Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Ռուսաստանի իշխանությունները քննարկում են միջոցառումներ, որոնք ուղղված են Հյուսիսային Կովկասի բնակչության «արժեքային հիերարխիայի» փոփոխությանը։
Առաջինն այս մասին հունիսի 9-ին հայտնել է ռուսական RBC-ն՝ հղում անելով նախագահական վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին, ինչպես նաև Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի տարածաշրջաններից մեկի հետ աշխատող դաշնային պաշտոնյայի։
Լրատվամիջոցի տվյալներով՝ նախաձեռնության նպատակն է «տեղական արժեքները» մոտեցնել համառուսական մակարդակում առաջ մղվող արժեքներին։ RBC-ի աղբյուրներից մեկի խոսքով՝ պաշտոնյաները աշխատում են երեք հիմնական ուղղությամբ։
Առաջինը վերաբերում է Ռուսաստանի պետական խորհրդանիշների, հատկապես պետական դրոշի, ավելի ակտիվ քարոզմանը։ Երկրորդը միտված է խրախուսելու, որ մարդիկ նախևառաջ իրենց ընկալեն որպես Ռուսաստանի քաղաքացիներ՝ միաժամանակ պահպանելով իրենց տարածաշրջանային և էթնիկ ինքնությունը։ Երրորդ ուղղությունը արմատականության մերժումն է։
RBC-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ միասնական ռուսական քաղաքացիական ինքնության ամրապնդումը կապված է Հյուսիսային Կովկասում զբոսաշրջության զարգացման, տնտեսական աճի և կենսամակարդակի բարելավման հետ։
Դաշնային պաշտոնյաներից մեկի խոսքով՝ տարածաշրջանային վարչակազմերի ղեկավարների տեղակալներին հանձնարարվել է ամրապնդել համառուսական քաղաքացիական ինքնությունը՝ «չվնասելով ազգային ինքնությանը»։ Նա հավելել է, որ դաշնային իշխանությունների կարծիքով՝ Ռուսաստանի հետ նույնականացումն ու տարածաշրջանային ինքնությունը միմյանց չեն հակասում։
Պետական կառույցներին մոտ աղբյուրի խոսքով՝ քննարկումները սկսվել են դեռ որոշ ժամանակ առաջ, սակայն առայժմ այն գաղափարների ամբողջություն է, որի վրա աշխատում են Կրեմլի ներքին քաղաքականության բլոկը, ինչպես նաև փորձագիտական կազմակերպությունները, այդ թվում՝ «Գիտելիք» ռուսական կրթական ընկերությունը և նախագահի լիազոր ներկայացուցիչների գրասենյակները։
Նույն աղբյուրը նշել է, որ պաշտոնյաների շրջանում տարածված է այն պատկերացումը, թե Հյուսիսային Կովկասի արժեքային համակարգը պահանջում է առանձնահատուկ մոտեցում։
Նախագահական վարչակազմում և դրան մոտ շրջանակներում ընդգծել են, որ քաղաքացիական ինքնագիտակցության ամրապնդումն առաջնահերթ խնդիր է Ռուսաստանի բոլոր շրջանների համար՝ առանց բացառության։
Մինչ այժմ պաշտոնապես չեն հրապարակվել ո՛չ ծրագրի իրականացման մեխանիզմները, ո՛չ էլ դրա ընդունման հնարավոր ժամկետները։
Կաբարդինո-Բալկարիայի ղեկավար Կազբեկ Կոկովը RBC-ին հաստատել է, որ շրջանում իրականացվում են համառուսական քաղաքացիական ինքնության ամրապնդմանն ուղղված քայլեր։
«Շեշտադրումն իսկապես դրա վրա է։ Եվ դա բացարձակապես ճիշտ է։ Մենք պետք է գնահատենք և սիրենք մեր երկիրը։ Ինձ համար դրանից բարձր արժեք գոյություն չունի», - ասել է նա։
Կոկովի խոսքով՝ Հյուսիսային Կովկասի երիտասարդները «շատ հայրենասիրական դաստիարակություն են ստանում», սակայն ինքնության մասին հարցին պատասխանելիս հաճախ առաջին հերթին նշում են իրենց ազգային պատկանելությունը։
Դաղստանցի ապագաղութացման ակտիվիստ և պատմաբան Շամիլ Աբդուլլահը OC Media-ին ասել է, որ նման քաղաքականությունը միտված է շրջանը «վերածելու անանուն ու անկենդան ռուսական գավառներից մեկի՝ դրանցում առկա բոլոր արատներով ու խնդիրներով»։
«Հաջորդ քայլը դաշնայնության մերժումն է, սահմանների անհետացումը՝ թե՛ քաղաքական, թե՛ մտավոր իմաստով։ Կարճ ասած՝ Պուտինին ստրուկներ են պետք, և նա մեր մեջ տեսնում է այդ ներուժը», - ասել է նա։
RBC-ն մեկնաբանության խնդրանք է ուղարկել Դաղստանի, Կարաչայ-Չերքեզիայի, Ինգուշեթիայի և Չեչնիայի ղեկավարներին, ինչպես նաև Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի գրասենյակին։ Հրապարակման պահին պատասխաններ դեռ չէին ստացվել։
2022-ին «Կովկասի իմաստներ» հետազոտական լաբորատորիայի գիտնականները, որոնց ղեկավարում էր Մոսկվայի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի դոցենտ Անտոնինա Սելեզնյովան, եկել էին այն եզրակացության, որ ռուսական Կովկասում հանրության մակարդակում ամենակարևոր արժեքը ավանդույթներն են, մինչդեռ պետական մակարդակում՝ պարտքը։
Ռուսաստանի կառավարության՝ ազգային քաղաքականությանը նվիրված տարեկան զեկույցի համաձայն՝ «համառուսական քաղաքացիական ինքնության» մակարդակը, որը սահմանվում է որպես Ռուսաստանի պետության և ռուս ժողովրդի հետ իրենց նույնացնող քաղաքացիների մասնաբաժին, 2025-ին հասել է 93,9 տոկոսի։ Միջէթնիկական հարաբերությունները դրական է գնահատել հարցվածների 84,2 տոկոսը։
Հյուսիսային Կովկասում ինքնության և պետական քաղաքականության հարցերը բազմիցս եղել են դաշնային իշխանությունների ուշադրության կենտրոնում։ 1990-ականների և 2000-ականների սկզբի զինված հակամարտություններից հետո Մոսկվան հետևողականորեն վարել է տարածաշրջանի հանրապետությունները Ռուսաստանի քաղաքական և իրավական համակարգում ավելի խորը ինտեգրելու քաղաքականություն։












