Reuters-ը՝ հղում անելով արևմտյան հետախուզության ու պաշտոնյաների տվյալներին, գրել է, որ Ռուսաստանն ուժեղացրել է ջանքերը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը տապալելու համար։
Ըստ աղբյուրի՝ Մոսկվայի ծրագրերը ներառում են ապատեղեկատվական արշավներ և Ռուսաստանից շուրջ 100,000 հայ ընտրողների Հայաստան տեղափոխման սխեմա, որի արժեքը գնահատվում է մոտ 50 մլն դոլար, և որի համար մայիսի կեսերին Կրեմլի Ռազմավարական համագործակցության և գործընկերության վարչությունն արդեն քվոտաներ է սահմանել ՌԴ տարածղաշրջանների համար։
Թեև ՀՀ օրենքով արտերկրից քվեարկել չի թույլատրվում, և երկու երկրների միջև օրական տասնյակ չվերթներ կան, Reuters-ը չի կարողացել հստակեցնել՝ արդյոք այս ծրագիրն արդեն ընթացքի մեջ է և բավարար կլինի ընտրությունների ելքը փոխելու համար։
Նիկոլ Փաշինյանը, ով ըստ հարցումների առաջատարն է շուրջ 30% ցուցանիշով, վերջին շրջանում ջերմացրել է հարաբերությունները Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի հետ, հյուրընկալել ՆԱՏՕ-ի ղեկավարին և ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակային աջակցությունը։
Նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում ստորագրել է հանքանյութերի և տարածաշրջանային տրանսպորտային միջանցքի վերաբերյալ համաձայնագրեր, ինչը թուլացնում է ՌԴ ազդեցությունը, մինչդեռ Հայաստանը դեռ 2024-ին սառեցրել էր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Ի պատասխան այս ամենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժգոհություն է հայտնել։ Մոսկվան զգուշացրել է էժան գազի մատակարարման դադարեցման ռիսկերի մասին և սահմանափակել հայկական մրգերի, բանջարեղենի, ծաղիկների ու կոնյակի ներկրումը։
Ըստ արևմտյան պաշտոնյաների՝ Մոսկվայի նախընտրելի թեկնածուն միլիարդատեր Սամվել Կարապետյանն է, ում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հարցումներով ունի ընդամենը 6% վարկանիշ, և ով այժմ տնային կալանքի տակ է իշխանությունը տապալելու կոչերի մեղադրանքով։
Կարապետյանն ու նրա փաստաբանը հերքում են ռուսական աջակցության մասին տեղեկությունները։
Սույն հրապարակմանն արձագանքելով՝ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Reuters-ի տեղեկությունները կեղծ են և պարունակում են հակառուսական հռետորաբանություն։
Հայաստանի կառավարության տեղեկատվական դեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել կոնկրետ մեղադրանքները՝ նշելով միայն, որ քայլեր են ձեռնարկվում ապատեղեկատվության դեմ պայքարելու և ազատ ու թափանցիկ ընտրություններ ապահովելու ուղղությամբ։











