Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև ընտրություն կատարելու մասին կմտածի միայն այն ժամանակ, երբ հարցը կտրուկ դրվի օրակարգում։ Այս մասին ռուսական Վեստիին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի առջև ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չկա։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը հաշվարկել է տնտեսությանը հասցվելիք հնարավոր վնասը՝ ԵԱՏՄ-ի հետ կապերի կրճատման կամ խզման դեպքում, Գրիգորյանը նշել է, որ նման հաշվարկների անհրաժեշտություն այս փուլում չեն տեսնում։
«Երբ բանը հասնի նրան, որ այդ հարցը կտրուկ դրվի, այն ժամանակ էլ հարցի շուրջ կլինի հստակություն, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Հիմա մենք պարզապես նման սցենար չենք դիտարկում։ Մեր առջև Եվրասիական տնտեսական միության հետ կապերը խզելու հարց չի դրվել։ Հետևաբար, հաշվարկներ անելու որևէ անհրաժեշտություն մենք այս պահին չենք տեսնում»,- հայտարարել է Գրիգորյանը։
Անդրադառնալով դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման գործընթացում վերջերս առաջացած խոչընդոտներին՝ փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ դրանք կրում են տեխնիկական բնույթ: Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում հայ-ռուսական ապրանքաշրջանառության վերաբերյալ կանխատեսումներ կամ վերլուծություններ անելն անիմաստ է։
«Համապատասխանաբար, ապրանքաշրջանառության վերաբերյալ որևէ վերլուծություն անելու իմաստ ես պարզապես չեմ տեսնում, և հուսով եմ, որ այն խնդիրները, որոնք հիմա ծագում են դեպի Ռուսաստան ապրանքների տեղաշարժի հետ կապված, տեխնիկական են և շուտով կվերանան»,- նշել է նա։
Հարցազրույցի ընթացքում Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երկրի հարստանալու քաղաքականության վերաբերյալ հայտարարությունները՝ նշելով, որ լիովին համակարծիք է կառավարության ղեկավարի հետ։
«Իհարկե, ես կիսում եմ Հայաստանի վարչապետի կարծիքը: Դա ըստ սահմանման այդպես է։ Թե ինչպես կհարստանա, ինչ կլինի, ինչպիսին կլինեն հոսքերը՝ դա երկար խոսակցության թեմա է։ Հիմա ինձ համար դժվար կլինի ոտքի վրա պարզապես ռեպլիկով պատասխանել այդ հարցին»,- ասել է փոխվարչապետը։
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի իր արտաքին քաղաքական վեկտորի հարցում։ Մայիսի 9-ին ՌԴ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ ԵՄ։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։
2025-ի մարտին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։












