Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026-ի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով, հայտնում են կառավարությունից։
«Հայաստանը ներկայացրել էր փաստարկներ, որոնցով հիմնավորել է, որ արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննության իրավազորությունը բացակայում է։ Միջազգային տրիբունալը բավարար հիմքեր է տեսել Հայաստանի կառավարության ներկայացված բոլորը փաստարկները վարույթի նախնական փուլում առանձին քննության առարկա դարձնելու համար։
Հայաստանի էական փաստարկներից է այն, որ Կարապետյանները չեն բավարարում համապատասխան միջազգային համաձայնագրով ամրագրված «ներդրող» հասկացության պահանջներին, ինչպես նաև խախտել են այդ համաձայնագրի 9(2)-րդ հոդվածի պահանջները։
Այս կարևոր որոշումը հնարավոր է դարձնում, որ միջազգային տրիբունալը շատ ավելի վաղ փուլում քննարկի իրավազորության հարցերը և ամբողջությամբ մերժի Հայաստանի դեմ ներկայացված բոլոր պահանջները»,- ասված է կառավարության հայտարարության մեջ:
ՀԷՑ-ի շուրջ վեճը սկսվեց այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հունիսի կեսերին հրապարակայնորեն պաշտպանեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գահընկեց անել։ Իր հայտարարությունից կարճ ժամանակ անց Սամվել Կարապետյանը կալանավորվեց, նրան մեղադրանք ներկայացվեց իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր անելու մեջ։ Դրանից օրեր անց կառավարությունը նախաձեռնեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված օրենսդրական գործընթաց և ստանձնեց ընկերության կառավարումը։
Հուլիսի 22-ին Ստոկհոլմի արտակարգ արբիտրը որոշեց կասեցնել ՀԷՑ-ի ազգայնացմանն ուղղված քայլերը՝ արգելելով ընկերության կառավարման փոփոխությունները, նոր տնօրենների նշանակումները և այլ միջամտությունները։
Միաժամանակ, Հայաստանի կառավարությունը, այդ թվում վարչապետ Փաշինյանը, շարունակաբար հայտարարում են, թե ՀԷՑ-ի նկատմամբ քայլերն ուղղված են էլեկտրամատակարարման որակի բարելավմանը։ Փաշինյանը ակնարկել է, որ ՀԷՑ-ի կառավարման իրավունքը հնարավոր է փոխանցվի մասնավոր օպերատորին, ինչպես դա արվել է օրինակ ջրամատակարարման ոլորտում։












