ՔԿ-ն մեղադրում է Նարեկ Կարապետյանին այլ երկրի քաղաքացիությունը թաքցնելու մեջ. Կարապետյանը հերքում է

««Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը»,- այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեն։ Նարեկ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բացի ՀՀ քաղաքացիությունից երբեք չի ունեցել այլ երկրի քաղաքացիություն։
«Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի: Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից»,- գրել է Կարապետյանը:
Նախընտրական քարոզարշավից 12 օր անց Քննչական կոմիտեն ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման հիման վրա հայտարարել է, որ 2026-ի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը:
«Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը)»,- հայտնել են ՔԿ-ից:
Հաղորդումը, որի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել, չի հստակեցնում՝ Կարապետյանն ունի՞, թե՞ ունեցել է այլ երկրի քաղաքացիություն։
ՍիվիլՆեթը փորձեց մանրամասներ ճշտել կոմիտեից, սակայն կառույցից հայտնեցին, որ նախաքննություն է ընթանում, այլ մեկնաբանություն չեն անում։
Քննչական կոմիտեի հաղորդագրությանը նախորդել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությունը, որտեղ նշվում էր, որ հանձնաժողովը ստուգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի թեկնածու Նարեկ Կարապետյանի՝ միայն ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ փաստաթղթերը թեկնածուներին գրանցելու ընթացքում։ ԿԸՀ-ն ենթադրյալ խախտման մասին որևէ բան չի նշում, այլապես, ըստ օրենքի՝ հանձնաժողովը կմերժեր գրանցել Նարեկ Կարապետյանի թեկնածությունը։
Կազմակերպություն
Ալեքսանդր Պրախտ










