Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Կրեմլի հետ կապվող «Եվրասիա ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը Վրաստանում ստեղծել է «Ռուսաֆոբիայի մոնիթորինգի խորհուրդ» անվանումը կրող նախաձեռնություն։ Այս մասին հայտնել է ռուսական պետական Sputnik Georgia լրատվամիջոցը։ Խորհուրդը հավաքելու է տեղեկություններ «ռուսաֆոբիայի դրսևորումների» մասին՝ «Ռուսաստանի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածումից և պատմական իրադարձությունների խեղաթյուրումից մինչև լեզվի կամ էթնիկ պատկանելության հիմքով խտրականություն»։
«Եվրասիա ինստիտուտը» ղեկավարում է Գուլբաաթ Ռծխիլաձեն, որը երկար տարիներ հայտնի է իր ռուսամետ գործողություններով և հայտարարություններով։ 2022-ին Ռծխիլաձեն, ըստ տեղեկությունների, այցելել էր Ռուսաստանի կողմից օկուպացված Դոնեցկի շրջանն Ուկրաինայում և այն ժամանակ iFact վրացական մեդիային ասել էր, որ ինքը միակ վրացի լրագրողն է, որը եղել է այդ տարածքում։
Ինչպես հայտնում է Sputnik Georgia-ն, «խորհրդին կից ստեղծվում է նաև իրավաբանների խումբ, որը իրավական գնահատական կտա հայտնաբերված դեպքերին և անհրաժեշտության դեպքում կպատրաստի համապատասխան դիմումներ։ Մոնիթորինգի արդյունքները նախատեսվում է հրապարակել յուրաքանչյուր երեք ամիսը մեկ»։
Բացի այդ, խորհուրդը «հատուկ ուշադրություն է դարձնելու 2022-ի փետրվարից հետո արված հայտարարություններին և տեղի ունեցած իրադարձություններին», երբ Ռուսաստանը սկսեց Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժումը՝ նշելով, որ այդ ժամանակից ի վեր Վրաստանում «նկատելիորեն աճել է հակառուսական հայտարարությունների և գործողությունների թիվը»։












