Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աշխատել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում այնքան ժամանակ, մինչև Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։ Այս մասին հունիսի 1-ին տեսաուղերձով հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը անդամագրվելու համար, հետևաբար որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է։
«Մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է։ Ըստ էության հիմնավորումը չկա, այսինքն բալանսը ձևավորված չի։ Այսօր այդ ընտրությունը տեսական է, և տեսական ընտրությունը հանրաքվեի դնելը, իհարկե, այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ»,- ասել է վարչապետը։
Մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի արդյունքում ԵԱՏՄ անդամ չորս պետություն՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը համատեղ հայտարարություն էին հրապարակել, որով կարևորում են Հայաստանում հնարավորինս արագ համազգային հանրաքվեի անցկացումը՝ Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Փաշինյանը նշել է, որ Երևանն էականորեն կարևորում և զարգացնում է կապերը Մոսկվայի հետ, իսկ երկկողմ հարաբերությունները ներկայումս գտնվում են տրանսֆորմացիայի պոզիտիվ փուլում:
«Նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, և ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք»,- հայտարարել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները բաց են ու անկեղծ, և կողմերը «ոչ մի մութ անկյուն չեն պահել»։
Նա շեշտել է, որ մինչ այդ պահի հասունանալը, Հայաստանը կշարունակի «հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում», որտեղ դեռևս պոտենցիալ է տեսնում։
Վարչապետն այս հայտարարություններն արել է իր կողմնակիցներին ուղղված տեսաուղերձում՝ տեղեկացնելով նաև, որ նախընտրական քարոզարշավն այսօր ընթանալու է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի իր արտաքին քաղաքական վեկտորի հարցում։ Մայիսի 9-ին ՌԴ նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Հայաստանը պետք է որոշում կայացնի՝ մնա՞լ ԵԱՏՄ–ում, թե՞ քաղաքակիրթ ձևով ապահարզան պահանջել և գնալ ԵՄ։
Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։
2025-ի մարտին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել է ԵՄ-ին հանրապետության անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։












