Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մշակել է օրինագիծ, որով քրեականացվում են Վրաստանի քաղաքացիների և օտարերկրացիների միջև կնքված «կեղծ ամուսնությունները»։ Փոփոխություններով նախատեսվում է նաև վերանայել օտարերկրյա ուսանողների համար գործող կանոնները, ինչպես նաև հնարավորություն տալ, որ հանցագործության համար դատապարտված օտարերկրացիների պատժի մնացած մասը փոխարինվի Վրաստանից արտաքսմամբ և երկիր մուտք գործելու արգելքով։
ՆԳՆ-ն հայտնել է, որ մայիսի 8-ին հրապարակված օրինագծի նպատակը միգրացիոն գործընթացների կառավարման «արդյունավետ մեխանիզմների ստեղծումն» ու պետական անվտանգության ամրապնդումն է։ Առաջարկվող փոփոխությունները կվերաբերեն օտարերկրացիների մասին օրենքին և մոտ մեկ տասնյակ այլ իրավական ակտերի։
Նախատեսվում է ներդնել կացության թույլտվության նոր տեսակ՝ Վրաստանի քաղաքացու ամուսնու կամ կնոջ կացության թույլտվություն, որը կտրամադրվի մինչև մշտական բնակության իրավունք ստանալը։ Միաժամանակ կխստացվեն ամուսնությունների հետ կապված կանոնները. կստեղծվի հանձնաժողով, որը կստուգի ամուսնության իրական լինելը՝ նախքան կացության թույլտվություն տրամադրելը։
Փոփոխություններով նաև քրեական պատասխանատվություն է սահմանվելու Վրաստանի քաղաքացու և օտարերկրացու միջև Վրաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով կնքված ամուսնությունների համար։ Պատիժը կարող է ներառել արտաքսում և երկիր մուտք գործելու երկուսից տասը տարվա արգելք, ինչպես նաև տուգանք, մեկից երկու տարվա տնային կալանք կամ մինչև երկու տարվա ազատազրկում։
Նախարարությունն առաջարկում է նաև ներդնել օտարերկրացիների ազատազրկման մնացած ժամկետը արտաքսմամբ և երկիր վերադառնալու արգելքով փոխարինելու մեխանիզմ։ Այս որոշումը չի տարածվի բարձր ռիսկային քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների վրա և կընդունվի Քրեակատարողական ծառայության խորհրդի կողմից։
Փոփոխությունների մեկ այլ խումբ վերաբերում է օտարերկրյա ուսանողներին։ Դրանց ընդունման դեպքում բուհեր և մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվող օտարերկրացիների համար կսահմանվեն լրացուցիչ պահանջներ, այդ թվում՝ լեզվի իմացությունը հաստատող վկայականի ներկայացում կամ Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից անցկացվող լեզվական քննության հանձնում։
«Այս կարգավորումը թույլ չի տա ուսանողներին ընդունվել օտար լեզվով իրականացվող ծրագրեր՝ առանց անհրաժեշտ լեզվական հմտությունների», - հայտարարել է նախարարությունը։
Բացի այդ, կառավարության որոշմամբ կսահմանվի Վրաստանի կրթական հաստատություններ ընդունվող օտարերկրյա ուսանողների առավելագույն քանակը։
Կրթական հաստատությունները պարտավոր կլինեն միասնական տեղեկատվական համակարգում մուտքագրել օտարերկրյա ուսանողների ընդունման, կարգավիճակի և այլ տվյալներ։ Այդ համակարգին հասանելիություն կունենան ՆԳՆ-ն, այլ նախարարություններ և Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը։
«Օտարերկրյա ուսանողների գրանցման կանոնները խախտելու դեպքում կրթական հաստատությունները կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Հնարավոր պատժամիջոցների թվում են տուգանքները, օտարերկրյա ուսանողների ընդունման սահմանափակումը և նույնիսկ հավատարմագրման չեղարկումը», - նշել է նախարարությունը։
Փոփոխությունները կանդրադառնան նաև ուսման նպատակով տրամադրվող կացության թույլտվություններին։ Մասնավորապես, կհստակեցվի, որ դիմորդները պետք է լինեն չափահաս, ինչպես նաև կսահմանվեն թույլտվության չեղարկման հիմքերը՝ ակադեմիական պահանջները չկատարելը, աշխատանքի պայմանների խախտումը կամ օրենքով սահմանված ժամկետով Վրաստանում չգտնվելը։
Փաթեթում ներառված են նաև դատական վարույթներին վերաբերող փոփոխություններ։ Դրանք նախատեսում են բողոքարկման ավելի կարճ ժամկետներ, գործերի արագացված քննություն և որոշ դեպքերում՝ գործերի քննում առանց բանավոր լսումների։
Բացի այդ, «ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու և այն կանխելու» նպատակով ՆԳՆ միգրացիայի վարչությանը կտրվեն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորություններ։
Վերջին ամիսներին Վրաստանի իշխանություններն ավելի հաճախ են խոսում, այսպես կոչված, ապօրինի միգրացիայի սահմանափակման անհրաժեշտության մասին։ Փետրվարին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ այդ հարցը հասարակության համար առանձնահատուկ մտահոգության առարկա է։
Խոսելով կառավարության քայլերի մասին՝ Կոբախիձեն պնդել էր, որ ՆԳՆ միգրացիայի վարչությունը «վերջին մեկ տարում արտաքսել է ավելի շատ ապօրինի միգրանտների, քան նախորդ տասը տարիների ընթացքում միասին վերցրած»։ Նրա խոսքով՝ թեև դեռ շատ բան կա կատարելագործելու, կառավարությունը նախատեսում է ուժեղացնել միգրացիայի վարչությունը, որպեսզի մի քանի տարվա ընթացքում Վրաստանը «ամբողջությամբ ազատվի» ապօրինի միգրանտներից։
Կոբախիձեի գնահատմամբ՝ Վրաստանում կա շուրջ 20 հազար ապօրինի միգրանտ, ինչը կազմում է երկրում բնակվող 257 հազար օտարերկրացիների մոտ 7,8 տոկոսը և ընդհանուր բնակչության շուրջ 0,5 տոկոսը։ Վիճակագրության ազգային ծառայության 2025-ի հունիսի նախնական մարդահամարի տվյալներով՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3 միլիոն 914 հազար մարդ։
Փոփոխությունների հրապարակման օրը թեմային անդրադարձել է նաև խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Նա կրկին քննադատել է Եվրամիությանը՝ հայտարարելով, որ Բրյուսելը միգրացիոն գործընթացները կառավարել է «անպատասխանատու կերպով» և զգուշացրել, որ ԵՄ-ում կանոնների խստացման պայմաններում միգրացիոն որոշ հոսքեր կարող են ուղղվել դեպի Վրաստան։
«Ուստի կարևոր է, որ մի կողմից լուծենք առկա խնդիրները, մյուս կողմից՝ օրենսդրական տեսանկյունից պատրաստ լինենք հնարավոր նոր միգրացիոն գործընթացներին», - ասել է նա։
Վրաստանի խորհրդարանը միգրացիային վերաբերող նախորդ փոփոխություններն ընդունել էր 2025-ի հունիսին։ Դրանք հիմնականում վերաբերում էին իրավախախտումներ կատարած կամ թույլատրված ժամկետից ավելի երկար երկրում մնացած օտարերկրացիներին, ինչպես նաև ապաստան ստանալու ընթացակարգերին։
Այլ փոփոխություններով Վրաստանում մշտական բնակության իրավունք չունեցող օտարերկրացիների համար պարտադիր է դարձել աշխատանքի թույլտվություն ստանալը։ Միաժամանակ զգալիորեն սահմանափակվել է նրանց աշխատանքը տաքսիի և առաքման ծառայությունների ոլորտներում։












