ԱԺ ընտրություններին մասնակցող 18 քաղաքական ուժից 7-ը պատասխանել են ՍիվիլՆեթի հարցաշարին՝ ներկայացնելով իրենց մոտեցումները Արցախի հարցի, Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, խաղաղության պայմանագրի, TRIPP նախագծի, Սահմանադրության փոփոխությունների, ԵՄ-ի հետ հարաբերությունների և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ։
Հարցումը գրավոր տարբերակով ուղարկել ենք մայիսի 6-ին։ Առ այսօր 11 քաղաքական ուժ չի ներկայացրել հարցման պատասխանը՝ չհայցելով օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետի երկարացում։
Ստորև ներկայացնում ենք հարցմանը արձագանքած քաղաքական ուժերի պատասխանները՝ համառոտ։
1․ Պաշտպանելո՞ւ եք արդյոք արցախցիների իրավունքները, այդ թվում՝ վերադարձի իրավունքը և մշակութային ժառանգության հարցը։
Հարցմանն արձագանքած բոլոր ուժերը հայտարարել են, որ աջակցում են արցախցիների իրավունքների պաշտպանությանը, վերադարձի իրավունքին և մշակութային ժառանգության պահպանմանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը նշել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնումը պետք է դառնա պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը՝ միջազգային հարթակներում հետևողական աշխատանքի միջոցով։ Դաշինքը նաև կարևորել է բռնի տեղահանված արցախցիների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Հայաստանում։
«Հայաստան» դաշինքը որդեգրելու է արցախցիների հավաքական վերադարձի իրավունքի միջազգայնացման քաղաքականություն, իսկ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը դարձնելու է արտաքին քաղաքական առաջնահերթություն։
Ազգային-ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) վերադարձի իրավունքը դիտարկում է որպես միջազգային իրավունքի անօտարելի նորմ և այն բարձրացնելու է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում։ Բևեռը նաև խոստացել է ֆինանսավորել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՈՄՈՍ-ի առաքելությունները՝ Արցախի մշակութային ժառանգությունը փաստաթղթավորելու համար։
«ԴՕԿ» կուսակցությունը հայտարարել է, որ վերադարձի հարցը համարում է առաջնային օրակարգային խնդիր։
«Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցը չի կարող մոռացվել կամ հետաձգվել, և խոսել է անվտանգ վերադարձի, արժանապատիվ կյանքի ու ինքնության պահպանման իրավունքի մասին։
«Նոր ուժ» կուսակցությունը նշել է, որ արցախցիների իրավունքները գոյություն ունեն անկախ քաղաքական ուժերի կամքից, և իրենք առնվազն չեն խոչընդոտելու այդ իրավունքների իրացմանը։
2․ Միջազգային դատական ատյաններում բարձրացնելո՞ւ եք արդյոք Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հարցը։
Քաղաքական ուժեր նշում են, որ շարունակելու են միջազգային ատյաններում բարձրացնել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հարցը։
«Հայաստան» դաշինքը խոստացել է հետևողականորեն բարձրացնել պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրավական պատասխանատվության հարցը։
ԱԺԲ-ն շարունակելու է գործընթացները Արդարադատության միջազգային դատարանում, Միջազգային քրեական դատարանում և ՄԻԵԴ-ում։
«Բարգավաճ Հայաստանը» նշել է, որ առանց միջազգային իրավական գնահատականի հնարավոր չէ կառուցել կայուն խաղաղություն։
«Ուժեղ Հայաստանը» նշել է, որ միջազգային դատական ատյանների գործիքակազմը կարող է քննարկվել ամբողջ գործընթացին ծանոթանալուց հետո։
«ԴՕԿ»-ը հայտարարել է, որ որպես զինվորականներ՝ քաջատեղյակ են կատարված հանցագործություններին։
«Նոր ուժը» հայտնում է, որ հարցի վերաբերյալ ավելի կոնկրետ գործողությունները կմշակվեն ոլորտում առկա վիճակի ավելի խոր ուսումնասիրության արդյունքում։
3․ Ինչպե՞ս եք հասնելու Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակմանը։ Բարձրացնելո՞ւ եք արդյոք այդ հարցը միջազգային ատյաններում։
Բոլոր ուժերը հայտարարել են, որ Ադրբեջանում պահվող հայերի վերադարձը առաջնահերթ հարց է։
«Բարգավաճ Հայաստանը» հայտարարել է, որ գերիների վերադարձը պետք է դառնա բոլոր բանակցային գործընթացների առանցքային կետերից մեկը։
«Ուժեղ Հայաստանը» կիրառելու է ինչպես դիվանագիտական, այնպես էլ անձնական հարաբերությունների ամբողջ պոտենցիալը։
«Հայաստան» դաշինքը հարցը բարձրաձայնելու համար օգտագործելու է թե՛ միջազգային գործիքակազմը, թե՛ բանակցային նոր տրամաբանությունը
ԱԺԲ-ն խոստացել է օգտագործել Կարմիր խաչի, ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի մեխանիզմները, ինչպես նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և Իրանի միջոցով դիվանագիտական ճնշում գործադրել։
ԴՕԿ կուսակցությունը նշել է, որ ամեն ինչ պետք է անել հայ պատանդների ազատ արձակմանը հասնելու համար՝ չհստակեցնելով,թե կոնկրետ ինչ։
4․ Խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ կստորագրե՞ք այնպիսին, ինչպիսին այն այսօր կա։ Եթե ոչ, ապա ի՞նչ եք առաջարկելու փոխել դրանում։
Խաղաղության պայմանագրի հարցում քաղաքական ուժերի մոտեցումները տարբեր են։
«Նոր ուժը» հայտարարել է, որ պայմանագիրը պետք է ստորագրել ներկայիս տեսքով։
«Հայաստան» դաշինքը պահանջելու է փաստաթուղթը համալրել գործուն միջազգային երաշխիքներով։
«Ուժեղ Հայաստանը» պատրաստ է ստորագրել հրապարակված տարբերակը՝ պայմանով, որ այն ունենա մեկից ավելի միջազգային երաշխավորներ։
ԱԺԲ-ն չի ստորագրի պայմանագիրը ներկայիս տեսքով և պահանջում է, մասնավորապես, գերիների ազատ արձակում, «Արևմտյան Ադրբեջանի» թեզից հրաժարում և «միջանցքային» տրամաբանության բացառում։
«ԴՕԿ»-ը նշել է, որ ներկայիս փաստաթուղթը խաղաղության պայմանագիր չէ, այլ Ադրբեջանի պահանջների իրականացում։
«Բարգավաճ Հայաստանը» նշել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա իրավական հստակություն, միջազգային երաշխիքներ և վերահսկողական մեխանիզմներ։
5․ Ի՞նչ դիրքորոշում ունեք TRIPP ծրագրի վերաբերյալ։ Հայաստանն արդյոք պե՞տք է տրամադրի ճանապարհ ըստ 2025-ի օգոստոսի հռչակագրի, թե՞ ոչ։
Քաղաքական ուժերը շեշտում են, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները պետք է մնան հայկական ինքնիշխանության ներքո։
ԱԺԲ-ն մերժում է ցանկացած «միջանցքային տրամաբանություն» Սյունիքով։
«Բարգավաճ Հայաստանը» զգուշացրել է, որ նախագիծը կարող է վերածվել «Զանգեզուրի միջանցքի» գործնականացման մեխանիզմի։
«Ուժեղ Հայաստանը» TRIPP-ը դիտարկում է որպես հնարավորություն, եթե այն չհակասի Հայաստանի ինքնիշխանությանը և չդառնա աշխարհաքաղաքական բախումների պատճառ։
«Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է մնան ՀՀ իրավազորության ներքո։
«ԴՕԿ»-ը հայտարարել է, որ Հայաստանը չպետք է իր սուվերեն տարածքից որևէ հատված տրամադրի այլ պետության։
6․ Նախաձեռնելո՞ւ եք արդյոք Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Եթե այո, ապա այն ներառելո՞ւ է Անկախության հռչակագրի հեռացումը նախաբանից։ Սահմանադրության դրույթների ի՞նչ այլ առանցքային փոփոխություններ եք ձեռնարկելու։
Քաղաքական ուժերը դեմ են Անկախության հռչակագրի հեռացմանը Սահմանադրության նախաբանից։
«Հայաստան» դաշինքը առաջարկում է վերացնել գործադիրի գերկենտրոնացված իշխանությունը և անցնել նախագահի ուղղակի ընտրության համակարգի։
«Ուժեղ Հայաստանը» նախատեսում է փոփոխել միայն կառավարության անդամներին ներկայացվող պահանջները և դատական համակարգի անկախությանը վերաբերող դրույթները։
ԱԺԲ-ն առաջարկում է անցումային արդարադատության մեխանիզմներ և Հայ Առաքելական եկեղեցու սահմանադրական ինքնավարության ամրապնդում։
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը փոխելու է միայն Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ կետը՝ վերացնելով ընտրությունների երկրորդ փուլի պահանջը։
«ԴՕԿ»-ը կողմ է կիսանախագահական կառավարման համակարգին։
«Նոր ուժն» առաջարկում է սահմանափակել երկրի ղեկավարի պաշտոնավարման ժամկետները առավելագույնը երկու ժամկետով։
7․ Աջակցո՞ւմ եք արդյոք Հայաստանի ԵՄ հետագա անդամակցության հեռանկարին։
Գրեթե բոլոր ուժերը հայտարարել են, որ կողմ են ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, սակայն տարբեր շեշտադրումներով։
«Ուժեղ Հայաստանը» նշում է, որ պետք է խորացնի իր հարաբերությունները Եվրոպական Միության հետ։
«Հայաստան» դաշինքը կողմ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը՝ միաժամանակ կարևորելով հարաբերությունները այլ ուժային կենտրոնների հետ։
ԱԺԲ-ն աջակցում է ԵՄ-ի հետ համագործակցությանը, սակայն մերժում է «Արևելքի և Արևմուտքի միջև ընտրությունը»։
«Բարգավաճ Հայաստան»-ը ԵՄ-ն դիտարկում է որպես կարևոր գործընկեր տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացման հարցերում, սակայն նշում է, որ այն չի կարող ապահովել Հայաստանի անվտանգային երաշխիքները։
«Նոր ուժ»-ը հայտարարել է, որ իր ծրագրի առաջնային դրույթներից է եվրոպականացումը և հնարավորինս խոր ինտեգրացիան եվրոպական կառույցների հետ։
8․ Պատրաստվո՞ւմ եք արդյոք մեծացնել Հայաստանի պաշտպանական ծախսերը։ ՀՆԱ-ի քանի՞ տոկոսի չափ եք նախատեսում ավելացնել ռազմական ծախսերը և ի՞նչ ժամկետում։
Բոլոր հիմնական ուժերը հայտարարել են, որ պատրաստվում են մեծացնել պաշտպանական ծախսերը։
«Ուժեղ Հայաստանը»-ը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարիներին պաշտպանության բյուջեն ավելացնելու է, սակայն առանց հավելյալ թվերի հրապարակման։
«Հայաստան» դաշինքը խոստացել է ավելացնել ռազմական ծախսերը՝ դրանք ուղղելով բանակի տեխնոլոգիական վերազինմանը և ռազմարդյունաբերությանը։
ԱԺԲ-ն առաջարկում է պաշտպանական բյուջեն հասցնել ՀՆԱ-ի 6-8 տոկոսի՝ 24-36 ամսվա ընթացքում։
«Բարգավաճ Հայաստան»-ը նպատակահարմար է համարում միջնաժամկետ հեռանկարում պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3-4 տոկոսի։
«ԴՕԿ»-ը հայտարարել է, որ բանակի ոլորտում ունի լայնածավալ բարեփոխումների ծրագիր, սակայն չի նշել, թե ինչ բարեփոխումների մասին է խոսքը։












