Գլխավոր Լրահոս

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեք կալանավոր հացադուլի մեջ են մինչև 38 օր

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեք կալանավոր հացադուլի մեջ են մինչև 38 օր

Հայկ Ղազարյան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 2026-ի հունիսի 10-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում երեք կալանավորված անձինք, ի պատասխան ՍիվիլՆեթի գրավոր հարցման՝ հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Այսօրվա՝ հունիսի 15-ի դրությամբ, նրանց բողոքի ակցիան տևում է համապատասխանաբար 38, 34 և 12 օր։

Նախարարությունից նաև հայտնել են, որ կալանավորների բողոքի այս ծայրահեղ միջոցին դիմելու պատճառները կապված են նրանց նկատմամբ հարուցված քրեական գործերի հետ։

Թեև պատասխանում թվարկված են այն հոդվածները, որոնցով մեղադրանքներ են առաջադրվել հացադուլ հայտարարած երեք կալանավորված անձանց, չի հստակեցվում, թե կոնկրետ որ անձին որ հոդվածն է մեղսագրվում։ 

Ըստ այդմ՝ հացադուլ հայտարարած երեք կալանավորված անձինք մեղադրվում են ահաբեկչության (հոդված 308, մաս 1) և ահաբեկչության փորձի համար (հոդված 44-308, մաս 1), այսինքն՝ ըստ մեղադրանքի անձը քայլեր է ձեռնարկել ահաբեկչական ակտը կատարելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել։ 

Հացադուլավորներից մեկը նաև մեղադրվում է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործմամբ խուլիգանություն կատարելու համար(հոդված 297, մաս 1 և մաս 2, կետ 3)։ 

Գրավոր պատասխանի համաձայն՝ ցանկում ներառված են առանձնապես խոշոր չափերով կողոպուտի (հոդված 253, մաս 3, կետ 4) և մարդու թրաֆիքինգի կամ շահագործման (հոդված 188, մաս 1) վերաբերյալ մեղադրանքներ։ 

Բացի այդ, նշված անձանց մեղսագրվում է պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու արարք, որը կատարվել է գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև բռնություն գործադրելու միջոցով (հոդված 452, մաս 2 և 3), ինչպես նաև անձի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը կամ հարվածներ հասցնելու մեղադրանք կա առաջադրված (հոդված 195, մաս 1)։ 

Վերջապես, կա մեղադրանք նաև զենքով կամ հարմարեցված առարկայով այլ անձի առողջությանը ծանր և միջին ծանության վնաս հասցնելու մեղադրանքներ (հոդված 166, մաս 2, կետ 6 և 167-ի, մաս 2, կետ 8)։

«Հետք»-ի 2026-ի հունիսի 12-ի հրապարակման համաձայն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հունիսի 3-ից հացադուլի մեջ գտնվող կալանավոր Հարութ Աբրահամյանն ինքնավնասել է որովայնը, ինչի հետևանքով նրան 18 կար է տեղադրվել։ Ըստ այդ հրապարակման՝ կալանավորը հրաժարվում է դադարեցնել բողոքի ծայրահեղ միջոցը՝ չընդունելով իրեն առաջադրված մեղադրանքը և դժգոհելով նախաքննության ընթացքից ու իր նկատմամբ քննիչի կողմից կիրառված ենթադրյալ բռնությունից։ Հարութ Աբրահամյանի ձերբակալումն, ապա կալանավորումը կապված է 2026-ի մայիսի 3-ին Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ու դանակահարության հետ: Նրան մեղադրում են ավտոմեքենան կայանելու շուրջ ծագած վիճաբանության ու երկու քաղաքացու դանակահարելու համար: 

Պայմանները «Նուբարաշենում» և դիտորդների արձագանքը

Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի նախկին նախագահ Զարուհի Հովհաննիսյանը նշում է, որ դեռ 2022-ին հրապարակված լուսանկարներով բարձրաձայնել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների խնդիրները, ինչը, սակայն հանրային արձագանք չէր ստացել։

Նրա խոսքով՝ թեև իրականացվել են մասնակի վերանորոգումներ, հիմնարար խնդիրները պահպանվում են՝ խոնավություն, գարշահոտ, բնական լույսի բացակայություն, անսարք գույք և ջրամատակարարման խնդիրներ, ինչի հետևանքով հիմնարկը շարունակում է մարդկանց պահելու համար ոչ պիտանի մնալ։

Հունիսի 10-ին կալանքից ազատ արձակված արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը, որը 23 օր հացադուլի մեջ էր, նույնպես բարձրաձայնել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր բնորոշմամբ, առկա անմարդկային պայմանների մասին։

«Կանալիզացիայի հոտը սպանում ա: Դուռն ենք բացում՝ կանալիզացիայի հոտն ա գալիս, պատուհան ենք բացում աղբանոցի հոտն ա գալիս: Միակ տարբերակը, որ սիգարետն էնքան ծխենք, որ սիգարետի հոտով էդ հոտը խլացնենք: Ոնց որ մոխրամանում նստած լինենք»,- «Ազատության» հետ զրույցում նշել էր Օսիպյանը։

Անդրադառնալով հացադուլի մեջ գտնվող կալանավորների առողջական վիճակի վերահսկողությանը՝ արդարադատության նախարարությունը ի պատասխան ՍիվիլՆեթի հարցման, նշել է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների առողջական վիճակի վերաբերյալ հարցերի քննարկումը դուրս է քրեակատարողական ծառայության իրավասությունից։ 

Գերատեսչությունը պարզաբանել է, որ համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի առողջապահության նախարարությունն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում