Հայաստանում գազի մատակարարումների հետ կապված կարող է բարդ իրավիճակ ստեղծվել, սակայն Ռուսաստանը շահագրգռված չէ իրադարձությունների նման զարգացմամբ: Այս մասին Վեստիին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ըստ փոխվարչապետի՝ Հայաստանը փաստացի այլընտրանք չի ունենա ռուսական գազին, իսկ առանցքային հարցը լինելու է դրա մատակարարման երթուղին։
«Նրանց ընդամենը պետք է նայել քարտեզին, տեսնել, թե որ խողովակաշարերն են այնտեղ այժմ գործում։ Միանգամից կտեսնեն, թե ումից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30 տոկոս արտահանման տուրքը, հաշվի առնելով այն, որ դա լինելու է շուկայական գին։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ եկամտի իրենց բաժինը», - ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ նման սցենարի դեպքում գազը Հայաստանի համար կարող է թանկանալ տուրքերի, շուկայական գնի և միջնորդների մասնակցության պատճառով, ինչը երկրում կստեղծի շատ բարդ իրավիճակ, ինը, ըստ Օվերչունի՝ Մոսկվան չի ցանկանում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այժմ Երևանի օրակարգում չէ։
Այս շաբաթ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան գրավոր զգուշացրել է Երևանին Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում գազի, նավթամթերքի և ալմաստի վերաբերյալ համաձայնագրերի խզման ռիսկի մասին։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ Երևանն ի գիտություն է ընդունել Մոսկվայի նամակը գազի մատակարարման պայմանավորվածությունների հնարավոր վերանայման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հայաստանը մշտական կապ է պահպանում ռուս գործընկերների հետ, իսկ գազի մատակարարումների գծով աշխատանքային հարաբերությունները մնում են բնականոն։
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովն ավելի ուշ հայտարարել է, որ Մոսկվան շարադրել է իր դիրքորոշումը, սակայն Հայաստանից դեռևս պատասխան չի ստացել։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հիշեցրել է, որ Հայաստանը գազը ստանում է արտոնյալ գնով՝ 177,5 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ Եվրոպայի համար գինը կազմում է 633 դոլար։
Հայաստան ռուսական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի առանց մաքսատուրքի մատակարարումների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013-ին և վավերացվել 2014-ին։ Այն տարածվում է միայն ներքին սպառման ծավալների վրա և արգելում է վերաարտահանումը։
2025-ի մարտին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։












