Մայիսի 29-ին Աստանայում ընթացող Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում քննարկվում է Եվրոպական միության հետ մերձեցման համատեքստում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության թեման։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ նշելով, որ քննարկումների հստակ արդյունքները հայտնի կդառնան նեղ կազմով նիստի ավարտից հետո, և հավելել, որ հարցը, իր կարծիքով, կքննարկվի բարյացակամորեն, գրում է ՏԱՍՍ-ը։
Լեբեդևն ընդգծել է, որ խնդիրը դրված է սկզբունքայնորեն՝ կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ ԵՄ, քանի որ ԵՄ անդամակցության գործընթացը ձգվում է տարիներ, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից այժմ հնարավոր չէ երես թեքել։ Նա միաժամանակ փաստել է, որ այս պահին ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու մտադրություն ոչ ոք չունի, ինչի մասին հայտարարել են և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ բազմաթիվ այլ գործիչներ, հետևաբար համագործակցությունը կշարունակվի, իսկ ԵՄ-ի մասով ընթացքը ցույց կտա ժամանակը։
2025-ի մարտին Ազգային ժողովը երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի իր արտաքին քաղաքական վեկտորի հարցում։ Մայիսի 9-ին ՌԴ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ ԵՄ։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։












