Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Աբխազիայի նախագահ Բադրա Գումբան 2025-ի մարտին ընտրվելուց հետո անցկացրել է իր առաջին խոշոր մամուլի ասուլիսը։ Թեև այն պաշտոնապես նվիրված էր վերջին մեկ տարվա ընթացքում կառավարության ձեռքբերումներին, քննարկումը հիմնականում վերածվել է տնտեսության վիճակի, ենթակառուցվածքային սահմանափակումների և արտաքին գործոններից, հատկապես Ռուսաստանից կախվածության վերաբերյալ մանրամասն զրույցի։
Մայիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսը Գումբան սկսել է դրական վիճակագրական տվյալների ներկայացմամբ՝ նշելով ՀՆԱ-ի ավելի քան 30 տոկոս աճը, բյուջետային եկամուտների ավելացումը մինչև 21,7 միլիարդ ռուբլի (300 միլիոն դոլար), ինչպես նաև ներքին եկամուտների մասնաբաժնի աճը՝ ավելի քան 61 տոկոս։
Սակայն լրագրողի առաջին իսկ հարցը՝ գնաճի և թանկացումների մասին, արագ փոխել է քննարկման ուղղությունը՝ ցույց տալով, որ մակրոտնտեսական ցուցանիշների հետևում ավելի խոցելի տնտեսական կառուցվածք է, որտեղ աճը զուգորդվում է սահմանափակ կայունության և ստվերային տնտեսության զգալի ծավալների հետ։
Գումբան ընդունել է, որ գնաճը նվազեցնում է քաղաքացիների իրական եկամուտները՝ նշելով, որ այն «տարեցտարի աճում է», և որ այս միտումը «նկատվում է ոչ միայն Աբխազիայում, այլ նաև հարևան երկրներում, իսկ պատճառները բավական ակնհայտ են»։
Խոսելով կառավարության արձագանքի մասին՝ Գումբան նշել է պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումը և մասնավոր հատվածը խթանելու փորձերը։ Սակայն հիմնական շեշտադրումը մեկ այլ ուղղությամբ էր՝ տնտեսությունը «մոխրագույն գոտուց» դուրս բերելու անհրաժեշտությունը։
Դրա հիմնական գործիքներից մեկը, ըստ նրա, հարկային վարչարարության լայնածավալ բարեփոխումն ու դրամարկղային սարքավորումների ներդրումն է։ Գումբայի խոսքով՝ արդեն սկսվել է ավելի քան հազար դրամարկղային սարքերի տեղադրման գործընթացը՝ չնայած որոշ բիզնեսների դիմադրությանը։
«Պետությունն այլևս չի կարող թույլ տալ, որ տնտեսությունը մնա մոխրագույն գոտում։ Այստեղ փոխզիջում հնարավոր չէ»,- ընդգծել է նա։
Այնուհետև Գումբան մամուլի ասուլիսի մի ամբողջ հատված նվիրել է էներգետիկային, որն Աբխազիայի ամենազգայուն թեմաներից է։
«Ձեզանից յուրաքանչյուրը հիշում է 2024-ը, երբ հովհարային անջատումները տևում էին 10-12 ժամ։ Ձեզանից յուրաքանչյուրը սեփական մաշկի վրա զգացել է, թե որքան դժվար է ապրել առանց ջերմության և լույսի»,- ասել է Գումբան։
Նա նշել է, որ էներգետիկ համակարգը քրոնիկ դեֆիցիտ է ապրում, իսկ ցանցային կորուստները պահանջում են ոչ միայն տեխնիկական լուծումներ, այլև ավելի խիստ վերահսկողություն։ Ի պատասխան՝ կառավարությունը հայտարարել է ենթակայանների վերակառուցման, էլեկտրահաղորդման գծերի թարմացման և սպառման հաշվառման համակարգի ներդրման մասին։
Միևնույն ժամանակ Գումբան նշել է, որ ներկայիս կայունության զգալի մասը ապահովվում է Ռուսաստանի աջակցության շնորհիվ։
«Սա հսկայական աջակցություն է։ Խոսքը ավելի քան 2 միլիարդ ռուբլու (28 միլիոն դոլար) մասին է»,- ասել է նա։
Գումբան հատուկ ուշադրություն է դարձրել նաև լոգիստիկային՝ առաջնային համարելով Սուխումի օդանավակայանի գործարկումը և հայտարարելով, որ ավիահաղորդակցության վերականգնումը պետք է դառնա տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը։
Նա նաև խոսել է Աբխազիայով անցնող տարանցիկ ուղիների զարգացման, երկաթուղային գծերի արդիականացման և ծովային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Օչամչիրեի նավահանգստի միջոցով տարանցման ծավալների ավելացման մասին։ Գումբան ակնհայտորեն հասկացրել է, որ կառավարությունը ակնկալում է հարկային եկամուտների աճ, նոր աշխատատեղեր և զբոսաշրջության զարգացում, սակայն ըստ էության այս փոփոխությունները ռուսական մասնակցության և ներդրումների միջոցով Աբխազիան ավելի ակտիվ տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի վերածելու փորձ են։
Ֆինանսական աջակցությունից բացի՝ մամուլի ասուլիսի զգալի հատվածը նվիրված էր նաև Ռուսաստանի հետ սոցիալական ոլորտում համագործակցությանը։ Այս առումով ամենազգայուն հարցերից մեկը դարձել է այն աբխազ քաղաքացիների վիճակը, որոնք Ռուսաստանում ստացել էին սոցիալական վճարներ և մայրական կապիտալ, ապա բախվել իրավական հետևանքների։
«Անձամբ ինձ համար սա առաջնահերթ հարց է»,- նշել է Գումբան՝ հավելելով, որ խնդրի լուծման իրավական մեխանիզմների վրա աշխատանք է տարվում։
Գումբան առանձին շնորհակալություն է հայտնել նաև ռուս գործընկերներին՝ լուծումների որոնմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ սոցիալական երաշխիքների շուրջ երկխոսությունը շարունակվելու է։
Վերջում Գումբան անդրադարձել է ժողովրդագրական քաղաքականությանն ու հայրենադարձությանը՝ ընդունելով, որ գործող մոդելը սպասված արդյունքները չի տվել։
«Մենք պետք է ամբողջությամբ վերագործարկենք հայրենադարձության հայեցակարգը։ Սա վերաբերում է ոչ միայն Թուրքիային, այլ նաև Ռուսաստանին, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի աբխազական համայնքների հետ փոխգործակցությանը»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, նրա ելույթը վկայում էր մոտեցումների ավելի լայն փոփոխության մասին՝ հայրենադարձներին առանձին բնակավայրերում տեղավորելու գաղափարից դեպի ավելի ինտեգրացիոն մոդել, որը ենթադրում է համատեղ բնակություն և ներգրավում գործող սոցիալական կառուցվածքներում, այդ թվում՝ երկրի ներսում երիտասարդ ընտանիքների աջակցություն։
Ընդհանուր առմամբ Գումբայի ելույթը ստեղծում էր երկակի պատկեր․ մի կողմից՝ մակրոտնտեսական ցուցանիշների աճ, բյուջեի ընդլայնում և ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկ, մյուս կողմից՝ կառուցվածքային սահմանափակումների ընդունում՝ գնաճի ճնշում, ստվերային տնտեսություն, էներգետիկ պակաս և արտաքին աջակցությունից մեծ կախվածություն։
OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։












