Գլխավոր Լրահոս

258 միլիոնի արգելանք և 2 քրեական գործ՝ Իշխան Սաղաթելյանի դեմ

258 միլիոնի արգելանք և 2 քրեական գործ՝ Իշխան Սաղաթելյանի դեմ

Դատարանի որոշմամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի և նրա կնոջ՝ ավելի քան 258 մլն դրամի գույքի վրա արգելանք դնելուց հետո, նրանց նկատմամբ նախաձեռնվել է երկու քրեական վարույթ՝ արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքներ կատարելու և հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու հատկանիշներով։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Այսօր՝ հունիսի 23-ին, Իշխան Սաղաթելյանի բնակության վայրում և կնոջ երկու ավտոմեքենաներում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր։ 

«Քննչական կոմիտեում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026-ի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Ի.Ս.-ին և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել: Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 մլն 146 հզր 843 ՀՀ դրամի չափով պետք է արգելանք դնել Իշխան Սաղաթելյանին և Լ.Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:

Հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2026-ի փետրվարի 2-ին Իշխան Սաղաթելյանը հրաժարվել է ներկայացնել «Գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր»»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Կոմիտեցին նշում են, որ 2026-ի ապրիլի 28-ին Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք: Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք:

Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք հատկանիշներով:

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու հատկանիշներով: Նշված քրեական վարույթները միացվել են:

Հունիսի 23-ին Իշխան Սաղաթելյանի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում