Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Մոսկվայի Զամոսկվորեչյեի շրջանային դատարանը երկարաձգել է Հյուսիսային Կովկասում գործող Sapa Media լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ալինա Ջիկաևայի նախնական կալանքի ժամկետը։
Հունիսի 9-ին ընդունված որոշման համաձայն՝ լրագրողը կշարունակի մնալ կալանքի տակ առնվազն մինչև հուլիսի 9-ը։
Ջիկաևան ձերբակալվել էր 2026-ի ապրիլին՝ ոստիկանության աշխատակցին կաշառք տալու մեղադրանքով։ Քննչական կոմիտեի վարկածով՝ 2020-2025-ին Մախաչկալայի ոստիկանության աշխատակից Շամսուտդին Շամսուտդինովը նրան փոխանցել է Դաղստանում և Հյուսիսային Օսիայում օպերատիվ իրավիճակին վերաբերող տեղեկություններ, այդ թվում՝ քաղաքացիների անձնական տվյալներ։ Քննության տվյալներով՝ դրա դիմաց Ջիկաևան նրան վճարել է ավելի քան 250 հազար ռուբլի (մոտ 3,5 հազար դոլար)։
Ջիկաևան հերքում է մեղադրանքները։ Նրա ձերբակալությունից հետո Sapa-ի խմբագրությունը հայտարարել էր, որ մեղադրանքի ձևակերպումը հարցեր է առաջացնում, քանի որ լրատվամիջոցը հիմնադրվել է միայն 2023-ին, մինչդեռ քննությունը վերաբերում է իրադարձությունների, որոնք, ըստ մեղադրանքի, սկսվել են դեռ 2020-ին։
Կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննության ընթացքում պաշտպանական կողմը դատարանից պահանջել է փոխել խափանման միջոցը։ Փաստաբանները նշել են, որ Ջիկաևան երկու անչափահաս երեխաների մայր է։ Սակայն դատարանը գտել է, որ այդ հանգամանքները բավարար չեն նրան ազատ արձակելու կամ տնային կալանքի տեղափոխելու համար։
Ավելի վաղ լրագրողին աջակցություն էին հայտնել Հյուսիսային Կովկասի մեդիա համայնքի ներկայացուցիչները։ Նրա առաջին ձերբակալությունից հետո մի շարք տարածաշրջանային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ, ինչպես նաև Ռուսաստանի լրագրողների միության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավարը նրա օգտին անձնական երաշխավորություններ էին ներկայացրել։
«Պաշտպանության նախկին առաջին փոխնախարար Ռուսլան Ցալիկովին մեղադրում են յուրացման, փողերի լվացման և կաշառակերության հոդվածներով։ Նա տնային կալանքի տակ է՝ իր առանձնատանը։ Կարելի է պատկերացնել փոխնախարարի մակարդակի պաշտոնյայի կապերն ու հնարավորությունները, որի կարողությունը գնահատվում է 5,5 միլիարդ ռուբլի (77 միլիոն դոլար)։ Իսկ Ալինա Ջիկաևային մեղադրում են, որ նա մի քանի տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 250 հազար ռուբլի (3,5 հազար դոլար) կաշառք է տվել։ Ալինան երկու փոքր երեխա ունի, սակայն ռուսական դատարանի համար դա բավարար հիմք չէ խափանման միջոցը մեղմելու համար։ Մի՞թե տնային կալանքի դեպքում Ալինայի կողմից առաջացող դատավարական ռիսկերը՝ որպես երկու փոքր երեխաների մայր և առանց միլիարդների ու ազդեցիկ կապերի մարդ, ավելի մեծ են, քան բազմամիլիարդանոց ունեցվածք ունեցող և պետական պաշտպանական պայմանագրերին հասանելիություն ունեցած անձի դեպքում», - գրել է օս բլոգերը՝ անանուն։
«Եթե երկու փոքր երեխա ունենալը բավարար պատճառ չէ խափանման միջոցը մեղմելու համար մի կնոջ դեպքում, որը ոչ մեկին չի սպանել, ապա ես այլևս չգիտեմ, թե ինչ կարող է բավարար պատճառ լինել։ Մարդկայնությունը լքել է դատարանի դահլիճը», - դատարանի որոշմանն արձագանքելով՝ գրել է օս բլոգեր Ալիկ Պուխաևը։
Sapa Media-ն ներկայանում է որպես անկախ տարածաշրջանային լրատվամիջոց, որը լուսաբանում է Հյուսիսային Կովկասում իրադարձությունները։ Նախագիծը միավորում է Հարավային Օսիային և Հյուսիսային Կովկասին նվիրված մի շարք Telegram-ալիքներ։
Լրատվամիջոցի գլխավոր ալիքն ունի շուրջ 17 հազար բաժանորդ։ Այն նաև ղեկավարում է Կովկասի տարբեր տարածաշրջաններին և Հարավային Օսիային նվիրված առանձին ալիքներ, որոնց լսարանը տատանվում է հազարից մինչև 23 հազար բաժանորդի սահմաններում։












