Գլխավոր Լրահոս

Վրաստանը դատապարտում է ոստիկանական ուժի կիրառումը Դանիայում

Իրակլի Կոբախիձեն

Իրակլի Կոբախիձեն

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանը «մտահոգություն» է հայտնել Կոպենհագենում ոստիկանության կողմից պաղեստինամետ փոքր ցույցի ցրման կապակցությամբ և Եվրամիությանը կոչ է արել արձագանքել։ Միևնույն ժամանակ, վրացական իշխանությունները տարիներ շարունակ ԵՄ-ի և անդամ պետությունների քննադատությանն են արժանանում ցուցարարների և քննադատների նկատմամբ ուժ կիրառելու և ճնշումների համար։

Դատապարտող հայտարարությունը ներառված էր վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ մայիսի 19-ին հրապարակած բաց նամակում։ Այն ուղղված էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային։

Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը, «որպես եվրոպական քաղաքակրթության մաս և ԵՄ անդամակցության թեկնածու երկիր», հարցեր ունի «Եվրոպայի սրտում՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի ունեցած մտահոգիչ իրադարձությունների» վերաբերյալ, որոնք, նրա խոսքով, «ոչ մի կապ չունեն ոչ Եվրոպայի, ոչ էլ եվրոպական արժեքների հետ»։

Կոբախիձեն նշել է, որ եթե տարիներ շարունակ Եվրոպան դիտարկվում էր որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների չափանիշ, ապա «այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում հակառակ միտումը»։

«Վրաստանի համար, ինչպես նաև ժողովրդավարական արժեքներին հավատարիմ ցանկացած երկրի համար, և՛ այն բռնությունը, որին ականատես եղանք Կոպենհագենում, և՛ այն փաստը, որ ԵՄ-ն այլևս չի պահպանում իր հիմնարար սկզբունքները, կտրականապես անընդունելի են», - հավելել է Կոբախիձեն։

Նա նաև հարց է բարձրացրել, թե ուր է շարժվում Եվրոպան՝ «ժողովրդավարական հետընթացի և տնտեսական լճացման», ինչպես նաև «միգրացիոն ճգնաժամի» և «ազգային ու սեռական ինքնությունների թուլացման» պայմաններում։

Նամակում հիշատակված իրադարձությունները տեղի են ունեցել մայիսի 13-ին Կոպենհագենում, երբ ակտիվիստների մի խումբ նստացույցով փակել էր դանիական Maersk նավագնացային և լոգիստիկ ընկերության գլխավոր գրասենյակի մուտքը։ Դանիական DR հեռարձակողի հաղորդմամբ՝ ակտիվիստները բողոքում էին Իսրայել զենք տեղափոխելու մեջ Maersk-ի ենթադրյալ ներգրավվածության դեմ։

Տեսանյութերում երևում էր, թե ինչպես է ոստիկանությունը մահակներով հարվածում ցուցարարներին և օգտագործում վարժեցված շներ՝ նրանց մուտքից հեռացնելու համար։

Վրացական իշխանամետ շրջանակները մեծ ուշադրություն են դարձրել այս միջադեպին։ Իշխանամետ Imedi հեռուստաընկերությունը հարցումներ է ուղարկել Դանիայի արտաքին գործերի նախարարություն, իսկ «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն ու նրանց հետ կապված պատգամավորները, ինչպես նաև փոխվարչապետ Մամուկա Մդինարաձեն հանդես են եկել մեկնաբանություններով։

«Եվրոպական բյուրոկրատիան այնքան խորն է ընկղմվել երկակի ստանդարտների մեջ, որ ամբողջությամբ մոռացել է այն արժեքները, որոնց վրա կառուցվել էր Եվրոպան», - հայտարարել է «Վրացական երազանքի» պատգամավոր Ռատի Իոնաթամիշվիլին։

Վրաստանի ուշադրությունը Դանիայում ոստիկանության գործողություններին տեղի է ունենում Եվրամիության և արևմտյան այլ գործընկերների քննադատությունների ֆոնին, որոնք Վրաստանը ստանում է հակաիշխանական բողոքի ցույցերը բռնի ցրելու համար։

Չնայած բազմաթիվ տուժածների ցուցմունքներին, որոնք նկարագրում էին ոստիկանության կողմից ծանր ծեծի և նվաստացման դեպքեր, մինչև վերջերս իրավապահների նկատմամբ պատժի որևէ հրապարակային հայտնի դեպք չէր եղել։

Գլխավոր դատախազությունը միայն մայիսի 7-ին հայտարարեց, որ հինգ ոստիկանների մեղադրանք է առաջադրվել ցուցարարի, քաղաքական գործչի և լրագրողի նկատմամբ բռնության համար։ Սակայն քննադատները մատնանշեցին ոստիկանության բռնությունների ծավալը՝ պնդելով, որ հինգ անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելը չի կարող համարվել պատասխանատվության արդյունավետ մեխանիզմ։

Հարաբերությունների վատթարացում

Վերջին տարիներին՝ «Վրացական երազանքի» կողմից մի շարք սահմանափակող օրենքների ընդունումից, հակակառավարական ցուցարարների նկատմամբ բռնությունից և 2024-ի վիճահարույց խորհրդարանական ընտրություններից հետո, Վրաստանի հարաբերությունները իր ավանդական միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ, կտրուկ վատթարացել են։

Այս գործընթացն ուղեկցվել է իշխող կուսակցության և նրա համախոհների պնդումներով, թե «համաշխարհային պատերազմի կուսակցությունը» կամ «խորքային պետությունը» վերահսկողություն են հաստատել Արևմուտքի, այդ թվում՝ Եվրոպայի նկատմամբ և փորձում են խաթարել Վրաստանի ինքնիշխանությունը։

Այս ֆոնին 2024-ի նոյեմբերին «Վրացական երազանքի» կառավարությունը հայտարարեց մինչև 2028-ը ԵՄ անդամակցության բանակցությունների «հետաձգման» մասին։ Սա զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձավ Թբիլիսիում և այլ քաղաքներում։

Իշխանությունները պատասխանեցին ինչպես ոստիկանական բռնությամբ, այնպես էլ նոր սահմանափակող օրենքներով՝ ուղղված փողոցային բողոքներին, մեդիային, քաղաքացիական հասարակությանը և քաղաքական ընդդիմությանը։ Տասնյակ ցուցարարներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ և մեդիա հարթակի հիմնադիր կալանավորվեցին տարբեր մեղադրանքներով։

Այս զարգացումները ավելի են սրել հարաբերությունները ԵՄ-ի հետ, որը 2025-ի խիստ քննադատական զեկույցում Վրաստանը բնութագրել էր որպես «միայն անունով թեկնածու երկիր»՝ ընդգծելով 2023-ին տրված թեկնածուի կարգավիճակի հեղինակազրկումը։

Այս իրադարձությունները նաև վտանգի տակ են դրել Վրաստանի և ԵՄ-ի միջև 2017-ից գործող առանց վիզայի ռեժիմը՝ առաջ բերելով դրա հնարավոր կասեցման հեռանկարը։

Ի պատասխան ԵՄ քննադատության՝ իշխող կուսակցությունը բազմիցս մեղադրել է Բրյուսելին շանտաժի, ստի, «արմատականությունն ու ապատեղեկատվությունը» ֆինանսավորելու և եվրոպական արժեքներից շեղվելու մեջ։

Միևնույն ժամանակ, Թբիլիսին հերքում է, որ ինքն է խզել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ փոխարենը մեղադրելով վերջինիս քաղաքական երկխոսությունը «միակողմանիորեն» դադարեցնելու մեջ։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում