Արամ Սարգսյանը հեռուստաբանավեճում հրաժարվեց հայտարարությունից և չի դիմի ԿԸՀ՝ արգելելու Կարապետյանի և Քոչարյանի ուժերի մասնակցությունը (թարմացված)

Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրավոր կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)՝ արգելելու Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքների մասնակցությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կուսակցությունների նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճում Արամ Սարգսյանը հայտարարեց, որ այդ հարցով դիմելու է ԿԸՀ՝ հաջորդելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին։
ԹԱՐՄԱՑՈՒՄ - Արամ Սարգսյանը ավելի ուշ բանավեճի ընթացքում հայտարարեց, որ «ՀՀ անկախությունը և խաղաղությունը վտանգված են, և սա իմ՝ ԿԸՀ դիմելու խնդիրը չէ, պարոն վարչապետ»։
Թեկնածուների բանավեճի ընթացքում գործող վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կրկնեց քարոզարշավի իր խոսույթը ընտրությանը մասնակցող «եռագլուխ հրեշի» մասին՝ նկատի ունենալով միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, երկրորդ նախագահի ղեկավարած «Հայաստան» դաշինքը և գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որոնք համարվում են ռուսամետ ուժեր։
«Դա եռագլուխ չի, բազմագլուխ է, և այդ հրեշի առնվազն երկու կուսակցություն արտաքին քաղաքական խոսույթ են կիրառում, դա միանշանակ փաստ է»,- ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ այդ արտաքին քաղաքական խոսույթը ազգային անվտանգության ռիսկեր է ներկայացնում։ «Այդ մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք պարոն վարչապետին, որ այդ կուսակցություններին չպիտի թույլատրել ընտրություններին մասնակցել»,- նշեց Սարգսյանը։
«Արձանագրում եք, որ այստեղ օտար պետությունների կոլաբորացիոնիստեր կան։ Ինչի՞ են նրանք մասնակցում ընտրությունների առհասարակ, ինչի՞ է թույլատրվել, որ օտարերկրյա պետությունների կոլաբորացիոնիստը,- որը արձանագրված է՝ պետական մարմինները այդ փաստերը ունեն,- մասնակցեն համապետական ընտրություններին»,- իր հերթին հայտարարեց բանավեճին մասնակցող Հայաստանի շնորհապետական կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը։
Արամ Սարգսյանն ասաց, որ դիմել է ԿԸՀ, բայց իրեն ասել են, որ Հայաստանում ԿԸՀ-ն Մոլդովայի ԿԸՀ-ի լիազորությունները չունի։ Մոլդովայում ԿԸՀ-ն անցյալ տարի ընտրության օրվանն ընդառաջ արգելել էր ռուսամետ ուժի մասնակցությունը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը չի ցանկանում ԿԸՀ-ին դիմել այդ հարցով և հետաքրքրվեց, թե արդյոք Սարգսյանը դիմել է։ Արամ Սարգսյանն ասաց, որ բանավոր է դիմել, ինչին ի պատասխան Փաշինյանը նրան խորհուրդ տվեց դիմել գրավոր ընթացակարգով։ «Հանրապետության» առաջնորդը պատասխանեց, որ վաղը կդիմի։
Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Արամ Սարգսյանը քաղաքական ուժերից մինչ այժմ միակն է, որ հայտարարել է՝ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական դաշինք կազմել։ Նա նաև հայտարարել է, որ ինքը պայքարում է Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Միջազգային հանրապետական ինստիտուտի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի՝ մայիսին իրականացրած հարցումների համաձայն՝ Կարապետյանի և Քոչարյանի ուժերը համապատասխանաբար զբաղեցնում են երկրորդ և երրորդ հորիզոնականները։
Կազմակերպություն
Իրադարձություն
Հասանելի է
english










