«Արարատցեմենտ» ընկերության 2002-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերված խախտումների փաստով մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Դատախազության հայտարարությանը նախորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Մայիսի 20-ին Շնող բնակավայրում քարոզարշավի ժամանակ վարչապետն ասել է, որ ԲԿՀ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը շուտով վերադարձվելու է պետությանը։
Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գերատեսչությունն ուսումնասիրել է Կառավարության 2002-ի սեպտեմբերի 12-ին օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:
«Ուսումնասիրությամբ ձեռք բերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի կապակցությամբ դատախազը 2026-ի մայիսի 5-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
Հաղորդման հիման վրա մայիսի 7-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) հատկանիշներով»,- ասված է Դատախազության հաղորդագրության մեջ:
Հաղորդման հիմքում, ի թիվս այլ հայտնաբերված խախտումների, ներառվել են մասնավորեցման գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ, մասնավորապես.
Կառավարության 2001-ի հուլիսի 31-ի թիվ 690 որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով:
Գնման առաջարկ է ներկայացվել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունների կողմից:
2001-ի սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն 2001-ի հոկտեմբերի 22-ին վերջինս Պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը:
Կառավարության 2002-ի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող 317,003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10,000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցվել են «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը: Նույն որոշման 2-րդ կետով՝ մասնավորեցվող բաժնետոմսերի գին է սահմանվել 200,000 դոլարը:
«Ռոբերտո» ընկերության հիմնադիրները, սակայն, եղել են ՀՀ քաղաքացիներ Ազատ, Ռոբերտ և Ռոման Մուրադյանները, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը կազմել է 250,000 բելգիական ֆրանկ (այն ժամանակ եվրոն դեռ գործածության մեջ չէր): Այսինքն՝ ընկերության ընդհանուր կապիտալը եղել է 750,000 ֆրանկ (հավասար է 18,592 եվրոյի):
«Ռոբերտո» ընկերության կառավարիչ է նշանակվել Վահագն Գուլոյանը, ով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խնամու՝ նախկին պատգամավոր Մուրադ Գուլոյանի կրտսեր եղբայրն է, Ծառուկյանի փեսայի՝ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի հորեղբայրը:
«Արարատցեմենտ» ընկերությունը մասնավորեցնելու՝ Կառավարության որոշումից 6 ամիս անց՝ 2003-ի մարտի 23-ին, «Ռոբերտո» ընկերության ժողովը որոշել է ընկերության միանձնյա կառավարիչ նշանակել Գագիկ Ծառուկյանին՝ առանց ժամկետի սահմանափակման:
2003-ի հունիսի 26-ին Բրյուսելի դատարանը հայտարարել է «Ռոբերտո» ընկերության լուծարման գործընթացի մասին, որն ավարտվել է 5 տարի անց՝ 2008-ի դեկտեմբերի 18-ին:
Վարույթի քննությանը զուգահեռ՝ Դատախազությունը շարունակել է իրականացնել պետական շահերի պաշտպանության լիազորությունից բխող իր գործառույթները, այդ թվում՝ 2026-ի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:












