Խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի հետ փոխկապակցված լրատվամիջոցի գրասենյակը

Իրավապահները կեսօրից խուզարկում են Armat Media-ի գրասենյակը։ Լրատվամիջոցը փոխկապակցված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ։
Armat Media-ի գլխավոր խմբագիր Նելլի Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խուզարկության ընթացքում իրավապահներն առգրավել են լրատվամիջոցի մոնտաժային բոլոր համակարգիչները։
«Վերցրել են բոլոր հեռախոսները, չորս մոնտաժային համակարգիչ։ Մենք կտրվում են տաղավարային հաղորդումներ հրապարակելու հնարավորությունից, կտրվում ենք յուրաքանչյուր տիպի բովանդակություն ստեղծելու հնարավորությունից։ Սա իշխանությունների պայքարն է ընդդեմ ազատ լրատվամիջոցի, ազատ խոսքի»,- ասել է Ավետիսյանը։
Իրավապահ մարմինների ծառայողները խմբագրության ներկայացուցիչներին են ներկայացրել դատարանի որոշում, ըստ որի՝ իրենք իրավունք ունեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի գործի շրջանակում Armat Media-ի խմբագրությունից առգրավել համակարգիչներ, կրիչներ և հեռախոսներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է լրատվամիջոցի խմբագիր Աղավնի Սուքիասյանը։
«Ուժեղ Հայաստան»-ի աջակից, «Մեր ձևով» ՀԿ հիմնադիր Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու մեղադրանքի հիման վրա։









