Հայաստանից որոշ պարենային ապրանքների մատակարարումների նկատմամբ Ռոսսելխոզնադզորի սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա» թերթին ասել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
«Տվյալ դեպքում խոսքը բոլորովին այլ բանի մասին է»,- ասել է Դանկվերտը։
Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրն արտադրության և վերահսկողության կազմակերպումն է։ Մասնավորապես, Դանկվերտը մատնանշել է այն հանգամանքը, որ այնտեղ աշխատում են մեծ թվով մանր ֆերմերներ, որոնք աճեցնում և արտահանում են իրենց արտադրանքը։
«Բայց արտադրության և առաքման միջև փաստացի բացակայում է ներքին վերահսկողության և կոոպերացիայի համակարգը։ Հազարավոր կապ խոտաբույսեր հավաքվում են մեկ մեքենայի մեջ, որից հետո վերահսկող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալներ։ Ֆիզիկապես դա անհնար է»,- պարզաբանել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը։
Դանկվերտն ընդգծել է, որ արտադրանքի վերահսկողությունը պետք է իրականացվի անմիջապես արտադրության փուլում։ Նա հավելել է, որ, այդ թվում՝ համակարգի արդյունավետ աշխատանքի համար, անհրաժեշտ է կոոպերացիա, արտադրական վերահսկողություն, ինչպես նաև արտադրողների միավորումների պատասխանատվություն։
«Հենց դա է այսօր պակասում։ Դրա համար էլ սահմանափակումների պատճառները գտնվում են արտադրանքի որակի և անվտանգության տիրույթում, այլ ոչ թե քաղաքականության»,- նշել է նա։
***
Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ սկսել է կիրառել տնտեսական ճնշումներ՝ հերթով սահմանափակելով հայկական ապրանքների մուտքը իր շուկա։ Սահմանափակումները սկսվեցին Երևանում Եվրոպական համայնքի ու ԵՄ գագաթնաժողովների անցկացումից հետո։ Այդ օրերին Երևան էր այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդմիր Զելենսկին։ Ռուսական կողմը դրանից հետո սկսեց հայտարարել, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։












