Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ՝ արգելելու «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունն ընտրություններին

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրավոր կդիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)՝ արգելելու Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Սարգսյանն ասել է Chibukhchyan Live-ի եթերում։
«Ես կդիմեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Տեսնենք ինչ կանեն, իրենց դատական համակարգն ընթացք կտա, թե էլի վարչապետը մեղքը կթողնի դատական համակարգի վրա, կասի՝ դե էդա, էդ ամեն ինչը բարեփախված չէ»,- ասել է Սարգսյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունն ընտրություններին արգելելու համար ԿԸՀ դիմելու առաջարկն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության եթերում կուսակցությունների նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճի ժամանակ։ Արամ Սարգսյանն ընդունել էր վարչապետի առաջարկը, սակայն բանավեճի ընթացքում մտքափոխվեց՝ հիմնավորելով, որ դա իր խնդիրը չէ։
«ՀՀ անկախությունը և խաղաղությունը վտանգված են, և սա իմ՝ ԿԸՀ դիմելու խնդիրը չէ, պարոն վարչապետ»,- ասել է Սարգսյանը։
Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ։ Արամ Սարգսյանը քաղաքական ուժերից մինչ այժմ միակն է, որ հայտարարել է՝ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ հետընտրական դաշինք կազմել։ Նա նաև հայտարարել է, որ ինքը պայքարում է Ռոբերտ Քոչարյանի դեմ։
Միջազգային հանրապետական ինստիտուտի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի՝ մայիսին իրականացրած հարցումների համաձայն՝ Կարապետյանի և Քոչարյանի ուժերը համապատասխանաբար զբաղեցնում են երկրորդ և երրորդ հորիզոնականները։











