Մանդատների բաշխումից մինչև նոր ընտրություններ. ԿԸՀ-ն 5 հնարավոր որոշումներն է ներկայացրել

Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները և կընդունի օրենքով սահմանված 5 հնարավոր որոշումներից մեկը։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից, ներկայացնելով հնարավոր որոշումները՝
1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.
2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.
3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:
«Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։ Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման համար (ինչպես նաև այն սուբյեկտների, որոնք ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)։ Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսով հանդես կգա»,- ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։
Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ է սկսվել։ Վերահաշվարկի արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Վերահաշվարկի արդյունքում պարզ կլինի արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանցնի Ազգային ժողով, թե ոչ։ Քվեների հաշվարկի նախնական արդյունքով ԲՀԿ-ն ստացել է 3,9 % քվե։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 %-ն է։











