Ադամ Կադիրովին շնորհվել է «Չեչնիայի հերոս» կոչումը

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրվա առթիվ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին՝ Ադամ Կադիրովը, ստացել է «Չեչնիայի հերոս» կոչումը։ Մրցանակը նրան հանձնել է հայրը, հաղորդում է ռուսական պետական TASS գործակալությունը։
Չեչնիայի կառավարության նախագահ Մագոմեդ Դաուդովը հայտնել է, որ «Չեչնիայի հերոս» կոչումը Ադամ Կադիրովին շնորհվել է Ռամզան Կադիրովի հրամանագրով։ Որպես պարգևատրման հիմք նշվել են պետությանն ու ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունները, ինչպես նաև գործունեությունը՝ ի աջակցություն «հատուկ ռազմական գործողության», ինչպես Ռուսաստանում պաշտոնապես անվանում են Ուկրաինայի դեմ պատերազմը։
Դաուդովի խոսքով՝ պարգևը շնորհվել է Ադամ Կադիրովի հայրենասիրության, պատասխանատվության և նվիրվածության համար։ Նա նշել է, որ Ադամ Կադիրովի գործունեությունը վկայում է երկրի և ժողովրդի շահերին ծառայելու սկզբունքներին նրա հավատարմության մասին։
Սակայն Ադամ Կադիրովն այս նույն կոչումն արդեն ստացել էր 2023-ի հոկտեմբերին։ Այդ ժամանակ այդ մասին հայտարարել էր Չեչնիայի պատգամավոր Ադամ Դելիմխանովը։ Այն ժամանակ Կադիրովը 15 տարեկան էր։
Ադամ Կադիրովը Ռամզան Կադիրովի երրորդ որդին է։ 2023-ին նա լայն ուշադրության արժանացավ, երբ հրապարակվեց տեսանյութ, որտեղ նա Գրոզնիի քննչական մեկուսարանում ծեծում էր Նիկիտա Ժուրավելին։ Վերջինս մեղադրվում էր Ղուրանի օրինակը այրելու մեջ։ Տեսանյութի հրապարակումից հետո Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ հպարտանում է որդու արարքով։ Ռուսական քննչական մարմինները Ադամ Կադիրովի դեմ քրեական գործ չհարուցեցին։
Դրանից հետո Ադամ Կադիրովը ստացել է մի շարք պարգևներ Չեչնիայի և ռուսական տարբեր կառույցների կողմից։ Դրանց թվում է Ախմատ Կադիրովի շքանշանը, որը նրան շնորհվել է 2024-ի օգոստոսին։ Նա արժանացել է նաև այլ տարածաշրջանային պարգևների։
Վերջին տարիներին Ադամ Կադիրովը ղեկավարության հետ պարբերաբար մասնակցում է պաշտոնական միջոցառումների։ 2024-ին նա նշանակվել է Գուդերմեսում գործող ուժային կառույցների և ՕՄՕՆ-ի դպրոցի համակարգող, ինչպես նաև զբաղեցրել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
«Չեչնիայի հերոս» կոչումը հաստատվել է 2022-ին՝ տարածաշրջանի իշխանությունների նախաձեռնությամբ, և շնորհվում է Չեչնիայի համար կատարած ծառայությունների համար։ Կոչման առաջին կրողներից մեկը հենց Ռամզան Կադիրովն էր։ Հետագայում այն շնորհվել է նաև չեչենական ուժային կառույցների ներկայացուցիչների և Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի մասնակից զինվորների։
Կազմակերպություն
Թեմա











