Թուրքիայի իշխանամետ լրատվամիջոցներից Yeni Şafak-ը առանձին հոդվածով անդրադարձել է Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը և հիմնվելով իր աղբյուների վրա՝ պնդել, որ առաջիկայում՝ ամռան ամիսներին, դրական քայլեր են նախատեսվում կարգավորման գործընթացում։
Խոսքը անցակետերի/սահմանների բացման մասին է, որն, ըստ թերթի տեղեկությունների, առաջինը վերաբերելու է Ալիջանի (հայկական կողմից՝ Մարգարայի) անցակետին։ Հայաստանն ավարտել է դրա աշխատանքները, իսկ Թուրքիան այժմ պատրաստվում է կարճ ժամանակամիջոցում ամբողջացնել իր տարածքի աշխատանքները։ Դրանով երկու երկրների միջև փոխադարձ սահմանային անցումներ ու առևտուր կսկսվի՝ զուգահեռաբար շարունակելով Աքյաքայի (Հայաստան կողմից Ախուրիկ) անցակետի նախապատրաստական աշխատանքները, որն, ըստ թուրքական մամուլի, կարող է երկու երկրների միջև առևտրի ու կապուղիների նոր ցանցի հնարավորություն ստեղծել։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների գործընթացն արագացել է Հայաստանում խոհրդարանական ընտրություններում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությամբ, որը տարածաշարջանի խաղաղության և կարգավորման վերաբերյալ ուղերձներ հղեց, այդ թվում՝ Թուրքիային հասցեին։ Դա կրկին բոլորի ուշադրությունը ուղղեց երկու երկրների միջև սահմանների բացման թեմային», - գրում է թերթը, որից հետո հավեում, որ ընտրություններից առաջ էլ էր նախատեսվում, սակայն ընթացող զարգացումների պատճառով (նախընտրական քարոզարշավ) քայլերը հետաձգվեցին։
Թուրքական կողմում հույս ունեն Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացմամբ երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի։ Դա բավականին իրատեսական է համարվում հատկապես այն պարագայում, երբ ներկա փակ սահմանների պայմաններում Վրաստանի տարածքով իրականացվող ապրանքաշրջանառությունը տատանվում է 300-350 մլն դոլարի միջև։
Առաջիկայում Հայաստան-Թուրքիա հարաբերություններում դրական առաջընթացի մասին էր հայտարարել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրոզոյանը հունիսի 9-ին Ազգային ժողովում։ Նա հիշեցրել էր վերջին ժամանակներում երկու երկրների միջև ձեռք բերած պայմանավորվածությունները, որոնց համաձայն Հայաստանն ու Թուրքիան մաքսային տեսանկյունից ուղիղ առևտուր են անելու, ինչպես նաև Հայաստանը հասանելիություն է ստանալու Կարս-Ախալքալաք երկաթուղային ցանցին։










