Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանը խուզարկում են, տեղեկությունը հաստատել են Քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,- հայտնել են կոմիտեից։
Խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ իր տան խուզարկությունն իրականացվել է նոր գործի շրջանակում, որը կապված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պահանջները չկատարելու հետ։
«Քննչական մեծ խմբով շենքը շրջափակել էին։ Խուզարկություն էին իրականացնում ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու վերաբերյալ անհասկանալի գործի շրջանակում։ Առգրավեցին տան զարդերը, կանխիկ գումար։ Սա հերթական ապօրինի գործընթացն է»,- ասել է Սաղաթելյանը։
Պատգամավորը հրավիրվել է հարցաքննության։ Նա դեռ կարգավիճակ չունի։












