Գլխավոր Լրահոս

Կանանց ծեծի ենթարկելու պատճառով Կադիրովի «սիրելի» մարտիկը հեռացվել է ակումբից

Ջիhադ Յունուսովը

Ջիhադ Յունուսովը

Լուսանկարը՝ Akhmat Fight Club-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Չեչնիայում MMA մարտիկ Ջիհադ Յունուսովը, որը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի «սիրելիներից» է, հեռացվել է Akhmat Fight Club-ից Գրոզնիում երկու կանանց հետ ունեցած բախումից հետո։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է Յունուսովը բնակելի շենքի մուտքում ծեծի ենթարկում կանանց։

Ըստ հաղորդումների՝ բախումը սկսվել է մուտքում տեղադրված տեսահսկման տեսախցիկի պատճառով։ Տեսախցիկի տեսադաշտում հայտնվել է Յունուսովի բնակարանի դուռը, ինչն էլ վիճաբանության պատճառ է դարձել հարևանների միջև։ Տարածված կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը սկզբում գոռում կանանց վրա, որոնցից մեկը տարեց կին է, ապա սկսում հարվածել նրանց։

Տեսանյութի հրապարակումից հետո Չեչնիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել։ Գրոզնիի ոստիկանության բաժիններից մեկի պետի տեղակալ Սաիդ-Ահմեդ Արսունուկաևը նշել է, որ Ներքին գործերի նախարարությունը ստացել է հաղորդում երկու կանանց` Լորսանովայի և Դագաևայի նկատմամբ բռնության մասին։ Նրա խոսքով՝ հաղորդումն արդեն պաշտոնապես գրանցվել է, և ստուգումից հետո կընդունվի «օրինական որոշում»։ Հրապարակման պահին պաշտոնական տեղեկություն չկար, թե արդյոք Յունուսովը ձերբակալվել է։

Նույն օրը Akhmat Fight Club-ը հայտարարեց Յունուսովին ակումբից հեռացնելու մասին։ Ակումբի հայտարարության համաձայն՝ որոշումն ընդունվել է Չեչնիայի փոխվարչապետ և սպորտի նախարար Ահմատ Կադիրովի` Ռամզան Կադիրովի որդու հանձնարարությամբ։ Հայտարարության մեջ նշվում էր, որ մարտիկի վարքագիծը «չի համապատասխանում ակումբի բարոյական, հոգևոր և էթիկական նորմերին»։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր մարտիկների վարքագիծը վնասի այն ակումբի հեղինակությանը, որը նրանք ներկայացնում են, ինչպես նաև ամբողջ չեչեն ժողովրդի և հանրապետության հեղինակությանը», - ասված էր Akhmat-ի հայտարարությունում։

Ակումբը նաև ընդգծել է, որ կանանց և տարեցների նկատմամբ հարգալից վերաբերմունքը «միշտ առաջնահերթություն է եղել չեչեն ժողովրդի համար»։

Դեպքին անդրադարձել է նաև Չեչնիայի փոխվարչապետ և ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևը։ Նրա խոսքով՝ հանրապետությունում կանանց նկատմամբ բռնությունն «անընդունելի է թե՛ օրենքի, թե՛ կրոնական և ազգային նորմերի տեսանկյունից»։ Նա նշել է, որ միջադեպը «կստանա իրավական գնահատական»։

«Հասկանում եմ, որ մեր չարակամները շատ կցանկանային տեսնել իրավիճակ, որտեղ կանայք մեր տարածաշրջանում անպաշտպան են։ Բայց Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի կամային քաղաքականության շնորհիվ հանրապետությունում կանայք պաշտպանված են օրենքով, կրոնական նորմերով և հանրապետության ժողովուրդների ավանդույթներով։ Բնականաբար, այս միջադեպը կստանա իրավական գնահատական, իսկ մեղավորը կստանա արժանի պատիժ», - հայտարարել է նախարարը։

Սակայն հրապարակման պահին մարզիկի դեմ քրեական գործի հարուցման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չկար։ Ռուսաստանի օրենսդրությունը, կախված վնասվածքների ծանրությունից, նախատեսում է ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվություն ծեծի համար։

35-ամյա Յունուսովը Չեչնիայի ամենահայտնի MMA մարտիկներից է։ Ըստ չեչեն ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրահմանովի՝ Յունուսովը «Կադիրովի սիրելիներից է»։

Յունուսովը հանդես է եկել փետերքաշային կարգում և մասնակցել ACA, WFCA և ACB մրցաշարերին։ Մասնագիտացված մարզական ռեսուրսների տվյալներով՝ նա իր MMA կարիերան սկսել է 2012-ին։ Յունուսովն անցկացրել է ավելի քան 25 մենամարտ։ Նրա հաղթանակների թվում կան ռուս և արտասահմանցի մրցակիցներ, այդ թվում՝ բրազիլացի Լեոնարդո Լիմբերգերը և վրացի Պաատա Ռոբախիձեն։

Յունուսովը MMA-ի աշխարհի գավաթակիր է և Չեչնիայի չեմպիոն։ Նա նաև Combat Sambo-ի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր է և ունեցել է ԱՊՀ ջիու-ջիցուի չեմպիոնական գոտի։

Յունուսովն առավել ակտիվ հանդես է եկել Akhmat ակումբի հետ կապված WFCA և ACA լիգաներում։ 2021-ին նա մի քանի նշանակալի հաղթանակ էր տարել, սակայն հետագայում արդյունքները վատացել էին։ Մարտիկի վերջին պաշտոնական մենամարտը տեղի է ունեցել 2024-ի օգոստոսին ACA 178 մրցաշարում, որտեղ նա դատավորների որոշմամբ պարտվել է Հաֆիզ Սակիբեկովին։ Այդ պարտությունը նրա երրորդ անընդմեջ պարտությունն էր։ Դրանից հետո Յունուսովը փաստացի անհետացել է պրոֆեսիոնալ մրցաշարերից, թեև 2026-ի սկզբին հայտնել էր, որ հանդիպել է ACA-ի ղեկավարության հետ և ակնարկել էր սպորտ վերադառնալու հնարավորության մասին։ Սակայն նոր մենամարտ պաշտոնապես չէր հայտարարվել։

ACA-ի նախագահ Մագոմեդ Բիբուլատովը ևս սոցիալական ցանցերում անդրադարձել է Յունուսովի գործողություններին՝ ընդգծելով, որ մարզիկն այլևս որևէ կապ չունի կազմակերպության հետ։

«Կցանկանայի մեկնաբանել Ջիհադ Յունուսովի հետ կապված իրավիճակը։ Նա ACA լիգայում իր վերջին մենամարտն անցկացրել է երկու տարի առաջ, որից հետո որոշում է կայացվել խզել պայմանագիրը։ Պատճառը պարտությունների շարքն էր, որն արդեն հասել էր երեքի։ Ուստի, երբ այսօր լրատվամիջոցները գրում են՝ «ACA լիգայի մարտիկն արել է այս կամ այն բանը», պետք է ստուգել տեղեկությունը։ Յունուսովը վաղուց ACA-ի մարտիկ չէ, և լիգան պատասխանատվություն չի կրում նրա գործողությունների համար։ ACA-ն հավանություն չի տալիս նման վարքագծին՝ անկախ նրանից՝ խոսքը պայմանագրով գործող, թե արդեն հեռացված մարզիկների մասին է», - ասել է Բիբուլատովը։

Ինքը՝ Յունուսովը, մինչ այժմ հրապարակային չի մեկնաբանել միջադեպը։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում