Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Կառույցից նշում են, որ հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը):
Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Ժամեր առաջ մամուլում լուսանկարներ էին հրապարակվել, ըստ որի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 9-ին, «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։
ԲՀԿ մամուլի խոսնակ և պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանն այդրադառնալով այդ հրապարակումներին՝ պարզաբանել է, որ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3 օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։
«Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ-որ բան պետք է ճշտեն՝ Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են»,- ֆեյսբուքում գրել է Տոնոյանը։
Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մասնակցում էր 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Նախօրեին ԲՀԿ-ն կուսակցությունը դիմել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրապարակված տվյալների համաձայն ԲՀԿ-ն ստացել է 3,9 % քվե։ Կուսակցությունների համար խորհրդարան անցնելու շեմը 4%-է։
Ալեքսանդր Պրախտ











