Գլխավոր Լրահոս

«Ականատեսը» պահանջում է դադարեցնել Արթուր Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը

«Ականատեսը» պահանջում է դադարեցնել Արթուր Օսիպյանի դեմ քրեական հետապնդումը

«Ականատես» դիտորդական առաքելությունն անօրինական և առերևույթ չհիմնավորված է որակել արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն ու կալանավորման միջնորդությունը՝ կոչ անելով իրավապահներին դադարեցնել քաղաքական ենթատեքստ պարունակող գործընթացը։ Կազմակերպությունը հայտարարել է, որ Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև սուր բանավեճը գտնվել է քաղաքական քննադատության շրջանակում և չի կարող որակվել որպես խուլիգանություն։ 

Մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։

«Ականատեսի» գնահատմամբ՝ Օսիպյանի արտահայտությունները, թեև պարունակել են կոշտ և սուր, որոշ մասով անհարիր խոսույթ պարունակող քաղաքական քննադատություններ, այնուամենայնիվ գտնվել են քաղաքական քննադատության շրջանակում, այդ թվում՝ Արցախում տեղ գտած կոռուպցիոն դրսևորումները քննադատող արտահայտությունները և հանդիպմանը նախորդած սոցիալական ցանցում արված գրառման մեջ տեղ գտած խոսույթը։

«Տվյալ իրավիճակում նրա ընդդիմախոս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվել են ոչ պակաս կոշտ և անգամ ավելի սուր գնահատականներ ու արձագանքներ, ինչը վկայում է փոխադարձ էմոցիոնալ և քաղաքական բախման մասին։

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի դեպքում խիստ մտահոգիչ և անընդունելի են Արցախից բռնի տեղահանված անձանց ուղղված անպատշաճ արտահայտությունները, որոնք հերթական անգամ սրում են հանրային տրամադրւթյուններն ու խորացնում բևեռացումը։

Նման պայմաններում կողմերի արտահայտությունները, անհրաժեշտության դեպքում, վերջիններիս նախաձեռնությամբ կարող են գնահատման առարկա դառնալ բացառապես վիրավորանքի կամ զրպարտության իրավական համատեքստում։ Սակայն դրանք չեն կարող ողջամտորեն որակվել որպես խուլիգանություն, քարոզչությանը խոչընդոտում կամ առավել ևս՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնել կամ քարոզել»,- ասված է հայտարարության մեջ։

«Ականատես»-ը կոչ է անում իրավապահ մարմիններին դադարեցնել անհիմն և քաղաքական ենթատեքստ ստեղծող քրեական հետապնդումը, առաջնորդվել բացառապես իրավունքի գերակայության, օրինականության և համաչափության սկզբունքներով, ինչպես նաև զերծ մնալ քաղաքական գործընթացների նկատմամբ որևէ միջամտության կամ ազդեցության տպավորություն ստեղծող գործելակերպից։

«Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ատելության խոսքից և քաղաքական հակառակորդների դեմ անհանդուրժողականության խորացմանն ուղղված խոսույթից՝ նպաստելով հանրային համերաշխության և իրավական պետության սկզբունքների պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ։ 

Մայիսի 19-ին Արթուր Օսիպյանն իր ֆեյսբուքյան էջում հետևալ գրառումն էր արել․ «Թե Նիկոլի տեղը իմացող կա ասեք բռնցնեմ բնբուլները հանեմ օդ։ Բա կերավ մեր միսը»։

Գրառումից հետո Օսիպյանը գնացել է Արաբկիր վարչական շրջան, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագրի նախընտրական քարոզարշավն էր իրականացնում։ Վարչապետի սոցիալական էջերի ուղիղ եթերում երևում է, թե ինչպես է Օսիպյանը մոտենում վարչապետին և Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հարցեր ուղղում, այնուհետև մեղադրանքներ հնչեցնում։ Նրանց զրույցը վերածվում է բանավեճի, կռվի։ Այնուհետև ակցիայի մասնակիցներն սկսում են քաշքշել Օսիպյանին, և դեպքի վայր են ժամանում ոստիկանության աշխատակիցներ։ Զուգաահեռաբար Փաշինյանը շարունակում է վիրավորական արտահայտություններ հնչեցնել օսիպյանի հասցեին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում