Գլխավոր Լրահոս

Վրաստանի տեղական արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի

Բաթումիի նավահանգիստը

Բաթումիի նավահանգիստը

Լուսանկարը՝ BICT

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հայտարարել է, որ 2026-ի առաջին չորս ամիսներին երկրի արտաքին առևտրի ցուցանիշները զգալի աճ են արձանագրել․ ընդհանուր արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 21,1 տոկոսով՝ հասնելով 2,4 միլիարդ դոլարի, իսկ տեղական արտահանումը հասել է ռեկորդային՝ 1,5 միլիարդ դոլարի։

Գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կտրուկ նվազել է մարդատար ավտոմեքենաների վերաարտահանումը․ այն կրճատվել է 217 միլիոն դոլարով կամ 29 տոկոսով՝ կազմելով 537 միլիոն դոլար։

Միևնույն ժամանակ, նավթամթերքի արտահանումն աճել է բացառիկ՝ 922 տոկոսով, ինչը պայմանավորված է Վրաստանի առաջին լիարժեք նավթավերամշակման գործարանի՝ Black Sea Petroleum-ի գործարկմամբ։ Ընդհանուր առմամբ, հունվար-ապրիլին Վրաստանը արտահանել է 324 միլիոն դոլարի նավթամթերք։

Թանկարժեք մետաղների հանքաքարերն ու խտանյութերը զբաղեցրել են երրորդ տեղը՝ հասնելով 225 միլիոն դոլարի, ինչը 134 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Երկիրը նաև ավելացրել է ֆեռոհամաձուլվածքների, պղնձի հանքաքարերի, գինու, հանքային ջրի, գազավորված զովացուցիչ ըմպելիքների և լիմոնադների, պնդուկի և այլ ապրանքների արտահանումը, մինչդեռ ալկոհոլային խմիչքների արտահանումը նվազել է։

Geostat-ը ներկայացրել է Վրաստանի հունվար-ապրիլ ամիսների արտահանման կառուցվածքը․

  • Մարդատար ավտոմեքենաներ՝ 537,4 միլիոն դոլար (29 տոկոս նվազում)

  • Նավթ և նավթամթերք՝ 324,1 միլիոն դոլար (922 տոկոս աճ)

  • Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր՝ 225,1 միլիոն դոլար (134 տոկոս աճ)

  • Ֆեռոհամաձուլվածքներ՝ 94,6 միլիոն դոլար (92 տոկոս աճ)

  • Պղնձի հանքաքարեր և խտանյութեր՝ 80,1 միլիոն դոլար (119 տոկոս աճ)

  • Ալկոհոլային խմիչքներ՝ 75,9 միլիոն դոլար (1 տոկոս նվազում)

  • Բնական խաղողի գինիներ՝ 73,5 միլիոն դոլար (2 տոկոս աճ)

  • Հանքային և բնական ջրեր՝ առանց շաքարի հավելման՝ 63,9 միլիոն դոլար (10 տոկոս աճ)

  • Շաքար պարունակող գազավորված զովացուցիչ ըմպելիքներ՝ 61 միլիոն դոլար (39 տոկոս աճ)

  • Պնդուկ և ընդեղենի այլ տեսակներ՝ 59,7 միլիոն դոլար (58 տոկոս աճ)

Տեղական արտահանումը տարվա առաջին չորս ամիսներին հասել է պատմական առավելագույնի։ Տեղական արտադրության ապրանքների արտահանումից ստացված եկամուտը կազմել է 1,551 միլիարդ դոլար՝ տարեկան աճելով 73,5 տոկոսով և գերազանցելով 2022-ին սահմանված նախորդ քառամսյակային ռեկորդը՝ 1,2 միլիարդ դոլարը։

Արդյունքում տեղական արտահանման մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ աճել է մինչև 63,6 տոկոս՝ դառնալով այս ժամանակահատվածի համար երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշը։ Կտրուկ աճը հիմնականում պայմանավորված է նավթի և նավթամթերքի տեղական վերամշակման և հետագա արտահանման մեկնարկով։ Հունվար-ապրիլին նավթամթերքը կազմել է տեղական արտահանման մոտ մեկ հինգերորդը։

Արտահանման առաջատար տասը կատեգորիաներից աճ է գրանցվել բոլոր հիմնական ապրանքների դեպքում, բացառությամբ ալկոհոլային խմիչքների, որոնց վաճառքները նվազել են։

Չինաստանը, որի հետ Վրաստանը փորձում է խորացնել տնտեսական և քաղաքական կապերը, հաշվետու ժամանակահատվածում դարձել է Վրաստանի արտահանման գլխավոր ուղղությունը։ Դա մեծապես պայմանավորված է չինական շուկա պղնձի և թանկարժեք մետաղների հանքաքարերի արտահանման զգալի աճով։ Առաջատար տասը գործընկեր երկրները միասին կազմել են Վրաստանի ընդհանուր տեղական արտահանման 69 տոկոսը։

Տեղական արտահանման հիմնական ուղղություններն են եղել Չինաստանը, Ռուսաստանը և Թուրքիան։

Սակայն Կենտրոնական բանկի նախկին նախագահ և տնտեսագետ Ռոման Գոցիրիձեն OC Media-ին ասում է, որ ցուցանիշները «մշուշոտ և ոչ հստակ» են և հիմնականում ցույց են տալիս, որ Վրաստանի տեղական արտահանման ռեկորդային աճը պայմանավորված է ռուսական նավթամթերքի արտահանմամբ։

«Ցանկում կա Տոգոն՝ աֆրիկյան մի երկիր, որը կիսամշակված դիզելային արտադրանքի կարիք չունի», - ասել է նա։ «Սա նշանակում է ռուսական նավթամթերքի արտահանում՝ պատժամիջոցները շրջանցելով»։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում