Երևանի պետական համալսարանը պարզաբանում է տարածել վերջին օրերին բուհում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ՝ նշելով, որ դրանք պայմանավորված չեն առանձին անձանց, դեպքերի կամ ընթացիկ քաղաքական գործընթացների հետ։
Ավելի վաղ ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Անուշ Սեդրակյանը հայտարարել էր, որ ռեկտորատից ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարին տեղեկացրել են Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարելու մտադրության մասին։ Նա նաև պնդել էր, թե այդ ամենը կապված է իր քաղաքական հայացքների հետ, քանի որ նա մասնակցել է 2026-ի խորհրդարանական ընտրություններին՝ «Միասնության թևեր» կուսակցության ցուցակով։
Համալսարանի տարածած հայտարարության համաձայն՝ իրականացվող բարեփոխումները բխում են ԵՊՀ ռազմավարական առաջնահերթություններից, դրանց հիման վրա մշակված ծրագրերից և բարձրագույն կրթության ոլորտում ընթացող համակարգային փոփոխություններից։
ԵՊՀ-ն նշում է, որ կրթական և գիտահետազոտական ստորաբաժանումների խոշորացման գործընթացը սկսվել է դեռևս 2021-2022-ին։ Այդ ընթացքում միավորվել կամ խոշորացվել են ավելի քան տասը ամբիոններ։ Նույն մոտեցմամբ, ըստ բուհի, իրականացվել է նաև Ֆիզիկայի և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների միավորումը։
Համալսարանը նաև անդրադարձել է արտասահմանյան գրականության ամբիոնի շուրջ քննարկումներին՝ նշելով, որ այն ներկայում ԵՊՀ-ում ամենափոքր ուսումնական բեռնվածություն ունեցող ստորաբաժանումներից է։ Ըստ հաղորդագրության՝ ամբիոնն իրականացնում է մեկ մագիստրոսական ծրագիր, որտեղ սովորում է չորս ուսանող, մինչդեռ հումանիտար ուղղության մագիստրոսական ծրագրերի համար սահմանված նվազագույն շեմը տասը ուսանող է։
Միևնույն ժամանակ, ԵՊՀ-ն շեշտում է, որ մագիստրոսական կրթական ծրագիրը պահպանվելու է, իսկ քննարկվող փոփոխությունները վերաբերում են վարչական կառավարման մոդելի վերանայմանը և ռեսուրսների առավել արդյունավետ կազմակերպմանը։
Համալսարանը պարզաբանել է նաև արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Անուշ Սեդրակյանի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։ Ըստ ԵՊՀ-ի՝ 2026-ի փետրվարին ամբիոնի վարիչի մրցույթի համար սահմանված պահանջներին նրա թեկնածությունը չի համապատասխանել, այդ թվում՝ գիտական հրապարակումների չափանիշների մասով։
Բուհի փոխանցմամբ՝ ուսումնական գործընթացի անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով Սեդրակյանը նշանակվել է պաշտոնակատար մինչև ուսումնական տարվա ավարտը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին Սեդրակյանը տեղեկացված է եղել դեռևս ձմռանը, իսկ հարցը նախատեսվում է ներկայացնել Հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ուսումնական գործընթացի ավարտից հետո։












