Գլխավոր Լրահոս

Հարավային Օսիայի վարչապետը հրաժարական է տվել. նրան կարող է փոխարինել Ռուսաստանից եկած պաշտոնյան

ձախից՝ Ջամբոլատ Տադտաևը, աջից՝ Մարատ Կամբոլովը

ձախից՝ Ջամբոլատ Տադտաևը, աջից՝ Մարատ Կամբոլովը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Հարավային Օսիայի վարչապետ Ջամբոլատ Տադտաևը հրաժարական է տվել, ինչից հետո պաշտոնանկ է արվել նաև կառավարությունը։ Տեղեկություններ են շրջանառվում, որ նրան կարող է փոխարինել Հյուսիսային Օսիայի պաշտոնյա Մարատ Կամբոլովը, որը վերջերս նշանակվել էր Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևի խորհրդական։

Գագլոևի կայքում հրապարակված հրամանագրի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվել է շարունակել աշխատանքը մինչև նոր կազմի ձևավորումը։

The Moscow Times-ի փոխանցմամբ՝ Կամբոլովը Գագլոևի խորհրդական էր նշանակվել՝ Հարավային Օսիայի և Ռուսաստանի միջև ինտեգրացիոն համաձայնագրի իրագործումը համակարգելու նպատակով։

Համաձայնագիրը մայիսի կեսերին Մոսկվայում ստորագրել էին Գագլոևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այն նախատեսում է առևտրատնտեսական համագործակցության խորացում։ Այդ ժամանակ Գագլոևը հայտարարել էր, որ համաձայնագիրը «կդառնա օս ժողովուրդների վերամիավորման սկիզբը»։

Վրացալեզու Sova լրատվամիջոցի տվյալներով՝ Կամբոլովը ծնվել է Հյուսիսային Օսիայում և տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում։ Նա ղեկավարել է կրթության նախարարությունը, ազգային հարցերի և դաշնային հարաբերությունների նախարարությունը, ինչպես նաև եղել է Գիտության և նորարարությունների դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ։

Sova-ն, հղում անելով Vedomosti-ին, գրել է, որ Կամբոլովը դիտարկվում է որպես Հարավային Օսիայի վարչապետի գլխավոր թեկնածու՝ չնայած այն հանգամանքին, որ գործող օրենսդրությամբ այդ պաշտոնի հավակնորդը պետք է առնվազն տասը տարի անընդմեջ բնակված լինի Հարավային Օսիայում։ Լրատվամիջոցը նաև նշում է, որ Կամբոլովը կապված չէ Հարավային Օսիայի ազդեցիկ տոհմերից կամ ընտանիքներից որևէ մեկի հետ։

Մինչ նոր վարչապետի նշանակումը կառավարության ղեկավարի պարտականությունները կկատարի Տադտաևի առաջին տեղակալ Կոնստանտին Ջիոևը։

Տադտաևը վարչապետ էր նշանակվել փետրվարին, սակայն պաշտոնավարմանն անցել էր դեռ հունվարին, երբ Գագլոևը ցրել էր Կոնստանտին Ջուսոևի գլխավորած նախորդ կառավարությունը։

OC Media-ն չի օգտագործում «դե ֆակտո», «չճանաչված» կամ «մասնակի ճանաչված» ձևակերպումները Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի հաստատությունների կամ քաղաքական պաշտոնների մասին խոսելիս։ Սա դրանց կարգավիճակի մասին դիրքորոշում չէ և արվում է ընթերցումը հեշտացնելու նպատակով։

Կազմակերպություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում