Գլխավոր Լրահոս

Կաթողիկոսը քաղաքական ուժերին կոչ է անում զերծ մնալ ատելության խոսքից

Կաթողիկոսը քաղաքական ուժերին կոչ է անում զերծ մնալ ատելության խոսքից

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ ատելության խոսքից, իսկ իրավապահ համակարգին՝ ապահովել քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ Արարատյան շաբաթվա առիթով իր ուղերձում եկեղեցու առաջնորդը միաժամանակ արձանագրել է երկրում տիրող ներքաղաքական ճգնաժամն ու հասարակության պառակտվածությունը՝ մեղադրելով գործող իշխանություններին Եկեղեցու կանոնակարգերին միջամտելու և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումներ կիրառելու մեջ։

«Փառաբանական աղոթքով առ Բարձրյալն Աստված հունիսի 1-ին մուտք ենք գործում Արարատյան տոների շաբաթ, որն առանձնահատուկ կարևորություն ունի ազգային-եկեղեցական մեր կյանքում։ Հանդիսավոր թափորներով և Սուրբ Պատարագների արարողություններով, երկրպագության նպատակով սրբերի մասունքների դուրս բերմամբ հիշատակելու ենք Սուրբ Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերի մարտիրոսությունը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից, Հայոց մեծ դարձը և Տրդատ արքայի հրովարտակով Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակումը։ Արարատյան շաբաթվա ավարտին՝ հունիսի 7-ին, նշելու ենք տոնը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի, որը վեր խոյացավ հայոց հողի վրա 1725 տարի առաջ Աստվածորդու լուսավոր էջքով։

Պատմական այս իրադարձություններով, Սուրբ Էջմիածնով հայոց ազգը արժանացավ Աստծո ընտրյալ ժողովուրդ լինելու երկնային շնորհին, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ ամրակուռ հիմքն ու առանցքը մեր լինելության ու հարատևության՝ համապատասխան սուրբգրային վկայության. «Դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. 2.9)։ Սուրբ Էջմիածինը հավերժական խորհրդով եղել է աշխարհասփյուռ իր զավակների հավատքը զորացնողը, հույսն առատացնողը, Քրիստոսանվեր ու հայրենանվեր կյանքի երաշխիքը, օրհասական պահերին հանձնառու եղել ամեն զոհողության՝ հանուն իր խնամքին հանձնված հոտի։ Սուրբ Էջմիածինը կրթական, մշակութային, հոգեմտավոր մեծագույն նվաճումների ներշնչարանն ու գրավականն է, անխորտակելի ամրոցը մեր ազգային ու հոգևոր ինքնության և առհավատչյան հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անխաթար պահպանության։ Սուրբ Էջմիածինը, ծանր փորձությունների միջով անցնելով, մնացել է աննկուն ու անխորտակելի՝ մշտապես լինելով անլռելի ու բարձրահունչ կոչնակը ազգի ու հայրենյաց շահերի և մեր ժողովրդի միաբանության։ Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնակատարումը, սիրելիներ, ամենքիս համար առիթ է վերստին վկայելու մեր սերն ու անդավաճան հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և Քրիստոսահաստատ հայոց հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածինը՝ համաձայն սաղմոսերգուի խոսքի. «Տե՛ր, սիրեցի Քո տան վայելչությունը և Քո փառքի բնակության վայրը» (Սաղմ. 25.8)։

Սուրբ Էջմիածնի տոնն այս օրերին, ցավոք, նշելու ենք մի իրավիճակում, երբ ծանր կորուստները խռովել են մեր ժողովրդի անդորրը, երբ հարվածներ են հասցվում մեր ժողովրդի ինքնության հիմքերին, աղճատվում հոգևոր և ազգային սրբազան խորհրդանիշերը։ Սուրբ Էջմիածնի տոնը նշելու ենք խորապես մտահոգող պայմաններում՝ պառակտված է մեր հասարակությունը, հայրենական անդաստանում սերմանվում են ատելություն, թշնամանք, անհանդուրժողություն ու անարդարություն, և իշխանությունների միջամտությամբ խեղվում են Եկեղեցու դարավոր կանոնակարգերը, հետապնդումների ու բռնաճնշումների են ենթարկվում մեր Սուրբ Եկեղեցին և եկեղեցասեր անձինք։ Այս դժվարին իրադրության մեջ Սուրբ Էջմիածնի լուսեղեն խորհուրդը մշտաբարբառ հրավեր է մեզ՝ ամուր կառչած մնալու քրիստոնեական մեր հավատքին, վերագտնելու ազգային ոգու տոկունությունը, հաղթահարելու ներազգային բաժանումները, բժշկելու վերքերը և վերականգնելու մեր ժողովրդի ներքին խաղաղությունն ու անդորրը։

Հունիսի 7-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնի նվիրական օրը, մեր երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրությունները։ Հայրապետիս հորդորն է ամենքիդ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին՝ ազգի և հայրենիքի շահերի բարձր գիտակցությամբ, լուսավոր գալիքի տեսիլքով և սերունդների նկատմամբ պատասխանատվությամբ, որպեսզի մեր երկրում գերակայի օրենքը, հարգվեն մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, տիրապետեն արդարությունն ու ճշմարտությունը, սերն ու համերաշխությունը և փոխադարձ հարգանքը՝ «դե՛ն գցելով ամեն չարություն, ամեն նենգություն, կեղծավորություններ, նախանձ և ամեն չարախոսություն»,- ինչպես պատգամում է առաքյալը (Ա Պետ. 2.1)։

Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ լինել ատելության խոսքից, դրսևորել զգոնություն ու շրջահայացություն և հեռու պահել մեր ժողովրդին հնարավոր անցանկալի զարգացումներից։ Մեր հորդորն է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովել արդար ընտրությունների անցկացման և մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության համար։

Հայց ենք բարձրացնում առ Աստված մեր հայրենիքի անսասանության ու վերազարթոնքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության համար։ Աղոթում ենք, որ Տիրոջ անբավ ողորմությամբ հայրենաբնակ մեր զավակների նոր ընտրությունը ծառայի միմիայն ի բարին, ի սեր ազգիս ապահով, խաղաղ և առաջընթաց կյանքի»,- ասված է կաթողիկոսի ուղերձում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում