Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) կաշառքի մեղադրանքով ձերբակալել է գերատեսչության նախկին փոխղեկավար Լևան Ախոբաձեին։ Ախոբաձեին մեղադրում են 2024-ին անհայտ անձից 500 հազար լարի (188 հազար դոլար) կաշառք պահանջելու մեջ՝ Ռուսաստանի սահմանին առգրավված 40 միլիոն ռուբլի (560 հազար դոլար) չհայտարարված կանխիկ գումարի վերադարձը կազմակերպելու դիմաց։
ՊԱԾ-ի տվյալներով՝ Ախոբաձեն, ենթադրաբար, աջակցել է գումարի վերադարձին և դրա դիմաց ստացել 250 հազար լարի (95 հազար դոլար)։
Գերատեսչությունը պարզաբանել է, որ վրացական օրենսդրության համաձայն՝ Վրաստանի մաքսային սահմանով 100 հազար լարիից (38 հազար դոլար) ավելի կանխիկ գումարի չհայտարարված տեղափոխումը ենթադրում է տուգանք՝ գումարի արժեքի 10 տոկոսի չափով։
ՊԱԾ-ի հայտարարության համաձայն՝ անհայտ անձը դիմել էր Վրաստանի պետեկամուտների ծառայությանը՝ տուգանքը վճարելու և գումարը վերադարձնելու համար, սակայն մերժում էր ստացել։ Դրանից հետո Ախոբաձեն, ըստ մեղադրանքի, կապ է հաստատել այդ անձի հետ և խոստացել օգնել վերադարձնել գումարը՝ հնարավորություն տալով վճարել 10 տոկոս տուգանքը։
ՊԱԾ-ը պնդում է, որ Ախոբաձեն կրկին կապ է հաստատել այդ անձի հետ և պահանջել 500 հազար լարի (188 հազար դոլար) կաշառք։ Այդ ժամանակ ՊԱԾ-ի ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին, ըստ մեղադրանքի, պահանջել է այդ գումարի կեսը։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Ախոբաձեին սպառնում է 11-ից 15 տարվա ազատազրկում։
Ինքը՝ Լիլուաշվիլին, 2025-ի դեկտեմբերից կալանքի տակ է՝ կաշառքի մեղադրանքով։
Նա ձերբակալվել էր մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ կոռուպցիոն մեղադրանքներով, այդ թվում՝ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի, ինչպես նաև նախկին փոխնախարարների և այլ անձանց հետ։












