աշխատակազմ: Բյուջեի հաշվին ամենից անիմաստ պաշտոնն է այսօր, անհասկանալի, անիմաստ պաշտոն։ Պետք է լիազորությունների տեղաշարժ լինի»,- ասել է Քոչարյանը։
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին: Ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ: Նախընտրական քարոզարշավը կավարտվի հունիսի 5-ին: Խորհրդարանական հերթական ընտրությունները հունիսի 7-ին են:












