Գլխավոր Լրահոս

Բանտարկյալների թվով Ադրբեջանը և Վրաստանը Եվրոպայի առաջատար երկրների շարքում են

Բանտարկյալների թվով Ադրբեջանը և Վրաստանը Եվրոպայի առաջատար երկրների շարքում են

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Եվրոպայի խորհրդի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Եվրոպայում Թուրքիայից հետո երկրորդ տեղում է բնակչության թվի նկատմամբ բանտարկյալների ցուցանիշով՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով ունենալով 270 կալանավոր, իսկ Վրաստանը չորրորդն է՝ 232 կալանավոր 100 հազար բնակչի հաշվով։

Առաջին տեղում Թուրքիան է՝ 458 բանտարկյալ 100 հազար բնակչի հաշվով։ Այս տվյալները ներկայացված են SPACE I 2025 զեկույցում, որն ընդգրկում է ԵՄ և հարևան երկրների 51 քրեակատարողական համակարգ։

Հունվարի 31-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի երկրներում կա ավելի քան 1,1 միլիոն բանտարկյալ։

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի բանտերը նաև առաջատարներից են բանտերի գերբնակեցվածության ցուցանիշով․ Ադրբեջանում յուրաքանչյուր 100 հասանելի տեղի հաշվով կա 98 բանտարկյալ, իսկ Վրաստանում՝ 90։ Այս ցուցանիշով Ադրբեջանը ներառված է «գրեթե ամբողջությամբ լցված» բանտային համակարգ ունեցող երկրների ցանկում։

Ադրբեջանում կանանց մասնաբաժինը բանտերում համեմատաբար ցածր է՝ 3,1 տոկոս։ Սակայն 50 և ավելի տարեկան բանտարկյալների վերաբերյալ տվյալներ Ադրբեջանում հասանելի չեն։

Վրաստանում կին բանտարկյալների տոկոսը ավելի բարձր է, քան Ադրբեջանում՝ 4,4 տոկոս, սակայն բացարձակ թվերով այն կազմում է 377, ինչը ցածր է Ադրբեջանի ցուցանիշից՝ 863։

Մեկ աշխատակցի հաշվով բանտարկյալների հարաբերակցության տվյալները Ադրբեջանում նույնպես հասանելի չեն։ Իշխանությունները հայտարարել են, որ օրենսդրության համաձայն՝ նման վիճակագրությունը համարվում է գաղտնի տեղեկատվություն։ Վրաստանի դեպքում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում, նույն ցուցանիշը գնահատվել է որպես «շատ բարձր»՝ եվրոպական միջինից ավելի քան 25 տոկոսով բարձր։

Զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում ազատ արձակված 297 կալանավորներից 62-ը ներում են ստացել, երեքը ազատ են արձակվել առողջական խնդիրների պատճառով, իսկ 56-ը՝ այլ հիմքերով։

Միջին ազատազրկման ժամկետի առումով Ադրբեջանը երկրորդ տեղում է Ուկրաինայից հետո․ Ուկրաինայում այն կազմում է 39 ամիս, Ադրբեջանում՝ 36 ամիս, իսկ Վրաստանում՝ 14 ամիս։ Ադրբեջանում միջին ազատազրկման ժամկետը չորս անգամ ավելի երկար է, քան եվրոպական երկրների միջին ցուցանիշը։

Հաղորդվում է նաև, որ ադրբեջանական բանտերում պահվողների 16,8 տոկոսը գտնվում է նախնական կալանքի կենտրոններում։

Վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանում բանտարկյալների թիվը շարունակաբար աճում է․ եթե 2020-ին յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով ցուցանիշը 208,7 էր, ապա 2025-ին այն հասել է 270,6-ի։ Վրաստանի դեպքում ցուցանիշը նվազել է 2024-ի համեմատ, երբ այն կազմում էր 260,7՝ 100 հազար բնակչի հաշվով, մինչդեռ 2025-ի հունվարի 31-ի դրությամբ կազմել է 231,9։ Սա 2024-ի համեմատ 15,5 տոկոս անկում է։ Ընդհանուր առմամբ 2015-2025 թվականներին գրանցվել է 11 տոկոս նվազում։

Ադրբեջանում 2024-ին բանտարկյալների վրա ծախսված ընդհանուր գումարը կազմել է 113,8 միլիոն եվրո (132 միլիոն դոլար), իսկ Վրաստանում՝ 82,4 միլիոն եվրո (95,5 միլիոն դոլար)։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում