Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Գերմանական Զաարբրյուքեն քաղաքը, որը 1975-ից Թբիլիսիի քույր քաղաք է, պատրաստվում է խզել պաշտոնական կապերը Վրաստանի մայրաքաղաքի հետ՝ պատճառաբանելով երկրում ժողովրդավարական հետընթացը։ Ի պատասխան՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «ցավակցություն» է հայտնել գերմանացի ժողովրդին՝ պնդելով, որ գերմանական բյուրոկրատիան «խորքային պետության գերին է»։
Տասնամյակների քույր քաղաքների հարաբերությունների հնարավոր խզման մասին մայիսի 18-ին հայտնել էին գերմանական լրատվամիջոցները։ Ըստ Saarbrücker Zeitung-ի տեղեկությունների՝ քաղաքային խորհուրդը պետք է քննարկեր Զաարբրյուքենի քաղաքապետ Ուվե Կոնրադտի ներկայացրած առաջարկը։
Կոնրադտը ներկայացնում է կենտրոնամետ աջ Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (CDU), որը Գերմանիայում կառավարում է կենտրոնամետ ձախ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) հետ կոալիցիայով։
«Բնականաբար, առաջարկը չի առաջացել քմահաճույքից ելնելով. այս արմատական քայլի համար կան հստակ պատճառներ, որոնք կապված են Վրաստանում քաղաքական զարգացումների հետ», - գրել է պարբերականը։
Իր հիմնավորման մեջ քաղաքային վարչակազմը նշել է վրացական իշխանությունների կողմից այլախոհների նկատմամբ աճող ճնշումները՝ ընդգծելով կառավարության ջանքերը՝ «ակտիվորեն հետ շրջելու ժողովրդավարությունը, ազատությունն ու մարդու իրավունքները»։
Արձագանքելով որոշմանը՝ Կալաձեն, որը նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղարն է, հրապարակել է երկար հայտարարություն։ Նա Գերմանիայի ներկայիս իշխանություններին անվանել է «խորքային պետությանը հնազանդ գերմանական բյուրոկրատիա»՝ պնդելով, որ նրանց որոշումները «նույնիսկ պատմական բարեկամությունը վերածել են քաղաքական շահարկման առարկայի»։
Կալաձեի խոսքով՝ Գերմանիան «գործնականում խրվում է ճահճի մեջ»՝ «ոչ պաշտոնական օլիգարխիկ ազդեցության տակ գործող առաջնորդների և քաղաքական գործիչների» պատճառով, և բախվում է «տնտեսական ճգնաժամի, հանցավորության աղետալի աճի, ժողովրդագրական խնդիրների, միգրացիոն ճգնաժամի, սոցիալական լարվածության և արժեքների ճգնաժամի»։
«Վերոնշյալ քայլը, թերևս, լավագույնս արտացոլում է այն աբսուրդային և ողբերգական իրավիճակը, որում հայտնվել է Գերմանիայի բնակչությունը ներկայիս բյուրոկրատիայի պայմաններում՝ բյուրոկրատիա, որը ծառայում է ոչ թե գերմանացիների, այլ խորքային պետության շահերին», - հայտարարել է Կալաձեն։
«Վրացական երազանքի» ներկայացուցիչները հաճախ օգտագործում են «խորքային պետություն» և «համաշխարհային պատերազմի կուսակցություն» եզրույթները՝ նկարագրելու համար այն, ինչ իրենք համարում են ստվերային ուժեր, որոնք փորձում են Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ և տապալել կառավարությունը։
Գերմանիան արևմտյան այն երկրների թվում է, որոնց հարաբերությունները վրացական կառավարության հետ վերջին տարիներին վատթարացել են՝ երկրում ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Բեռլինը նախկինում կասեցրել էր Վրաստանի հետ 237 միլիոն եվրո (256 միլիոն դոլար) արժողությամբ ծրագրերը և մուտքի արգելքներ սահմանել վրացի պաշտոնյաների նկատմամբ։
Ինչպես է իր որոշումը բացատրում Զաարբրյուքենը
Զաարբրյուքենի քաղաքային վարչակազմը նշել է, որ Վրաստանի ընտրական համակարգը ձևափոխվել է իշխող կուսակցության շահերին համապատասխան, դատարանները համալրվել են իշխանություններին հավատարիմ անձանցով, ինչպես նաև ընդունվել են սահմանափակող օրենքներ՝ ուղղված քաղաքացիական հասարակության, մամուլի ազատության, հավաքների և արտահայտման ազատության սահմանափակմանը։
Այն նաև մատնանշել է իշխող կուսակցության՝ ընդդիմադիր կուսակցություններն արգելելու փորձերը, հակակառավարական ցույցերի դաժան ցրումը և քվիր համայնքի թիրախավորումը։
«Եթե ամիսներ առաջ անգամ երթևեկությունը խոչընդոտող ցույցին մասնակցությունը խնդիր չէր համարվում, ապա այժմ ճանապարհի վրա կանգնելը վարչական խախտումից աստիճանաբար վերածվել է քրեական արարքի», - նշված է քաղաքի գնահատականում, որում ասվում է նաև, որ Վրաստանը շարժվում է «միակուսակցական պետության, ոստիկանական պետության և դիկտատուրայի» ուղղությամբ։
Saarbrücker Zeitung-ի տեղեկություններով՝ քաղաքային վարչակազմը խորհուրդ է տվել «մինչև հետագա որոշումը կասեցնել Թբիլիսիի հետ բոլոր կապերը»։ Միևնույն ժամանակ, քույր քաղաքների հարաբերությունները ամբողջությամբ չեն խզվելու․ քաղաքը շեշտել է, որ այդ քայլը պետք է իրականացվի «առանց քաղաքացիական հասարակության փոխանակումների աջակցությունը դադարեցնելու»։
Պարբերականը հավելել է, որ Ուվե Կոնրադտը քաղաքային խորհրդում լայն աջակցություն կստանա այս առաջարկի համար։
Թբիլիսին և Զաարբրյուքենը քույր քաղաքներ են դարձել 1975-ի մարտին, երբ Վրաստանը Խորհրդային Միության կազմում էր, իսկ Արևմտյան Գերմանիան, որի մաս էր Սաարբրյուքենը, առանձին պետություն էր։ Համաձայնագիրը ներկայացվել էր որպես Արևմտյան Գերմանիայի և ԽՍՀՄ քաղաքների միջև առաջին պաշտոնական քույր քաղաքների գործընկերությունը։
Համաձայնագրից հետո Թբիլիսիի կենտրոնական հրապարակներից մեկը կոչվել է Զաարբրյուքենի անունով, իսկ գերմանական քաղաքում մի հրապարակ անվանակոչվել է Թբիլիսիի պատվին։
Երկու քաղաքների հարաբերությունները սրվել էին մինչև Զաարբրյուքենի քաղաքապետի վերջին նախաձեռնությունը։ Քույր քաղաքների համագործակցության 50-ամյակի առիթով գերմանական քաղաքը չեղարկել էր պաշտոնական հոբելյանական միջոցառումը և հանդիպել միայն վրացական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Սա փաստացի նշանակում էր Կախա Կալաձեին չհրավիրել միջոցառմանը։ Այդ ժամանակից ի վեր, ըստ տեղեկությունների, պաշտոնական շփումներ չեն եղել», - գրել է Saarbrücker Zeitung-ը։












