Գլխավոր Լրահոս

Վրաստանը Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ պատժամիջոցների վերաբերյալ հայտարարության պատճառով

Վրաստանը Մեծ Բրիտանիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ պատժամիջոցների վերաբերյալ հայտարարության պատճառով

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդին հրավիրել է նախարարություն՝ միջազգային պատժամիջոցների և դրանց պահպանման վերաբերյալ հարցերը քննարկելու համար։ Սրան նախորդել էր Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարությունը, ըստ որի՝ Լոնդոնի պատժամիջոցների ցուցակում ներառված, ռուսական «ստվերային նավատորմի» նավերից մեկը 2026-ին մուտք է գործել վրացական նավահանգիստ։

Ուորդը նախարարություն է հրավիրվել հունիսի 17-ին։ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նա հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ։

Հանդիպման ընթացքում նախարարությունը դատապարտել Վրաստանի կողմից միջազգային պատժամիջոցների պահպանման թեմայի շուրջ «շարունակվող շահարկումներ»՝ ընդգծելով, որ Թբիլիսին երբևէ չի խախտել այդ սահմանափակումները։

Խոսքը վերաբերում էր Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածած հայտարարությանը, որում նշվում էր՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթում ներառված է Silvar նավը «տարվա սկզբին մուտք է գործել վրացական նավահանգիստ»։

Թբիլիսին համարում է, որ այդ շեշտադրումը «ամրապնդում է թյուրըմբռնումները և միտումնավոր վնասում Վրաստանի շահերին»։

«Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը շեշտել է, որ դեսպանատան հայտարարության մեջ Վրաստանին հիշատակելն անընդունելի է, հատկապես հաշվի առնելով, որ նավի մուտքի և Վրաստանում գործունեության ընթացքում դրա նկատմամբ որևէ միջազգային պատժամիջոց չէր կիրառվում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

ԱԳՆ-ն նաև նշել է, որ Վրաստան մուտք գործելուց ընդամենը մի քանի շաբաթ առաջ Silvar-ը ստուգում էր անցել Դանիայում՝ նավահանգստային վերահսկողության շրջանակում, սակայն չէր կալանավորվել, ինչը, ըստ նախարարության, հաստատում է միջազգային ծովային անվտանգության և տեխնիկական վերահսկողության պահանջներին դրա համապատասխանությունը։

Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարությանը արձագանքել է նաև Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը՝ նշելով, որ «անհասկանալի է, թե ինչու է բրիտանական դեսպանատան տարածած տեղեկատվության մեջ հիշատակվել Վրաստանը»։

«Նավը Կուլևիի նավահանգստում գտնվել է 2026-ի փետրվարին։ Վրաստան մուտք գործելու և այստեղ գործունեություն ծավալելու պահին այն ո՛չ Մեծ Բրիտանիայի, ո՛չ Եվրամիության, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ չէր»,- նշել է գործակալությունը։

Միաժամանակ, վրացական հետաքննական iFact հարթակը փետրվարին հայտնել էր, որ նավը վրացական հատված է մտել հունվարի 30-ին, երբ արդեն ընդգրկված էր Ուկրաինայի պատժամիջոցների ցուցակում։

Հարթակի տվյալներով՝ Silvar-ը Կուլևիի նավահանգստում բեռնաթափել է մինչև 24 հազար տոննա նավթ և նավթամթերք։

Մինչև դեսպանատան հայտարարությունը հայտնի էր դարձել նաև, որ հունիսի 14-ին բրիտանական իշխանությունները Լա Մանշի նեղուցում կանգնեցրել են Smyrtos նավթատարը, որը համարվում է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս։

Ավելի ուշ հաղորդվեց, որ նավի անձնակազմի կազմում էր նաև Վրաստանի երեք քաղաքացի։

Հղում անելով բրիտանական իշխանություններին՝ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտնել է, որ ձերբակալված անձանց առողջությունն ու ապահովությունը վտանգված չեն։

Միևնույն ժամանակ, գործակալությունը նշել է, որ նավթատարը կապված չէ Վրաստանում գրանցված կամ ճանաչված նավատիրական որևէ ընկերության հետ։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում