ԵՄ-ն 50 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ ի պատասխան ռուսական սահմանափակումների

Եվրամիությունը Հայաստանին ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն կտրամադրի՝ ի պատասխան Ռուսաստանի տնտեսական սահմանափակումների՝ ապահովելով հայկական ապրանքների մուտքը եվրոպական շուկա և խթանելով տարածաշրջանային ենթակառուցվածքների վերաբացումը։ Այս մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում անընդունելի է որակել հայկական արտադրանքի նկատմամբ Մոսկվայի սահմանափակումները:
«Սա տնտեսական հարկադրանք է և անընդունելի է։ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին»,- X-ում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոպական հանձնաժողովից հայտնում են, որ ի հակակշիռ ռուսական արգելքների՝ ԵՄ-ն գործարկում է աջակցության նոր փաթեթ, որը կմեղմի գյուղմթերքի արտահանման ճգնաժամը: Առաջին գործնական քայլով վաղը Լատվիա կհասնի 10,000 հայկական ծաղիկներից բաղկացած խմբաքանակը, որին կհաջորդեն նոր մատակարարումներ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Եվրոպան Հայաստանը համարում է առանցքային ուղղություն եվրոպական բիզնեսի համար: 2024-ից ի վեր «Դիմակայունության և աճի պլանի» շրջանակներում ԵՄ ֆինանսավորումն արդեն աջակցել է 7,000 ձեռնարկության՝ նպաստելով ավելի քան 20,000 աշխատատեղի ստեղծմանը: Երկարաժամկետ կտրվածքով գերակա է մնում գագաթնաժողովում ձեռք բերված «Կապակցվածության գործընկերության» իրագործումը:
Տնտեսական կայունությունից զատ, առանցքային նշանակություն է տրվում աշխարհագրական ապաշրջափակմանը: Թուրքիայի և Վրաստանի տարածքով առևտրային և երկաթուղային ուղիների վերաբացումը ԵՄ-ն գնահատում է որպես լուրջ առաջընթաց, համարելով, որ այն թույլ կտա Հայաստանին վերածվել Եվրոպան, Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող ռազմավարական հանգույցի:
Ենթակառուցվածքների և սահմանային անցակետերի արդիականացման հարցերը կքննարկվեն հունիսի 23-ին կայանալիք Կապակցվածության պլատֆորմի նախարարական հանդիպմանը: Իսկ բոլոր ֆինանսական հոսքերի, ծրագրերի և նախաձեռնությունների անխափան իրականացումը վերահսկելու նպատակով ստեղծվում է ԵՄ-Հայաստան համատեղ հատուկ աշխատանքային խումբ:
Հայաստանի կառավարությունը շուրջ 2 մլրդ դրամ փոխհատուցում կտրամադրի ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողներին՝ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու նպատակով։ Համապատասխան նախագիծը հավանության է արժանացել կառավարության հունիսի 4-ի նիստին։
Կսուբսիդավորվի դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ նշված ապրանքների արտահանումը։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը կոշտացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի նկատմամբ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալն այժմ Երևանի օրակարգում չէ։
Այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանը շարունակում է սահմանափակել հայկական ապրանքների մուտքն իր շուկա։ Հունիսի 3-ից ժամանակավորապես արգելվել է Հայաստանից հնդավոր պտղատու մշակաբույսերի, սմբուկի, կարտոֆիլի և չրեղենի ներմուծումը ՌԴ, ինչպես նաև դրանց տարանցումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ այլ պետություններ։ Հունիսի 2-ից արգելվել է հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ երկու ընկերության։ Մայիսի 30-ից «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշմամբ սահմանափակվել է պտուղ-բանջարեղենի ներմուծումը։ Նախկինում նմանատիպ արգելքներ էին կիրառվել ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրի, ինչպես նաև մի քանի տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։











