Գլխավոր Լրահոս

Քոչարյանը հնարավոր է համարում իշխանափոխությունը՝ զուգահեռ անցկացնելով 2017-ի հետ

Քոչարյանը հնարավոր է համարում իշխանափոխությունը՝ զուգահեռ անցկացնելով 2017-ի հետ

Սիրանուշ Ադամյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում Հայաստանում իշխանափոխությունը՝ չնայած հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակին։ Մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում, որ հրապարակվել է ուրբաթ երեկոյան, Քոչարյանը պնդում է, որ իշխանության փոփոխությունը հնարավոր է, եթե «որոշ հանգամանքներ իրար հանդիպեն»։

Քոչարյանը զուգահեռ է անցկացրել 2017-ի հետ, երբ Հանրապետական կուսակցության համոզիչ հաղթանակից մոտ ինը ամիս անց տեղի ունեցավ իշխանափոխություն։ Նա բերել է նաև Թունիսի օրինակը, որտեղ նախագահ Բեն Ալին 90 տոկոս ձայներով վերընտրվելուց մոտ մեկ տարի անց՝ զանգվածային բողոքի ալիքի ֆոնին, փախավ երկրից։ Քոչարյանն ընդգծել է, որ դա տեսական դատողություն չէ, սակայն իշխանափոխության համար, ըստ նրա, անհրաժեշտ է «վիճակը զարգացնել»։

Վերջերս «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր ընդդիմության համախմբման անհրաժեշտության և այդ կապակցությամբ հետընտրական հարթակ ստեղծելու մտադրության մասին։ Քոչարյանն ասել է, որ ընդդիմությունը կարող էր շատ ավելի ակտիվ համագործակցել դեռ մինչ ընտրությունները։ Նա հիշեցրել է, որ քարոզարշավի ընթացքում մյուս ուժերը որոշակիորեն հեռավորություն էին պահում իր դաշինքից, ինչը, ըստ նրա, այդ պահին արդարացված էր։ Համագործակցության արդյունավետությունը, ըստ Քոչարյանի, կախված է մի շարք հանգամանքներից։

Երկրորդ նախագահը կրկնել է ընտրակեղծիքների մասին իր մեղադրանքները՝ պնդելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» իրականում հավաքել է ձայների մոտ 40, ոչ թե պաշտոնապես հայտարարված 49,7 տոկոսը, իսկ «մնացածն ապահովվել է կեղծիքների միջոցով»։ 

Նա ընտրակաշառք է որակել ընտրությունների նախօրեին հարյուր հազարավոր թոշակառուների թոշակի բարձրացումը, ինչպես նաև քվեաթերթիկների և ստորագրությունների միջև մոտ 30,000 տարբերությունը, ինչը, ըստ նրա, ստուգվում է ցուցակների համեմատությամբ։ 

Քոչարյանը Փաշինյանի անցկացրած նախընտրական քարոզարշավը բնութագրել է որպես ատելության և պատերազմի սպառնալիքի վրա կառուցված։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 49,7 տոկոսը և 64 մանդատ՝ ինքնուրույն կառավարություն ձևավորելու հնարավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» դաշինքը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 29 մանդատով, իսկ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը՝ երրորդը՝ ձայների 9,9 տոկոսով և 12 մանդատով։ Դաշինքը հայտարարել է, որ արդյունքները բողոքարկելու է Սահմանադրական դատարանում։ 

Իր դեմ նոր գործի մասին

Հարցազրույցում Քոչարյանն անդրադարձել է նաև իր դեմ հարուցվող քրեական գործին։ Հունիսի 17-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց դատախազության միջնորդությունը՝ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Որպես «Հայաստան» դաշինքի ընտրացուցակն առաջնորդող թեկնածու՝ նա օգտվում է անձեռնմխելիությունից, ուստի քրեական վարույթ սկսելու համար անհրաժեշտ էր ԿԸՀ համաձայնությունը։ Ըստ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի՝ երկրորդ նախագահին սպասվում է մեղադրանք պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման համար՝ 2004-ին, Քոչարյանի նախագահության օրոք, կառավարության հաստատած գործարքի կապակցությամբ։  

Քոչարյանը գործն անվանել է աբսուրդ և կապել երկրից իր մեկնելու հետ՝ նշելով, որ ընդամենը երկու օրում «գործ է ստեղծվել»։ Ըստ նրա՝ ողջ մեղադրանքում նկարագրված իր միակ գործողությունը 2004-ին որպես նախագահ կառավարության որոշումը վավերացնելն է։ Նա շեշտել է, որ 1995-ի Սահմանադրությամբ նախագահը պարտավոր էր վավերացնել կառավարության որոշումները՝ առանց դրանց բովանդակության հետ առնչվելու, և որ չվավերացնելու ընթացակարգ ուղղակի գոյություն չուներ։ Քոչարյանի պնդմամբ՝ 1995-2007 թվականներին ինքը և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վավերացրել են կառավարության բոլոր որոշումները։

Դատախազությունը, ըստ փաստաբանի, գործը Քոչարյանին կապում է նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ, որը 2008-ին՝ հոր պաշտոնավարման ավարտից հետո, բաժնեմաս է ձեռք բերել գործարքին առնչվող ընկերությունում։ Խոսքը «Մաստեր Կլաս» թենիսային ակումբի տարածքի մասին է։ Քոչարյանը պնդել է, որ իր վավերացման և հետագա զարգացումների միջև որևէ կապ չկա։

Հունիսի 14-ին Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում արգելել էին լքել երկիրը, իսկ իշխանամետ լրատվամիջոցները տարածել էին, թե կանխվել է նրա «փախուստը»։ Քոչարյանը նշել է, որ ինքը կանոնավոր մեկնում է արտերկիր և ամեն տարի մի քանի անգամ բացակայել է Հայաստանից, իսկ իր եռօրյա ուղևորությունը նախապես հայտարարված էր։ Նա քննադատել է ԱԱԾ-ից տեսանյութերի արտահոսքը՝ այն որակելով անձնական կյանքին միջամտություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում